
Աղվան Վարդանյանը՝ Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձով տալու ծրագրի մասին
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունն այսօր՝ ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան,
Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից:
Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով՝ մինչև 25 դոլար: Գոնե հայերեն տարբերակում՝ կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են:
Մենք վաղը Ազգային ժողովում կփորձենք պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է:
Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելու՞, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը:
Ես չեմ անդրադառնում վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը և մեր երկրին սպառնացող ռիսկերը:
Ի վերջո հարց է առաջանում. եթե այս վարձակալությունը ձեռնտու է իրանական կողմին, և մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչո՞ւ ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչո՞ւ պետությունը չի ապահովում մսամթերքի և կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչո՞ւ մեր գյուղացին կամ տնտեսավարողները իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն և զարգացած անասնապահություն ունենալ:
Այդուհանդերձ կա հարցերի հարցը՝ միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել: Կիսաթաքուն այս գործելաոճը որքանո՞վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին:
Սրանք հարցերն են: Գնահատականը՝ կառավարության պարզաբանումներից հետո:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել