HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքում ցուցակագրում են ընտրությանը հաստատապես գնացողներին

Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Մարտունի քաղաքում և հարակից գյուղերում պետական մարմիններում աշխատողները այս օրերին ցուցակագրում են ոչ թե իշխանության թեկնածուին ձայն տվողներին, ինչպես անում էին նախկինում, այլ՝ ընտրության պոտենցիալ մասնակիցներին:

Աշխատողներից պահանջում են ներկայացնել իրենց այն հարազատների, ծանոթների անունները և անձնագրային տվյալները՝ տեղամասերով, ովքեր հաստատ մասնակցելու են ընտրություններին:

Մարտունեցի մի բնակչուհի «Հետքին» դժգոհեց, որ պետական մարմնում է աշխատում, և իրեն ևս հանձնարարված է ընտրությանը մասնակցողների տվյալներ ներկայացնել:

Նշենք, որ այդ գործին «լծված են» քաղաքապետարանի, գյուղապետարանի հիվանդանոցների, պոլիկլինիկաների, քոլեջների և մարզային տարբեր տեսչությունների աշխատակիցները, որոնք «պարտավոր են» իրենց ընտանիքներով մասնակցել ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ կիրակի օրը Մարտունի քաղաքի մշակույթի պալատի դահլիճում ընտրողների հետ հանդիպման է գնացել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա ելույթը լսելու համար նախատեսվածից քիչ մարդ է ներկա եղել: Ա. Բաղդասարյանը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին և ընտրել Սերժ Սարգսյանին:

Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում ընտրողներին ցուցակագրելու մասին, և տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Ո՞նց կարող է նման բան լինել: Դա մարդու սահմանադրական իրավունքն է. ո՞վ կարող է պարտադրել, որ պիտի գնաս ընտրության: Այդպիսի բան ընդհանրապես հնարավո՞ր է աշխարհում: Ասողը երևի խելագար է եղել, որ նման բաներ է հայտարարել»,- ավելացրեց Խաչիկ Խլղաթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter