
Հասարակությունից գաղտնի «հանրային շահ»
«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն Երեւանի կենտրոնում` Նալբանդյան 106/1 հասցեում, քանդել է թիվ 1 մանկապարտեզը, երեխաների խաղահրապարակը, ավերել բակային կանաչապատ տարածքը, իսկ փոխարենը պետք է կառուցի բազմաֆունկցիոնալ շենք:
Կառավարությունը նշյալ մանկապարտեզն ընդգրկող տարածքը 2010 թ. սեպտեմբերին ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ, ու այն ձեռք է բերել «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն:
Ենթադրվում է, որ ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ կնքել է համապատասխան պայմանագիր, որով սահմանվել են ընկերության իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում նաեւ այն, թե երբ է շահագործվելու հասարակության համար «գերակա շահ» ճանաչված բազմաֆունկցիոնալ շենքը, եւ ինչ է լինելու, եթե ՍՊԸ-ն պարտավորությունները պատշաճ չկատարի:
Սակայն քաղաքապետարանն այս պայմանագիրը, ըստ էության, գաղտնի է պահում: Տարածքի բնակիչներից ոչ ոք այն չունի: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն քաղաքապետից խնդրել էր տրամադրել ինչպես այդ պայմանագրի պատճենը, այնպես էլ դրա «բաղադրիչ մաս կազմող բազմահարկ շենք կառուցելու չափորոշիչները հաստատող ճարտարապետահատակագծային առաջադրանքի առաջարկը, քանդման աշխատանքների նախագծի պատճեները»:
Պայմանագրի նշյալ բաղադրիչ մաս կազմող փաստաթղթերը քաղաքապետարանը տրամադրել է, իսկ բուն պայմանագիրն այդպես էլ չի տրամադրվում: «Իսկ եթե որեւէ բան գաղտնի է պահվում, եզրակացությունը մեկն է. առկա է կոռուպցիա: Հետո՝ էլ ինչ հանրային շահի մասին է խոսքը, եթե հիմնական տեղեկությունները փակ են»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
ՀԿ-ն քաղաքապետին խնդրել էր տրամադրել նաեւ «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի ներկայացրած ֆինանսական երաշխիքները եւ ստանալով մերժում՝ անցյալ տարվա նոյեմբերին դիմել էր վարչական դատարան:
Այս տեղեկությունը, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, կարեւորվում է հատկապես երկու նկատառումով. նախ՝ առկա է նմանօրինակ իրողությունների դառը փորձը, երկրորդ՝ ֆինանսների նախարարությունը ժամանակին արդեն իսկ կասկած էր արտահայտել, որ «ԱՎԱԳ ՇԻՆ»-ը կարող է պատշաճորեն կատարել ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով «դառը փորձին»՝ Բաղդասարյանը հիշեցնում է, որ «ՎԻԶԿՈՆ» ՍՊԸ 2004թ., ստանալով կառուցապատման իրավունք, «ազատեց» Բուզանդի 15-ից 21 հասցեն, բայց մինչ օրս, բացի մեծ փոս փորելուց, ոչինչ չի արել: Կամ «ՍԻԹԻ ՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՓԲԸ-ն 2007թ. «Ֆիրդուս» թաղամասում քաղաքացիների հետ պայմանագրեր է կնքել՝ պարտավորվելով 42 ամիս հետո հատկացնել բնակարաններ, սակայն «առ այսօր, 2 փոսից բացի, ուրիշ բան չի արել»:
Բերելով երրորդ օրինակը` Ս. Բաղդասրյանը նշում է, որ Կոնդ թաղամասում, որը ձեռք բերող է ճանաչվել «ԴԱՈՒՆԹԱՈՒՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ն, սկզբում փորվել է մեծ փոս, այնուհետեւ պարզվել, որ այդ փորված հատվածում կառուցապատում անել չի կարելի, հետո փորվել է մեկ ուրիշ փոս, որտեղ այս ընթացքում կառուցել են բազմահարկ շենքի ընդամենը 3 հարկը, եւ շինարարությունը կանգնել է:
«Հարց է ծագում՝ արդյոք այդ կառուցապատողները, որոնց, իմիջիայլոց, ընտրում է քաղաքապետարանը, պատշաճ ներկայացնո՞ւմ են անհրաժեշտ երաշխիքները, որ իրականում կարող են իրագործել գերակա հանրային շահ կոչվածը: Ի վերջո, ինչի՞ վրա է հիմնվում քաղաքապետարանը, որ ձեռք բերողի նախապատվությունը տալիս է հատկապես նման ընկերություններին»,- հարցնում է Սեդրակ Բաղդասարյանը:
Վարչական դատարանը, Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, մոտ 7 ամիս քննելով տեղեկատվություն ստանալու մասին գործը, օրերս վճռել է, որ Երեւանի քաղաքապետարանը ճիշտ է վարվում, որ չի տրամադրում «բացառիկ գերակա հանրային շահի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու «ԱՎԱԳ ՇԻՆ»-ի ներկայացրած երաշխիքների վերաբերյալ տեղեկատվությունը», քանի որ այն, ըստ դատարանի, պարունակում է առեւտրային գաղտնիք:
«Ի՞նչ առեւտրային գաղտնիքի մասին է խոսքը: Մենք ուզում ենք իմանալ ոչ թե ֆինանսական միջոցների աղբյուրը կամ ծագումնաբանությունը, այլ ընդամենն այն, թե ինչ երեշխիքներ են ներկայացվել: Ընդ որում՝ սա պարտավոր են հանրությանը հայտնել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի ուժով, եւ այստեղ չի կարող խոսք լինել գաղտնիքի մասին»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը եւ հավելում, որ Նալբանդյան 106/1 հասցեում, փաստորեն, լվանում են սեւ փողեր, ընդ որում՝ քաղաքապետարանի եւ վարչական դատարանի աջակցությամբ:
Մեկնաբանել