HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ուզում եմ արևմտյան ապահովագրական ընկերություններին բերել Հայաստան. Տաթևիկ Հակոբյան

Շվեյցարիայի տեխնոլոգիական ֆեդերալ ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողուհի Տաթևիկ Հակոբյանը մասնագիտությամբ ակտուար է՝ ապահովագրության վիճակագիր:  Հայաստանում գործատուների` ակտուարներին առաջարկած աշխատավարձն այնքան է, որ մի քանի անգամ գցում-բռնում ես` հարցնել Տաթևիկին` Շվեյցարիայից վերադառնալու է, թե ոչ:  

Տաթև, քո կրթությամբ Հայաստանում աշխատելը հնարավո՞ր է:

Կարծում եմ, որ լավ կրթություն ստացած և իր հայրենիքը սիրող քաղաքացու համար որևէ անհնար բան Հայաստանում չկա: Ընդամենը հարկավոր է առավելագույնս ռացիոնալ օգտագործել մեր ստացած գիտելիքները, և փորձել համատեղել մեր գործունեությունը Հայաստանում և արտերկրում՝ աստիճանաբար այդ գործունեության գերակշիռ մասը բերելով Հայաստան: Միտքս ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ շնորհիվ IT՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, աշխարհը այսօր շատ «փոքրացել» է և դարձել ավելի մատչելի կոմունիկացիաների առումով: Եվ մենք պետք է աշխատենք օգտագործել այդ հանգամանքը, այլ ոչ թե մեկուսանալ կամ ասել, որ լքում ենք մեր երկիրը: Այսպիսով, կարծում եմ, որ պետք է փորձենք արագ ինտեգրել հայկական տնտեսությունը (և ոչ միայն տնտեսությունը) համաշխարհային տնտեսության մեջ և այդ ժամանակ մնալ կամ գնալու խնդիրը ինքստինքյան կվերանա:

Ունե՞ս կոնկրետ ծրագիր, որ ուզում ես գալ ու իրականացնել:

Ապրելով և սովորելով արտասահմանում` ավելի լավ եմ սկսել պատկերացնել իմ հնարավորությունները և այն ամենը, ինչ կարող եմ անել իմ երկրի տնտեսության զարգացման համար: Ուզում եմ նպաստել արևմտյան ապահովագրական ընկերությունների մուտք գործելուն Հայաստան: Որոշակի մտահաղացումներ կան և ներկա պահին ես աշխատում եմ դրանց հետագա զարգացման ուղղությամբ, բայց պատրաստի «գրված» ծրագիր դեռ չունեմ:

Մեր համալսարանի բակը: Քանի որ Ցյուրիխում
հիմնակնում մռայլ է լինում, հենց արև է դուրս գալիս,
բոլոր ուսանողները գալիս են այստեղ տաքանալու,
դաս անելու: Դասամիջոցի իմ ամենասիրած տեղն է:

Իմ գործունեությունը ես պատկերացնում եմ հենց այս ոլորտում և ամեն ինչ պետք է անեմ, որ Հայաստան մուտք գործեն արևմտյան հզոր ապահովագրական ընկերություններ: Այդ դեպքում իմ մասնագիտության տեր հայաստանցիները հնարավորություն կունենան աշխատել մեր երկրում և ապրել իրենց որակավորումն ունեցող մարդկանց արժանի կենսամակարդակով:

Իսկ տեղական ապահովագրական ընկերությունները քեզ ինչքա՞ն աշխատավարձ կարող են առաջարկել, որ իրենց «գործին չխփես»:

Բնավ, չեն կարող, որովհետև հարցը աշխատավարձի մեջ չէ, այլ Հայաստան նոր մշակույթ ներմուծելու, ինչպես նաև, տեղական ընկերությունների մենաշնորհը կասեցնելու մեջ: Եվ, ընդհանրապես, այստեղ սխալ եմ համարում անհատի բարեկեցության հարցի կարևորումը, տվյալ դեպքում` իմ: 

Ինչո՞ւ որոշեցիր ընդունվել հենց Շվեյցարիայի տեխնոլոգիական համալսարան:  

Իրականում, ես լավ չեմ հիշում, թե ինչպես որոշեցի: Մեր ընտանիքում ընդունված է ուսման հետ կապված բոլոր հարցերը քննարկել միասին` նստելով մի սեղանի շուրջ: Այդպես եմ որոշել մաթեմատիկայի ուղղությամբ գնալ, սլավոնական համալսարան ընդունվել և այլն:

Մի անգամ` ավարտական տարում, հայրս զրուցելիս ասաց, որ մեր երկրի ապագան լավ կրթություն ստացած երիտասարդների ձեռքում է լինելու: Ես մի քանի օր մտորումնորի մեջ էի, և ուղղակի սկսեցի արտասահմանյան համալսարանների ցանկը ուսումնասիրել: Նայում էի համալսարաններ Եվրոպայում և պարզեցի, որ Շվեյցարիայի տեխնոլոգիական համալսարանը Եվրոպայի առաջատար համալսարաններից է: Ճիշտն ասած, մինչ այդ ես նույնիսկ չէի լսել այդ համալսարանի մասին, երևի հենց այդ պատճառով շատ հետաքրքրեց: Մի քանի օր ուսումնասիրեցի և որոշեցի փորձել դիմել:  Այս տարի բարեհաջող ավարտելով` կստանամ մագիստրոսի կոչում:

Շվեյցարիան շատ հանդարտ երկիր է: Այստեղ շատ հեշտ կարող ես ընտելանալ
ամեն ինչի, բայց նաև շատ շուտ ձանձրանալ: Իսկ օրենքների մասին էլ չասեմ:
Ինձ թվում է, որ սա երկրորդ Գերմանիան է: Մի անգամ Նոր տարվա 
նախօրեին
քաղաքում 
հայտնվել էր մի գող, որը պայուսակներից փող էր
գողանում: Բ
ոլոր տրամվայներում, հեռուստացույցով հինգ րոպեն
մեկ 
նախազգուշացնում էին: Նույնիսկ ասում էին, թե ոնց պետք է պայուսակը
բռնել, 
որ ոչինչ չգողանան: Այ այդպես, մինչև գողին բռնեցին: 

Ամենամեծ դժվարությունը ո՞րն էր մինչ ընդունվելը:

Գիտեք, երբ ստացա ընդունելությունս հաստատող  նամակ, նախապայմաններից մեկն այն էր, որ մինչ ուսումը սկսելը պետք է գերմաներեն լեզվի քննություն հանձնեմ: Դա բավականին լուրջ հարց էր, քանի որ պետք էր ոչ թե ուղղակի հանձնել, այլ նաև գերազանց ստանալ: 

Իսկ ես ունեի ընդամենը կես տարի: Ի՞նչ թաքցնեմ, դպրոցում գերմաներեն անցել եմ, բայց սուտ կլինի, եթե ասեմ, որ այդ պահին միջին մակարդակի տիրապետում էի լեզվին: Եվ, քանի որ պետք էր, սկսեցի ինտենսիվ պարապել... Ամռանը հանձնեցի և մեկնեցի Շվեյցարիա:

Ճի՞շտ է, որ եվրոպական համալսարանները ստիպում են ամբողջ ժամանակը ծախսել սովորելու վրա: Ինչպե՞ս ես հաջողացրել, որ հիմա և սովորում ես, և աշխատում, այն էլ՝ քո մասնագիտությամբ:

Ես կասեի հակառակը. մեր համալսարանը ոչ մեկին ոչինչ չի ստիպում: Այստեղ համարվում է, որ եթե ուսանողը գիտակցաբար տարեկան այդքան գումար է տալիս իր ուսման համար, ապա նա կայացած մարդ է. ինքնուրույն ընդունվել է և ուզում է իր ոլորտում մասնագետ դառնալ: Իսկ դրա համար պետք է շատ պարապել. դա ստիպելով չպետք է լինի, և, իրականում, պարապելու բան միշտ էլ կա: Ինչ վերաբերում է ինձ, Շվեցարիայում օրենքով ցանկացած արտասահմանցի ուսանող իրավունք ունի շաբաթական տասնհինգ ժամ աշխատել, ես ընդամենը օգտվել եմ իմ իրավունքից:

Ուսանողի հասարակական ակտիվությունը Շվեյցարիայի համալսարանում ո՞րն է:

Այստեղ հասարակական ակտիվություն ասելով հասկանում են մտքի ազատությունը: Ցանկացած ուսանող կարող է բողոքել, հավաքներ կազմակերպել: Համալսարանը քաջալերում է դա: Անհրաժեշտության դեպքում նույնիսկ տարածք են տրամադրում:

Ամեն ինչ գալիս է ուսանողների հանդեպ վերաբերմունքից: Այստեղ ցանկացած ուսանողի համարում են լիարժեք կայացած մարդ, ով իրավունք ունի բողոքել և դժգոհություն արտահայտել այս կամ այն հարցի շուրջ: Եվ համապատասխանաբար ցանկացած բողոքի լուրջ են վերաբերվում, քննարկում և որոշում կայացնում, հաճախ` ի օգուտ ուսանողի:

Իսկ ինչի՞ց կարող են բողոքել  ուսանողները:

Այստեղի ուսանողները կարող են բողոքել ամեն ինչից, սկսած ուսման վարձի բարձրացումից, վերջացրած ճաշարանի ուտելիքի համի փոփոխությունից: Օրինակ, մեկ տարի առաջ ստորագրահավաք էին կազմակերպել, որովհետև կողքի համալսարանի մենյուի գինը 80 ցենտով ավելի էժան էր:

Կարիք եղե՞լ է, որ հայ ուսանողներով երբևէ բողոքեք ինչ-որ բանից կամ հավաքներ կազմակերպեք: Ակտի՞վ  ուսանողական միություն է:

Ոչ, որպես ուսանողների միություն երբեք կարիք չի եղել: Իսկ ինչ վերաբերում է անհատների, չեմ կարծում, որ որևիցե մեկը երբևէ բողոքել է, բայց չի բացառվում:

Դժվար է ասել. մեր միությունը մեկ տարի է, ինչ հիմնվել է և դեռ ամբողջովին չի ինտեգրվել համալսարանական կյանք: Բայց, իհարկե, մենք իրար հետ շատ ակտիվ շփման մեջ ենք և ընդհանուր արտասահմանցի ուսանողների մեջ ճանաչված: Կարծում եմ, որ դա արդեն մեր համալսարանի ամեն մի հայ ուսանողի շնորքն է:

Մեր համալսարանի հայ ուսանողներով հավաքվել էինք և բարևներ էինք ուղարկում Հայաստան:

Բացի գիտելիքից էլ ի՞նչ  ձեռքբերում ես ունեցել Շվեյցարիայում:

Դժվար է ասել` արդյոք իմ ձեռքբերումները շնորհիվ կոնկրետ Շվեցարիայում ապրելու արդյունքն են, թե պարզապես արտասահմանում մենակ լինելուց: Մի բան կարող եմ ստույգ ասել, որ երբ մենակ ես ապրում և ինքդ ես հոգում սեփական պահանջներդ, սկսում ես ավելի շատ գնահատել և արժևորել այն ամենը, ինչ ունեցել ես և ունես քո հայրենիքում` ընտանիքի ջերմություն, ծնողների մտահոգություն, ընկերների և հարազատների առկայություն: Իմ ամենամեծ ձեռքբերումը, այս առումով, համարում եմ այն, որ զարգացել է գնահատելուս կարողությունը:

Լուսանկարները` Տաթևիկի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter