HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստանջյանը՝ Սարգսյանին. «Հայաստանի հակահայկական համակարգը Ձեր իշխանազավթման տարիներին հասավ բարձրակետին»

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Ազգային ժողովի փետրվարի 5-ի նիստում

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, շուրջ երկու ամիս առաջ Դուք հայտարարեցիք, որ … արդեն սկսում եք վերջնախաղը…:

Հասկանում ենք, որ, ցավոք, այդպես էլ չգիտակցեցիք, թե այդ տարիքում և այդ պաշտոնում «խաղեր» խաղալը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև չափազանց վտանգավոր: Հասկանում ենք նաև, որ շարունակում եք խաղալ: Փաստորեն, երկու հայկական պետությունները վերածելով խաղադաշտի` Դուք Ձեզ և Ձեր սակավաթիվ սպասարկուներին մշտապես փաստացի դիտարկում եք որպես խաղաֆիգուրների, իսկ հայ ժողովրդին` զոհաբերության ենթակա խաղազինվորների:

Հայաստանում գործող հակահայկական համակարգը Ձեր իշխանազավթման տարիներին հասավ իր բարձրակետին` աղետալի արտագաղթ, պետության բյուջեն գերազանցող արտաքին պարտք, հայ-թուրքական և մադրիդյան հակազգային փաստաթղթեր, Հայոց պետությունում բազմաթիվ անպատժելի սպանություններ, որոնց անմիջական պատասխանատուներից մեկն էլ Դուք եք և այլն:

Գեղեցիկ ճառերով սուտ խոստումները և դրա հետ մեկտեղ` ուսումնական հաստատություններին, զինվորականներին, մարզպետարաններին, քաղաքապետարաններին, գյուղապետարաններին և այլն Ձեր կողմից ապօրինի իջեցված հրահանգները, ինչպես նաև Ձեր «խաղը» նրանց պարտադրելու փորձը, այդ «վերջնախաղն» իսկական վերջի են հանգեցնելու:

Զգուշացնում ենք Ձեզ, որ մոլորության մեջ չընկնեք`մենք չենք խաղում, և Ձեր համար թվացող ամենահնարավոր «խաղը» չի հանդուրժվելու և դառնալու է անհնար`

-հարկադրելու ենք ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը,

- դժվարությամբ, սակայն սիրով գործադրելու ենք մեզ պատկանող իրավունքի ուժը:  

Զինված լինելով անսահման հավատով` ապացուցելու ենք, որ Հայոց պետությունը` ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում երաշխավորելու է  հավասար իրավունքների հիման վրա արժանապատիվ կենսակերպ բոլորիս համար:

2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների մեկնարկը ոմանց համար լինելու է անկման վերջնախաղ, մեր՝ մեծամասնության  համար դե յուրե ազատ, անկախ և միացյալ հայկական նոր հանրապետության հիմնադրման սկիզբ:

Չարին չենք հնազանդվելու, սուտը չենք հանդուրժելու, վախկոտություն` նահանջելու ես, կամք և խիզախություն` սպասարկելու եք ՔԱՂԱՔԱՑՈՒ իշխանության գործադրումը: Ուրեմն` մեր կյանքում առաջին անգամ մեր հավաքական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` ընտրական հեղափոխությամբ կազմակերպելու ենք փետրվարյան հաղթական ապստամբություն:

Սիրելի հայրենակիցներ, միասին հնարավոր է:

Մեկնաբանություններ (2)

Հովիկ Մանվելյան
Կեցցես Զարուհի, միայն այդ առաջին 'Հարգելի'-ն պետք չէր:
ԿԱՐԷՆ Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
Շնորհակալութիւն, Զարուհի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter