
Միամտություն է կարծելը, որ արոտավայրերն օգտագործելուց հետո լավ վիճակում կհանձնեն մեզ. բուսաբան
Իրանցիներն արդեն գարնանը, ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի տարածքում` Սյունիքի մարզում, արածեցնելու են ոչխարներ: Բուսաբան Կարեն Աֆրիկյանը մտահոգված է այս առումով և տալիս է իր մասնագիտական գնահատականը.
«Ոչխարները դասվում են մանր եղջերավոր անասունների դասին, որոնք, ի տարբերություն խոշորների, խոտն ուտում են ամբողջությամբ՝ այդպիսով զրկելով դրան հետագայում վերականգնվելու հնարավորությունից:
Արոտավայրերը, բացի գյուղատնտեսական նշանակությունից, ունեն նաև բնապահպանական նշանակություն: Դրանց խոտածածկը հալոցքի ջրերը ներծծում է հողի մեջ, և ստորոտում արդեն դուրս է գալիս մաքուր, բարձրորակ խմելու ջուր: Արոտավայրերի դեգրադացիան հանգեցնում է նաև հողերի էրոզացմանը:
Միամտություն է կարծելը, որ արոտավայրերն օգտագործելուց հետո դրանք լավ վիճակում են մեզ հանձնելու»:
Արոտավայրերը լինում են 3 հասակային խմբերի ` երիտասարդ, հասուն և ծեր:
Բուսաբանը մտավախություն ունի, որ արտադրողականությունը կորցրած ծեր արոտավայրերը մնալու են հայ գյուղացուն, իսկ համամետաբար լավերը տալու են վարձակալողներին:
Աֆրիկյանը նշեց նաև, որ Հայաստանի տարածքի մի մասը որպես արոտավայր Իրանին հանձնելու փոխարեն տրամադրվելիք գյուղտեխնիկան մեկ այլ ծրագրով արդեն իսկ ձեռք է բերվելու, իսկ այն գումարը, որը որ պետք է հայկական կողմը ստանա (ամեն մի հեկտարի դիմաց` 25 դոլար) վարձակալությամբ Սյունիքի հողերը տալու դիմաց, բուսաբանի կարծիքով, դժվար թե մտնի պետբյուջե:
Մեկնաբանել