HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբանը միջնորդեց վերացնել խափանման միջոց կալանավորումը

Ամերիկաբնակ գյումրեցի Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատական երկրորդ նիստը սկսվեց նշանակվածից մոտ 2 ժամ ուշացումով: Ժամը 12-ին նշանակված դատական նիստին ներկա էին միայն ամբաստանյալը, մեղադրող կողմից Շիրակի մարզի դատախազության դատախազ Սալոյանը և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հայտարարվեց կես ժամ ընդմիջում: Այդ ընթացքում հասցրին ներկայանալ միայն ամբաստանյալի շահերը պաշտպանող փաստաբանների եռյակը և դատակոչված վկաների մի մասը: Հաջորդ կեսժամյա ընդմիջման ընթացքում դատարան ներկայացավ նաև տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը և միայն 13:30-ին Երևանից Գյումրի հասան մեղադրող դատախազ Մարուխյանը, փաստաբան Վարդուհի Էլբակյանը և Արմեն Մելքոնյանը:

Դատական նիստի հենց սկզբում տուժողի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն ասաց, որ հարց ունի ուղղված ամբաստանյալին, և քանի որ վերջինիս փաստաբանները ներկա են, ապա ցանկանում է տալ նախորդ նիստին հնչեցրած հարցը, որին Հարություն Սարգսյանը չէր պատասխանել՝ պատճառաբանելով, որ պաշտպանական կողմը բացակայում է:

«Դուք ծառայե՞լ եք բանակում»,- հարց ուղղեց ամբաստանյալին Արմեն Մելքոնյանը: «Գործում կա տեղեկանք դրա վերաբերյալ, կարող եք ծանոթանալ: Իսկ ես, օգտվելով դատավարական իմ իրավունքից, հրաժարվում եմ պատասխանել»,- նշեց Հարություն Սարգսյանը: «Ֆիզիկապես առո՞ղջ եք»,- շարունակեց հարցապնդումը Մելքոնյանը: «Այդ մասին ևս կա գործում, և ես այս հարցին ևս հրաժարվում եմ պատասխանել»,-հայտարարեց ամբաստանյալը:

Այնուհետև Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառած կալանավորումը վերացնելու վերաբերյալ: «Հարություն Սարգսյանը անազատության մեջ է գտնվում շուրջ 10 ամիս,- նշեց փաստաբանը:- Համարում եմ, որ իմ վստահորդը անազատության մեջ է գտնվում ապօրինի՝ առանց դատարանի կայացրած պատշաճ որոշման»:

Ըստ փաստաբանի՝ դատարանը չի նշել, թե ինչ ժամկետ է ընտրվել կալանքի համար: Մինչդատական կալանքի հարցը ևս չի քննվել: «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր քննության առնել հարցը, երբ ավարտվել էր նախաքնությունն, ու գործը մտել էր դատարան, և ուրեմն լրացել էր անձին անազատության մեջ պահելու ժամկետը: Չի քննարկվել նաև այն հարցը, թե պե՞տք է երկարաձգել անազատության մեջ պահելու որոշումը, թե՞ ոչ»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը, քրեական դատավարության 131-րդ հոդվածը՝ փաստաբանը միջնորդեց Հարություն Սարգսյանին ազատ արձակել կալանքից:

Պաշտպանական կողմը դեմ հանդես եկավ պաշտպանական կողմի միջնորդությանը, իսկ դատավոր Մարտին Սարոյանը որոշում կայացնելու համար անհայտ ժամանակով հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ժամը 16:30-ին վերադառնալով նիստերի դահլիճ՝ նիստը նախագահող դատավորը հրապարակեց որոշումը, որով մերժում էր փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած միջնորդությունը: Մերժումը դատավորը հիմնավորեց նրանով, որ ամբաստանյալին առաջադրված 104 հոդվածի 1-ին մասը ծանր հոդված է, և իրենք ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին չեն կարող թողնել ազատության մեջ, բացի դրանից էլ վստահ չեն, որ անազատության մեջ հայտնվելուց հետո Հարություն Սարգսյանը չի թաքնվի արդարադատությունից և չի խոչընդոտի դատավարական գործընթացին:

Ամբաստանյալի փաստաբաններից Հունան Բաբայանն, ով նոր էր ներգրավել որպես պաշտպանական կողմ, դատարանին միջնորդեց գործի նյութերին ծանոթանալու և մեկուսարանում իր վստահորդի հետ հանդիպելու համար տրամադրել 10 աշխատանքային օր: Դատավոր Սարոյանը միջորդությունը բավարարեց և հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter