«Գաղութի առնետը» հրաժարվում է վերադարձնել 3 մլն դրամը
Հունվարի 23-ի դատական նիստը դեռ չսկսված՝ որոշեցին հարաբերությունները ճշտել տուժող Քրիստինեն եւ ամբաստանյալ Մալինցյանը: Տուժողին հետաքրքրում էր, թե արդյոք որեւէ սրբություն ուներ Էդուարդը, երբ երդվում էր, որ պարտք վերցրած գումարները կվերադարձնի հենց դուրս գա բանտից: «Սրբապիղծ, դու անգամ հորդ գերեզմանը չխնայեցիր»,- հայտարարեց տուժողը: «Արդեն չափն անցար, այ համբալ,- նետեց ամբաստանյալը,- հերիք չէ, չեղած բաները բարձես գլխիս: Ով ասեց, թե ես քեզ փող եմ պարտք: Ես կոպեկ չունեմ քեզ տալու»: Այս արտահայտությունից հետո տեղի տվեցին նաեւ տուժողի մոր նյարդերը, ով Մալինցյանին կոչեց «տականք» եւ «հոր գերեզմանը չհարգող գաղութի առնետ»:
Փոխադարձ վիրավորանքներն ավարտվեցին միայն դատավոր Մարտին Սարոյանի մուտքով: Դատական այս նիստում պիտի լսվեին դատակոչված, սակայն նախորդ նիստերին չներկայացած վկաների ցուցմունքները: Նրանցից Հովսեփ Թուլեքյանը տաքսու վարորդ էր եւ վերջին 40 հազար դրամն անձամբ էր փոխանցել ամբաստանյալին: Վերջինս չէր ներկայացել դատական նիստին, չէին ներկայացել նաեւ ամբաստանյալի երկու ազգականները: Էդուարդի հորաքույրը՝ Գայանե Մալինցյանը, բանավոր դատարանին փոխանցել էր, որ ինքը եղբոր որդի չունի եւ չի ուզում լսել նրա անունը: Իսկ նախաքննական ցուցմունքում, որ հրապարակվեց դատարանում, վկան նշել էր, որ տեղյակ չէ, թե ինչով է զբաղված եղել եղբոր որդին բանտում եղած ժամանակ: Նրան իր տանը գրանցել է, որովհետեւ Էդուարդը ոչ մի տեղ գրանցում չի ունեցել: Գայանե Մալինցյանը նաեւ տեղեկացրել է, որ ամբաստանյալը հորեղբայր չունի:
Հրապարակվեցին նաեւ ամբաստանյալի քեռու՝ Գարուշ Ավետիսյանի ցուցմունքները: Վերջինս եւս հաստատել էր Էդուարդի հորեղբայր չունենալու փաստը, նաեւ նշել, որ տեղեկացված չի եղել նրա բանտային կյանքում տեղի ունեցած իրադարձություններին: «Կոշ» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո քրոջ որդին բնակվել է իր տանը:
Ամբաստանյալի փաստաբան Արամայիս Հայրապետյանը չհամաձայնվեց, որ հրապարակվի նաեւ Հովսեփ Թուլեքյանի նախաքննական ցուցմունքը: Պաշտպանի խոսքերով՝ Թուլեքյանը վարորդներից միակն է, որ ուղարկած գումարը փոխանցել է անձամբ Մալինցյանին եւ միջնորդեց, որ դատարանը միջոցներ ձեռնարկի ու հաջորդ նիստին ապահովի վկայի ներկայությունը:
«Ոտքս կկտրեմ, բայց կապացուցեմ, որ իրանց ասածները սուտ են»,- հայտարարեց ամբաստանյալը
Դատարանի՝ վկային բերման ենթարկելու որոշումն ի կատար էր ածվել, եւ Քաջարանում գտնվող վկա Հովսեփ Թուլեքյանի ներկայությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 31-ին նշանակված դատական նիստին ապահովվել էր: «Շատ կարեւոր» համարվող վկան, ով տաքսու վարորդ էր աշխատել «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ում եւ վերջերս էր ազատվել աշխատանքից, այդպես էլ չհիշեց ոչ տուժողի, ոչ ամբաստանյալի դեմքերը: Դատավորի հարցին, թե արդյոք Քրիստինեն է նրան գումարը փոխանցել, եւ արդյոք Էդուարդն է ստացել իրենից 40 հազար դրամը, վկան պատասխանեց. «Հնարավոր է, չեմ հիշում»: Թուլեքյանը պատմեց, որ հիշում է միայն գումարի չափը՝ 40 հազար դրամ, որ ինքը Գյումրիից հասցրել է Երեւան: Դա Քրիստինեի՝ Մալինցյանին փոխանցած վերջին գումարն է եղել, որ ուղարկել էր 2012 թ.-ի ապրիլի 4-ին:
Այնուհետեւ դատարանն անցավ ամբաստանյալ Էդուարդ Մալինցյանի հարցաքննությանը: Այն, ինչ պատմեց ամբաստանյալը դատարանում, ամբողջությամբ հակասում էր տուժողի տված ցուցմունքներին: Նախ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն ներկայացված մեղադրանքից մի դրվագ է ընդունում: «Ես ընդունում եմ, որ ինքն ինձ 500 դոլար է ուղարկել, բայց էդ էլ իր կամքով է արել, ես չեմ ասել՝ պարտքով տուր»,- նշեց ամբաստանյալը: «Ինչու, հո մայր Թերեզան չէր, որ 10 օրվա ծանոթին հաներ ու 500 դոլար ուղարկեր»,- հարցրեց դատավորը: «Ես ինչ իմանամ, ուզել է, ուղարկել է»,- ուսերը վեր քաշեց ամբաստանյալը:
Էդուարդը պատմեց, որ Քրիստինեի հետ ծանոթացել է պատահաբար: Ցանկացել է զանգահարել ընկերոջը եւ Նոր տարի շնորհավորել: «Դե մեկ թվի տարբերությամբ սխալ համար էի հավաքել, էդպես եմ ծանոթացել իրա հետ,- նշեց ամբաստանյալը,- ասել եմ կներեք, նոր տարի եմ շնորհավորել ու անջատել եմ: Հետո մի քանի օր անց ինքն է զանգել, թե բա դուք ով եք, ինչի էիք զանգել, եկեք ծանոթանանք: Էդպես, օդի միջի խոսակցություն, թեմա չկար»: Ըստ ամբաստանյալի՝ հետագայում զանգերի նախաձեռնողը ոչ թե ինքն է եղել, այլ Քրիստինեն: Ինքը տեղեկացրել է, որ պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, երբ տուժողն իմացել է, որ ինքը 500 դոլար պարտք ունի, առաջարկել է իր օգնությունը: «Ասեց՝ ես քեզ կուղարկեմ, համարի, որ օգնում եմ, ես էլ ասի՝ ուղարկի, եթե շատ ես ուզում»,- պատմությունը շարունակեց Էդուարդը:
-Ես ոնց կսատկացնեի քեզ էդ ստի համար,- հուներից դուրս եկավ տուժող Քրիստինե Միքայելյանը:
-Ձենդ կտրի, հա,- նեղվեց ամբաստանյալը:
Էդուարդը պատմեց, որ 500 դոլարը գնացել ու վերցրել է իր ընկերը, ում ինքը պարտք է եղել: Անդրադառնալով իր եւ Քրիստինեի մտերմությանը՝ ամբաստանյալը նշեց, որ տեղեկացված է եղել աղջկա ամուսնացած-բաժանված լինելուն: «Իմացա, որ սիրել է մեկին, հետո սրա ինադու ամուսնացել մի ուրիշի հետ, մի անիմաստ երեւույթի հետ, հետո սրանից էլ է բաժանվել, գիտեի, որ երեխա ունի, հիմա էլ ուզում էր կապվի իմ հետ: Ես իրան ասում էի, աղջիկ ջան, երեխուդ մասին մտածի, տղա երեխա է, էգուց մեկել օր մեծանա, չի ներելու էդ վարքի տեր մորը»,- ոգեւորված, ձեռքերը թափահարելով՝ ամբաստանյալն անցավ ցուցմունքի բարոյախրատական մասին:
-Ես էլ չեմ դիմանա, պարոն դատավոր, էս ինչեր է սա ասում: Այ գաղութի առնետ, դու ինչ գործ ունես իմ վարքի հետ,- պոռթկաց տուժողը:
-Եթե մի հատ էլ ընդհատես ինձ, էս միկրոֆոնը կտամ գլխիդ,- հոխորտաց ամբաստանյալը:
Դատավոր Մարտին Սարոյանը ստիպված էր կարգի հրավիրել երկու կողմին էլ: «Սա դատարան է, եւ դուք պարտավոր եք ձեզ պատշաճ պահել: Տուժող, դուք ուշադիր լսեք, որ կարողանաք հարցեր տալ ամբաստանյալին»,- խորհուրդ տվեց դատավորը՝ հորդորելով չվիրավորել միմյանց անձը: Շարունակելով ցուցմունքը՝ Էդուարդ Մալինցյանը հիշեց, որ մեկ անգամ, Քրիստինեի բազմաթիվ խնդրանքներից հետո խոսել է նրա մոր հետ: Ծանոթացել են, ասել է, որ ինքն ու Քրիստինեն մտերմացել են, իսկ թե ինչ կլինի հետագայում, ինքը դեռ չգիտի:
Տեսնելով տուժողի մոր դեմքի արտահայտությունը՝ ամբաստանյալն ընդհատելով ցուցմունքը սկսեց վիրավորել նրան: «Ինչ ես քիթ-մռութդ ծռում, ոնց որ ավչարկա շուն լինես, մարդ զզվում էլ է դեմքիդ նայի»,- վրա տվեց նա: Կրկին դահլիճում աղմուկ բարձրացավ: Տուժող կողմը պահանջում էր դատարանից սաստել ամբաստանյալին եւ ստիպել, որ նա դադարեցնի վիրավորանքներ հնչեցնել:
Սիրո, ամուսնության, հարուստ կյանքի խոստումներով մոտ 3 մլն դրամ շորթած երիտասարդը պնդում էր, որ ինքը Քրիստինեից պարտքով գումար երբեւէ չի խնդրել, իսկ ոսկեղենից ընդհանրապես տեղյակ չէ: «Մանր-մունր բաներ էլ է ուղարկել, ասենք ծխախոտ, բայց ես բան չեմ խնդրել, ինչ արել է, իր կամքով է արել: Ինչ վերաբերում է ոսկեղենին, թե իբր ես իրենից դրանք պահանջել եմ, որ լոմբարդ դնեմ, էդ էլ է սուտ: Ինքն ինձ ասում էր, որ հայրը իրենց ոսկին տարել բանկ է դրել, որ գումար վերցնի մետլախ առնի, տո լի ունիտազ, չգիտեմ, կանչեք հորը, իմանանք, կարող ա էդ նույն ոսկին է, հիմա առիթից օգտվելով քցում են իմ վրա»,- նկատեց ամբաստանյալը:
Քանի որ դատարանում ամբաստանյալի ցուցմունքն ու նախաքննության ժամանակ տված ցուցմունքները տարբերվում էին միմյանցից, մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել Էդուրադ Մալինցյանի նախաքննական ցուցմունքները: Եթե դատարանում ամբաստանյալը ընդունեց միայն 500 դոլարի փաստը, ձեւակերպելով այն նվիրատվություն, եւ 40 հազար դրամը, ապա նախաքննական ցուցմունքում, բացի այս գումարներից, նա հաստատել էր նաեւ 280 հազար դրամ եւ 1500 ԱՄՆ դոլար ստանալու փաստը:
«Քննիչն է ստիպել, թե գրի, ասեց՝ գրի, որ էս-էս գումարների փաստը ընդունում ես»,- հայտարարեց ամբաստանյալը:
-Բա էդ դեպքում, եթե ստիպել էր, ոսկեղենի փաստն էլ թող ստիպեր, որ գրեիր, բա ինչու՞ չի ստիպել,- հարցրեց դատախազ Միրզոյանը:
-Ես ի՞նչ իմանամ,- ուսերը վեր քաշեց ամբստանյալը:
-Փաստորեն դու ոսկեղեն չես պահանջել տուժողից, այդ դեպքում ինչու՞ քո հեռախոսից տուժողի հեռախոսին ուղարկած հաղորդագրություններով փող ես պահանջում, որ գրավ դրած ոսկեղենը հանես,- հարցրեց մեղադրողը:
-Ես ի՞նչ իմանամ, ով ա իրան էդ sms-ներն ուղարկել: Ես ոտքս կկտրեմ, 50 օր էլ գալադովկա կանեմ, բայց կապացուցեմ, որ իրանց ասածները սուտ են,- հայտարարեց Էդուրադ Մալինցյանը:
Դատարանում մեղադրող Միրզոյանի միջնորդությամբ հրապարակվեցին մի քանի հաղորդագրությունների բովանդակությունները: Դրանցից մեկում հստակ պահանջ էր դրվում ուղարկել ոսկյա մատանին. «Մի՞թե էդ մատանին ինձնից թանկ է, որ չես ուզում ուղարկել»,- հարցրել էր sms-ի հեղինակը: Մեկ այլ հաղորդագրությունով էլ պահանջում էր գումար ուղարկել՝ տոկոսը փակելու եւ ոսկեղենը հանելու համար: «Ախմախ, քեզ ասում եմ փող ուղարկի, ոսկեղենդ հանեմ, կգնա կկորի, ափսոս է»,- հորդորել էր ամբաստանյալը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել