HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանը` բանակի բարեփոխման մասին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ստացել է նախագահի թեկնածուներից առաջին պատասխանը՝ հայկական բանակի բարեփոխման մասին իր հարցմանը: Այն ուղարկել է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նրա պատասխանները` ստորև.

«Ես ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում եմ որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման եւ երկրի արմատական բարեփոխումների կարեւոր մաս: Ուստի` իշխանափոխությունից հետո կկազմեմ փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ եւ կմշակեմ ու կիրականացնեմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: 

«Բանակն իրականում» խմբի առաջադրած հարցերին մեր պատասխանները հետեւյալն են. 

1. Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` ա/զորակոչային, բ/պայմանագրային, դմիլիցիոնային-աշխարհազորային, գ/խառը 

Զինված ուժերի բացառիկ գործառույթը պետք է լինի Հայրենիքի պաշտպանությունը: Հայրենիքի պաշտպանությունը չի կարող իրականացվել անվճար: Զինված ուժերի շարքային կազմը պետք է ձեւավորվի պայմանագրային սկզբունքով, իսկ մինչեւ դրան անցնելը՝ երեք տարվա ընթացքում, այն պետք է լինի խառը: Զինծառայությունը պետք է պարտադիր լինի արական սեռի բնակչության համար, բայց պետք է ստեղծել նաև պայմանագրային կանացի զորամասեր։ Բոլո՛ր զինծառայողները պետք է ստանան միջինից ոչ պակաս աշխատավարձ: Ավելին, կարծում եմ, որ նրանց վարձատրությունը մի 20%-ով բարձր պետք է լինի ՀՀ-ում միջին աշխատավարձից։

Ռազմական կրթարանները պետք է արմատական բարեփոխման ենթարկվեն: Սպայական կադրերը պետք է կրթվեն ըստ օրենքների եւ սահմանադրության: Զինված ուժերում ծառայության ընթացքում զինծառայողները պետք է ունենան [լրացուցիչ] մասնագիտություն ստանալու հնարավորություն: 

Պահեստզորում գտնվող անձինք պետք է պարբերական ուսումնական ծրագրերի մասնակցեն, որի ընթացքում պետք է պահպանեն իրենց աշխատատեղը եւ աշխատավարձը, որի երաշխիքները պետք է ստեղծի պետությունը: Ակտիվ պահեստազորը պետք է լինի բարձր վճարովի, կամավոր, երկսեռ, անսահմանափակ ժամկետով. միակ սահմանափակումը զինծառայողի տարիքն է:

2. Ինչպիսի կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը: 

Ներկա պահին մենք տեսնում ենք զինված ուժերը՝ կազմավորված կորպուսներում, որոնք ներառում են բոլոր զորատեսակները: Միաժամանակ հեռանկարում հնարավոր ենք համարում դեսանտապարտիզանական բանակին բնորոշ լավ զինված եւ պատրաստված մոբիլ զորամիավորումներ կազմավորումը: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվի պաշտպանական ոլորտի քաղաքականությամբ, իսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ զինված ուժերի կառավարմամբ: Պաշտպանության նախարարությունը պետք է ստանձնի զինծառայողի իրավական եւ սոցիալական ապահովման խնդիրները՝ հանդերձավորումից մինչեւ կրթություն, իսկ գլխավոր շտաբը՝ զորքերի կառավարումը մարտական եւ ոչ մարտական իրավիճակներում: 

Զինվորական ծառայությունը պետք է լինի պայմանագրային (վճարովի) պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային կամավոր՝ անժամկետ ծառայության համար։

3. Ինչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար: 

Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր քաղաքացիներինը։ Նախ, բանակ զորակոչվելուց հետո զինվորը պետք է մնա քաղաքացի եւ իր մոտ պահի անձնագիրը։ Նրա իրավական պաշտպանությունը պետք է լինի այն քաղաքացիական-իրավական հարթության մեջ՝ ինչպես բոլորինը։ Բոլոր տեսակի զինվորական գերատեսչական քննչական, ոստիկանական ու դատախազական մարմինները պետք է լուծարվեն։ 

Զորակոչվածի բուժզննումը պետք է կատարվի քաղաքացիական բուժհաստատություններում: 

Զինծառայողները պետք է լիարժեք օգտվեն իրավունքների պաշտպանության այն բոլոր մեխանիզմներից, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար։ 

4. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներմեխանիզմներ, լծակներ/: 

Ընդհանուր առմամբ, զինված ուժերի նկատմամաբ իրավական վերահսկողությունը պետք է լինի ինչպես բոլոր քաղաքացիների համար։ Բանակը պետք է մոտեցնել ու նույնացնել քաղաքացիական ինստիտուտներին։ 

Պաշտպանության նախարարը պետք է հաշվետու լինի խորհրդարանի առաջ եւ հանդես գա պարբերական հաշվետվությամբ՝ զինված ուժերում առկա վիճակի մասին: 

Զինծառայողը պետք է մշտական կապ ունենա իր ընտանիքի հետ: 

Իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան մշտական դիտարկման ենթարկելու մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում:

5. Ինչպիսին պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարմանհսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներլծակներ/: 

Բացարձակապես նույնը՝ ինչը մնացած բոլոր բյուջետային կառույցներինը։

6. Որոնք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները: 

Գաղտնիության ենթակա են միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքերի քանակի ու որակի մասին։

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունըԶինվորական դատախազությունը:

Այս երեք մարմիններն էլ պիտի վերանան։ 

Հարգելի «Բանակն իրականում»,

վերեւում շարադրված են իմ` որպես ՀՀ Նախագահի թեկնածուի հիմնական մոտեցումները ձեր առաջադրած հարցերին: Իշխանական լծակներ ստանալով՝ ես պատրաստ եմ դիմել փորձագիտական աջակցության եւ հանրային շահագրգիռ քննարկման, եւ արդյունքում մշակել զինված ուժերի բարեփոխման առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ ծրագիր:  

Հարգանքով՝

Հրանտ Բագրատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter