
Բարեգործական համերգ սիրիահայերի համար՝ նվիրված Վարդանանց տոնին
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, փետրվարի 9-ին, ժամը 17.00-ին, հրավիրում է Ձեզ բարեգործական համերգի՝ նվիրված Վարդանանց տոնին: Զուգահեռաբար կկազմակերպվի բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ամբողջ շահույթը փոխանցվելու է Սիրիայի հայերի օգնության հիմնադրամ: Համերգին մասնակցում են քաղաք Թբիլիսիի երգի-պարի համույթները, ինչպես նաև ճանաչված երգիչ-երգչուհիները և այլ կատարողներ:
Համերգը կայանալու է «ԹբիլիսիArtHall» դահլիճում, Ցոտնե Դադիանի փ. №26 հասցեով:
Տոմսեր կարող եք ձեռք բերել Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում և «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Արմազի փ. №18 հասցեով:
Տոմսի արժեքն է 5, 6 և 7 լարի:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 254 64 11 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեով:
Բարեգործական ակցիաները Վրաստանի հայ համայնքում կշարունակվեն:
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Ավարայրի ճակատամարտն է: Հայոց եկեղեցին, Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ, հայ զինվորների հետ միասին, 451 թվականի մայիսի 26-ին մասնակցում էր՛ Ավարայրի ճակատամարտին:
Հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար հերոսական մահով նահատակվեցին Վարդան Մամիկոնյանը (Սուրբ Շուշանիկի հայրը) և նրա 1036 մարտիրոսները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերը: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Սուրբ Վարդանանց հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:Այս տարի Վարդանանց տոնը նշվում է փետրվարի 7-ին:
Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Մեկնաբանել