
«Նվիրումը» նվիրվում է Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակին
Հունիսի 22-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը և տուն-թանգարանը կազմակերպում են հայ-ճապոնական գրական մշակութային երեկո` «Նվիրում» խորագրով: Երեկոն նվիրվում է Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակին:
Երեկոյի ընթացքում կկազմակերպվեն ճապոնական հնագույն խաղ, Չարենցի անձնական իրերից 17-րդ դարի Ուտագավա դպրոցի ճապոնական գրավյուրաների, Բուդդայի արձանիկների, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Նվիրում» գեղանկարների շարքի ցուցադրություն: Գեղանկարների շարքի ստեղծվել է երկրաշարժի տպավորության տակ:
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը և վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը կընթերցեն Չարենցի և ճապոնացի բանաստեղծների թանկաները: «Հիկարի» կենտրոնը կներկայացնի թատերականացված տեսաշար` «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ» խորագրով:
Միջոցառմանը ներկա են լինելու Այկիդոյի համաշխարհային ֆեդերացիայի 1-ին քարտուղար 7 դան Շիգերու Սուգավարան, մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում և ճապոնացիներ: Այս մասին հայտնում է «Հիկարի» ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիփոսյանը:
Մեկնաբանել