Հայաստանի աջակցությունն են հայցում Պաղեստինի անկախության հռչակման գործում
Հունիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն են տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը, և այսօր էլ Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ:
«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին` նա նշեց, որ Հայաստանի նախագահը՝ որպես պետության ղեկավար, առաջիններից էր, որ դեռևս 2000 թ. պաշտոնական այցելեց Ռամալահ և հանդիպում ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին` հույս հայտնելով, որ տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, այդ թվում մերձավորարևելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին: «Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարևելյան տարածաշրջանին և մեծապես կարևորում է այնտեղ հարատև խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի և կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը»,- ընգծեց Էդվարդ Նալբանդանը:
Նաբիլ Շաասը ներկայացրեց այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաև շնորհակալություն հայտնեց, որ միջազգային կազմակերպություններում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում ունի:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ` պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել