HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայրիկյանի տրագիկոմեդիան և իշխանության նարցիսիզմը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ում նկատմամբ հունվարի 31-ի երեկոյան մահափորձ էր իրականացվել, հայտարարել էր, թե փետրվարի 18-ին նախատեսված նախագահի ընտրությունների քվեարկությունը երկու շաբաթով հետաձգելու իր որոշումը պայմանավորվելու է այն հարցի հստակեցումով, թե որքանով է վիրավորվելու պատճառով անցած օրերի հարկադիր պարապուրդն ազդել իր վարկանիշի վրա: Եթե այն շարունակել է աճել, ապա քվեարկության օրը չի հետաձգվի: Բայց եթե պարզվի, որ մահափորձին հաջորդած օրերին վարկանիշը չի աճել կամ անկում է արձանագրել, Հայրիկյանը հետաձգելու պահանջով կդիմի Սահմանադրական դատարան:

Ելնելով փետրվարի 5-ին հրապարակված նրա այն հայտարարությունից, թե չի պատրաստվում այդ հարցով դիմել ՍԴ, պետք է եզրակացնել, որ մահափորձի հետևանքով Հայրիկյանի վարկանիշը սրնթաց աճել է և ՍԴ չդիմելու միակ կամ հիմնական պատճառը այդ հանգամանքն ընտրություններում օգտագործելու նրա մարտավարությունն է:

Փաստորեն, Հայրիկյանը բացահայտորեն ասում է, որ եթե պարզի՝ մահափորձն աշխատել է իր վարկանիշի բարձրացման օգտին, ապա անպայման օգտագործելու է այդ հանգամանքն ընտրություններում: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա գուցե նա նաև հաշվարկի, թե որքանով կարող էր երկրորդ անգամ բարեհաջող ելքով նման միջադեպը նպաստել վարկանիշի էլ ավելի բարձրացմանը:

Սա առաջին դեպքն է, երբ իր նկատմամբ իրականացված մահափորձը ընտրություններին մասնակցող թեկնածուն բացահայտորեն դարձնում է քաղաքական PR-ի մաս: Մինչդեռ ընդամենը օրեր առաջ Հայրիկյանն ինքն իրեն հռչակում էր ռուսական իմպերիալիզմի, ըստ այդմ՝ ռուսական հատուկ ծառայությունների պոտենցիալ զոհ և պնդում, թե կատարվածը ոչ թե ոտնձգություն է անձնապես իր նկատմամբ, այլ՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անկախության: Եթե այս արժեքներն այնքան էժան են, որ կարելի է դարձնել Հայրիկյան Պարույրի քարոզարշավի գործիքը, ապա պետք է եզրակացնել, թե քաղաքական ինչպիսի անհույս վիճակում է դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանի ինքնորոշման իդեալն իրենով մարմնավորող այս գործիչը:

Ընտրությունները հետաձգելու կամ շարունակելու անհրաժեշտությունը, սակայն, չպետք է պայմանավորված լիներ զուտ Հայրիկյանի ամբիցիաներով: ԱՄՆ պետդեպարտամենտը, անդրադառնալով Հայրիկյանի հետ կապված միջադեպին, կոչ էր արել իշխանություններին հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների համար և այս հարցում առաջնորդվել Սահմանադրությամբ: Այլ կերպ ասած՝ մասնավորապես ԱՄՆ-ն ոչ միայն հենց այդպիսի ակնկալիք ուներ Հայաստանից, այլև փաստացի հասկացնում էր, որ այս հարցի հետ կապված որոշումը լուրջ նշանակություն է ունենալու ընտրությունների ընթացքը և արդյունքները միջազգային հանրության կողմից գնահատելու հարցում:

Այն, որ մահափորձը լրջագույն վնաս հասցրեց ընտրական գործընթացին, և որ այդ միջադեպը դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի զեկույցներում որպես ընտրությունների որակի բնութագրիչ է ներկայացվելու՝ կարելի է այլևս չկասկածել: Անգամ եթե իշխանությունները իդեալական ընտրություններ անցկացնեն՝ խուսափելով վարչական, օլիգարխիկ և քրեական ռեսուրսները շահագործելու պրակտիկայից, ինչը գործնականում անիրատեսական է, միևնույնն է՝ այս ընտրությունները չեն կարող որակվել լավագույնը Հայաստանի ընտրությունների պատմության մեջ, թեկուզ այն պատճառով, որ նախկին և ոչ մի ընտրության ժամանակ նախագահի թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ մահափորձ չի իրականացվել: Իսկ նման որակումն արգելափակում է Հայաստանում ժողովրդավարության էական աճ արձանագրելու հնարավորությունը՝ դրանից բխող և եվրաինտեգրմանն ուղղված բոլոր հետևանքներով:

Այս իրավիճակում առավելագույնը, ինչի մասին կարող է մտածել իշխանությունը, կատարվածի հետևանքների հնարավորինս մեղմումն է, ինչի ուղղությամբ ամենանպատակային քայլը կարող էր լինել ընտրությունների հետաձգումը երկու շաբաթով: Իշխանությունը, կարծես թե, մտածում է այդ ուղղությամբ: Դա պարզ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հիվանդանոցում հանդիպելուց հետո Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ ինքը կօգտվի Սահմանադրության ընձեռած հնարավորությունից: Այդ մտքին նրան բերել էր, թերևս, Սերժ Սարգսյանն անձամբ:

Ընտրությունների հետաձգումն, իհարկե, լավագույն լուծումը չէ: Սակայն այս տարբերակով իշխանությունը գոնե հստակ ուղերձ կհղեր միջազգային հանրությանը, որ առաջնորդվում է բոլոր թեկնածուներին հավասար քարոզարշավ անցկացնելու հնարավորություն տալու, նրանց համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու սկզբունքով, այսինքն՝ այս միջադեպը չի կարող ազդել նորմալ ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի վճռականության վրա: Պարզ է, իհարկե, որ դա լինելու էր ընդամենը բեմադրություն արտաքին հանդիսատեսի համար, որովհետև ոչ այս մահափորձից առաջ և ոչ էլ հետո Հայաստանում իրապես մրցակցային ընտրություններ չեն անցկացվելու: Սակայն խաղասեղանին Հայաստանի հեղինակության հարցն էր:

Այստեղ է, որ պետք է տեղի ունենար հանրային ու քաղաքական կոմպրոմիսը՝ անխոս ու առանց աղմուկի, այլ ոչ թե Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի կողքին հերթ կանգնելով ու կրակոցներն իրենց մարմնի վրա վերցնելու մասին բարձրագոչ ու ակնհայտորեն PR ենթատեքստ ունեցող հայտարարություններով: Նման կոմպրոմիսը, սակայն, ոչ թե աչքակապություն ու միմոսություն է ենթադրում, թե՝ տեսեք ինչ մակարդակի ընտրություններ են անցկացվելու, այլ յուրաքանչյուրի կողմից իր տեղում իր գործառույթների հետ կապված հստակ պատասխանատվության ստանձնում:

Իշխանությունն առաջին հերթին պետք է հայտարարեր, որ իր վրա է վերցնում թեկնածուների անվտանգության ապահովման և երաշխավորման հարցը, ինչը, սակայն, տարօրինակ կերպով այդպես էլ տեղի չունեցավ: Քաղաքական դաշտը և թեկնածուներն իրենք իշխանության առջև նման պահանջ չդրեցին: Բացի դրանից՝ ողջ քաղաքական դաշտը՝ իր բոլոր բևեռներով, ընտրություններում ու դրանից դուրս բոլոր դերակատարներով հանդերձ, ոչ միայն պետք է ընդհանրական դատապարտող հայտարարությամբ հանդես գար, այլև բոլորն իրենց պատրաստակամությունը պետք է հայտնեին հանցագործության բացահայտմանը նպաստելու առումով՝ նույնը շատ ավելի մեծ խստությամբ ու հետևողականությամբ պահանջելով իշխանություններից:

Պարզ է, որ այս հարցում նրանցից մեծ բան կախված չէր: Սակայն, դա գոնե ուղղակի ուղերձ կլիներ միջազգային հանրությանն առ այն, որ Հայաստանում իրավիճակի սրումն ու անկայունությունը չի բխում տեղական ակտիվ որևէ առողջ ու բանական շրջանակի շահերից, և սադրանքների ու ապակայունացման նման փորձերը տեղ չեն հասնելու: Մինչդեռ սա ևս տեղի չունեցավ՝ ընդհանրական կերպով անուշադրության մատնվելու, փոխադարձ ավանդական անվստահության պատճառով:

Ընդհակառակը, իշխանությունն արագորեն սկսեց իրեն հնարավոր մեղադրանքներից ապահովագրելուն ուղղված տենդագին քայլեր ձեռնարկել՝ ապավինելով «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»՝ տվյալ դեպքում խիստ վտանգավոր մարտավարությանը: ԱԺ նախագահը, փոխնախագահը գրեթե բացահայտորեն սկսեցին կատարվածում մեղադրել քաղաքական ուժերին՝ խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Ընդ որում՝ դա արեցին այն պարագայում, երբ հակառակ դաշտից իշխանություններին որևէ ուղղակի մեղադրանք կարծես թե չէր հասցեագրվում: Իր այս վարքագծով իշխանությունը համապետական կոնսոլիդացիա նախաձեռնելու փոխարեն հասարակական-քաղաքական դաշտում նոր բաժանարարներ անցկացրեց՝ ավելի խորացնելով բոլորը բոլորի նկատմամբ անվստահության մթնոլորտը, վերարթնացնելով միմյանց մեջ դավադիրներ փնտրելու և տեսնելու՝ դեռ 2008-ի ընտրություններից մնացած հակումներն ու տհաճ զգացողությունները:

Այդ պատճառով էլ, ահա, հնարավոր է դառնում անգամ սեփական անձի նկատմամբ իրականացված մահափորձը քարոզարշավի ատրիբուտ դարձնելը և նման երևույթների նկատմամբ հասարակության մոտ բութ հարմարվողականության ձևավորումը:

Մեկնաբանություններ (1)

fred
Rusakan hetq@ Hayrikyani mahaporzi gorzum zaranzanq e. Rusakan hetaxuzutyun@ Hayrikyanov aynqanov e hetaqrqrvaz vorqanov xoz@ astxerov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter