Ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ
Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ այսուհետ կնքվելու է պայմանագիր`«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սա նախատեսված է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծով, որը քննարկվում է Ազգային ժողովում:
Օրինագիծը խորհրդարանում ներկայացնում է ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: Ըստ նրա` ներկայումս պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ, հանդիսանալով զորամասեր` իրականացնում են բարձրագույն մասնագիտական կրթական գործունեություն, ինչն օրենսդրորեն կարգավորված չէ:
«Հստակեցված չեն նաեւ ռազմական ուսուցման պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը, ռազմաուսումնական հաստատությունների կառավարման հետ կապված հարաբերությունները, պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների կարգավիճակը, ինչը հնարավորություն չի տալիս լիարժեք ապահովել ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների եւ ունկնդիրների ուսումնառության բովանդակության պարտադիր նվազագույնի, ուսումնական գործընթացի առավելագույն ծավալի եւ շրջանավարտ սպաներին ներկայացվող որակական պահանջները»,-նշեց փոխնախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել