HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ թմրամիջոցների ներնետման 7 դեպք` 2 տարվա ընթացքում. պատճառները բազմազան են

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունն ամփոփվել է 2009-2010թթ. ընթացքում ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցների ներնետումների փաստերով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության վիճակը, ուսումնասիրել և վեր է հանել այդ բնույթի հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները:

Այս մասին նշվում է վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վ.Ավետիսյանի միջնորդագրում, որն ուղղված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հ.Հարությունյանին:

Կատարված ամփոփումներով պարզվել է, որ 2009-2010թթ. ընթացքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցների, ինչպես նաև դրանց պատրաստման համար անհրաժեշտ պրեկուրսորների ներնետման 7 դեպք:

Ընդ որում, գրանցված 7 դեպքից ընդամենը 1-ն է արձանագրվել 2009 թվականին, իսկ 6-ը` 2010 թվականի ընթացքում, որը մի կողմից այդ եղանակով կատարվող հանցագործության դեպքերի թվի աճի անհանգստացնող միտումի, իսկ մյուս կողմից` ոչ ակնհայտության պայմաններում կատարվող այդ տեսակի հանցագործությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կատարած դրական աշխատանքի արդյունք է:

Ամփոփումների արդյունքները միաժամանակ վկայում են, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում «Սևան» ՔԿՀ-ի ծառայությունները որոշակի աշխատանքներ են կատարել նաև արգելված իրերի ներնետումները նախականխելու և այդպիսի դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Այդ աշխատանքների արդյունքում 2009-2010թթ. ընթացքում բացահայտվել է արգելված իրերի, մասնավորապես գործարանային արտադրության սպիրտի, կոնյակի և գինու` քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետելու 10 դեպք, որոնցից 6-ը` 2009 թ., իսկ 4-ը` 2010թ. ընթացքում:

Արձանագրված ու բացահայտված ներնետումների բոլոր 17 դեպքով հայտնաբերվել, առգրավվել և շրջանառությունից հանվել են դատապարտյալների օգտագործման համար նախատեսված 106.486 գրամ` «մարիխուանա», 6.175 գրամ` «ափիոն», 0.6 գրամ` «հաշիշ», 0.0056 գրամ`«բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, 7.3 մլլ` «քացախաթթվի անհիդրիդ», ինչպես նաև շուրջ 18 լիտր գործարանային արտադրության սպիրտ, 1.5 լիտր կոնյակ և 0.5 լիտր գինի:

Նույն ժամանակաշրջանում թմրամիջոցների արձանագրված ներնետումների 7 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել են քրեական գործեր, կատարվել է նախաքննություն, որի արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել պարզել ինչպես դրանք ներնետողների, այնպես էլ պատիժը կրող այն դատապարտյալների անձը, որոնց համար նախատեսված են եղել քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետված թմրամիջոցները:

Արդյունքում, բոլոր 7 քրեական գործով նախաքննությունը կասեցվել է` հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ:

Ներնետումների գերակշիռ մասը կատարվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի թիվ 5-րդ և 6-րդ պահակակետերի միջնամասից դեպի բնակելի գոտի հատվածում: Մասնավորապես, այդ հատվածում են կատարվել ուսումնասիրվող ժամանակաշրջանում բացահայտված թմրանյութերի ներնետման 7 դեպքից 6-ը և արգելված իրերի ներնետումների 10 դեպքից 8-ը:

Միաժամանակ վերլուծությունները ցույց են տալիս, որ կատարողների կողմից ներնետման համար հիմնարկի, հատկապես խոցելի այդ հատվածի ընտրությունը պայմանավորված է նախ և առաջ ռեժիմային գոտու նույն հատվածում առկա տեխնիկական բնույթի թերություններով:

Այսպես, նշված հատվածում հիմնական և քողարկվող պատերի բարձրությունը ներկայումս կազմում է 2.5-3 մետր, այն դեպքում, երբ ըստ սահմանված նորմատիվների` այն պետք է լինի 5-6 մետրից ոչ պակաս: Հատկապես այդ հատվածում հիմնական և քողարկվող պատերի մի մասը քայքայված է և տեղ-տեղ փլուզված: Ինչպես և մյուս հատվածներում, այստեղ ևս հիմնական և քողարկվող պատերի վրա չկան տեղադրված ահազանգման և լուսավորող համակարգեր, նախկինում անցկացված փշալարերը հնացած, տեղ-տեղ կտրտված են ու կոռոզիայի ենթարկված:

Ներնետումների դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ դրանք գերազանցապես կատարվել են գիշերային ժամերին` սովորաբար ժամը 22:00-ից հետո ընկած ժամանակահատվածում: Ներնետումները գիշերային ժամերին կատարելուն նպաստում է քողարկող արգելապատի վրա գիշերային տեսողության հնարավորություն ունեցող, դեպի դուրս նայող տեսախցիկների, ինչպես նաև հարակից դաշտը լուսավորելու համար նախատեսված հզոր լուսարձակների բացակայությունը, որից էլ օգտվելով` ներնետում կատարողները և դրանց պատվիրատու դատապարտյալները անարգել մոտենում են հիմնարկի հիմնական և քողարկվող պատերին:

Բացի դրանից` ներնետումները նույն ժամերին կատարելուն նպաստում է խցիկային տիպի շենքային պայմանների բացակայությունը «Սևան» ՔԿՀ-ում, որպիսի պայմաններում հատկապես «փակ» և «կիսափակ» տիպի դատապարտյալներին հնարավոր չէ պահել փակի տակ, որից էլ օգտվելով, վերջիններս (և ոչ միայն նրանք) անձնակազմի գիշերային քանակային հաշվառումից հետո անարգել դուրս են գալիս բնակելի գոտի և տարաբնույթ կապերի մեջ մտնում արտաքին աշխարհի` այդ թվում նաև ներնետում իրականացնողների հետ:

«Սևան» ՔԿՀ-ում ներնետումների կատարմանը նպաստում է նաև դատապարտյալների կողմից տարբեր զարտուղի ճանապարհներով բջջային հեռախոսներ կալանավայր բերելու, դրանք օգտագործելու և այդ եղանակով նաև ներնետումները կազմակերպելու հանգամանքը: Չնայած ՔԿՀ-ի վարչակազմը որոշակի աշխատանքներ է կատարել դատապարտյալների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը բացահայտելու և կանխելու ուղղությամբ, և այդ նպատակով 2009-2010թթ. ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել է 435 հատ բջջային հեռախոս, սակայն ՔԿՀ-ին չի հաջողվել արմատախիլ անել այդ երևույթը:

Ըստ Վ.Ավետիսյանի միջնորդագրի` անհարժեշտ է ՔԿՀ-ներում տեղադրել բջջային հեռախոսների համար խլացուցիչ սարքեր:

Ուսումնասիրութուններով պարզվել է, որ ներնետումների (և ոչ միայն դրանց) դեմ պայքարի արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև ներքին հեռախոսակապի բացակայությունը «Սևան» ՔԿՀ-ում, ինչպես նաև նույն հիմնարկում «Նոչ-12» ազդանշանային համակարգի մասնակի գործելու հանգամանքը:

«Սևան» ՔԿՀ-ում ներնետումների նախականխմանը և այդ բնույթի դեպքերի նվազեցմանը կարող է նպաստել նաև մինչև քողարկող պատը 10 մետր հեռավորությամբ փշալարերից պատրաստված ցանկապատված և ազդանշանային համակարգ ունեցող շերտի կառուցումը, որի բացակայությունից օգտվելով, ներնետողները ընդհուպ մոտենում են հիմնական և քողարկող պատերին և իրականացնում իրենց հանցավոր մտադրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter