
Րաֆֆի Հովհաննիսյան. «Միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ»
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր և իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին:
Դիմելով ներկաներին՝ Հովհաննիսյանը հավաստիացրեց. «Մասնագիտական հաշվարկներն ու վերլուծությունները վկայում են, որ միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը: Բոլոր ոլորտներում կոռուպցիոն երևույթներն ու մենաշնորհները արմատախիլ անելու միջոցով առաջիկա նախագահության տարիներին օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը և շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից»:
Այնուհետև նախագահի թեկնածուն իրեն ուղեկցող կամավորականների հետ այցելեց Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ, փողոցներում ու զբոսայգիներում սրտաբաց զրույցի բռնվեց մարդկանց հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
«Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նրա իրավունքի ու հայեցողության տիրույթում է»,- ի պատասխան ընտրողների հետաքրքրության՝ Վեդիում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը:
Մեկնաբանել