HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անակնկալ սկիզբ ֆուտբոլասերների համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2013 թ.-ը սկսեց անակնկալ ոչ-ոքիով Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Ֆրանսիական Վալանս քաղաքում կայացած խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ինչը, անշուշտ, պետք է գրանցել մեր թիմի պասիվում, քանի որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ աշխարհում այս պահին 75-րդը համարվող թիմը պետք է հաղթի 148-րդ ընտրանուն: Սակայն ֆուտբոլում կարող է պատահել ամեն ինչ:

Խաղի սկզբում մեկնարկային հուզմունք էր նկատվում մեր ֆուտբոլիստների գործողություններում, ինչին պետք է հավելել նաեւ մրցակցի ակտիվ գործողությունները առջեւի գծում: Բոլոր նրանք, ովքեր նախապես կարծում էին, թե Լյուքսեմբուրգը, գաճաճ երկիր լինելով, պետք է ջախջախիչ պարտություն կրի, համոզվեցին, որ թերագնահատել են այդ հավաքականին: Նորից շեշտենք, որ այս երկրի, ինչպես նաեւ մեկ այլ գաճաճ պետության՝ Լիխտենշտայնի ընտրանիները վաղուց ապացուցել են, որ ցանկացած պահի կարող են տհաճ անակնկալ մատուցել բոլոր նրանց, ովքեր իրենց նայում են մատների արանքով: 2010-ին Լյուքսեմբուրգը 0-0 է խաղացել Բելառուսի ու Ալժիրի հետ, 2011-ին 2-1 հաշվով հաղթել է Սլովակիային ու Ալբանիային, անցյալ տարի՝ Մակեդոնիային, Հյուսիսային Իռլանդիայի հետ մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել, Պորտուգալիային էլ պարտվել ընդամենը 1-2 հաշվով: 

Հանդիպման հետ սկզբից Լյուքսեմբուրգի թիմը սկսեց հարվածներ տեղալ Բերեզովսկու դարպասին: Դա հատուկ մշակված մարտավարություն էր, քանի որ տեխնիկապես ու արագությամբ իրենց գերազանցող հայերին նրանք կարող էին քիչ թե շատ զսպել հենց հայերի կիսադաշտում: Բերեզովսկին չնայած մեծ դժվարությունների առաջ չէր կանգնում, այդուհանդերձ, տհաճ էր տեսնել, որ մեր տղաները չեն կարողանում վերասհկողություն հաստատել գնդակի հանդեպ ու խաղի թելը վերցնել իրենց ձեռքը: Այդ պատճառով էլ առաջին կեսը գրեթե ամբողջությամբ ընթացավ այնպես, ինչպես ձեռնտու էր Լյուքսեմբուրգի թիմին. ընթանում էր հախուռն, մեծ հաշվով անկազմակերպ խաղ: Մրցակիցը գործում էր հետեւյալ մարտավարությամբ. գնդակը դարպասապահի կամ պաշտպանների կողմից երկար փոխանցումով նետվում էր առաջ, չմնալով դաշտի կենտրոնում, ու մեկ-երկու գրոհայինները փորձում էին բախտ որոնել Բերեզովսկու տուգանայինի մատույցներում: Նման տակտիկան տվեց իր պտուղները: Մրցակցի շարունակական հարվածներից մեկը 15-րդ րոպեին վերածվեց անակնկալ գոլի:

Արդարության համար նշենք, որ անձրեւի պատճառով դաշտն ու գնդակը բավականին թաց էին, սակայն ոչ եղանակային պայմանները, ոչ էլ առաջին խաղի համար մեկնարկային հուզմունքը չեն կարող արդարացում համարվել: Եվրոպական միջին եւ ավելի բարձր կարգի թիմերը բազմիցս խաղում են եղանակային վատ պայմաններում, բայց դրանից նրանց խաղի որակը չի ընկնում: Իսկ մեկնարկային հուզմունքը վաղուց արդեն պետք է խորթ լիներ մեր թիմի համար, այնինչ նույն բանը տեսանք նաեւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի առաջին՝ Մալթա-Հայաստան խաղում: Եթե նման մրցակիցների դեմ է թիմը հուզմունք դրսեւորում, ի՞նչ պիտի լինի բարձակարգ թիմերի հետ հանդիպումներում:

Նախախաղային ասուլիսում Վարդան Մինասյանը հույս էր հայտնել, որ տղաները չեն թերագնահատի մրցակցին: Չի կարելի ասել, թե նման բան կար, սակայն փաստ է, որ առաջին կեսում թիմը պարզապես չէր գտնում իրեն: Եվ միայն 43-րդ րոպեին Մարկոսի գրագետ փոխանցումից հետո Մանուչարյանը կարողացավ գլխի հարվածով հավասարեցնել հաշիվը: Դա Էդգարի 8-րդ գոլն էր հավաքականի կազմում:

Երկրորդ կեսում արդեն խաղի պատկերը փոխվեց: Մեր թիմը սկսեց գործել իրեն հատուկ ոճով. կարճ ու միջին տարածության, գետնամերձ փոխանցումներով: Մրցակիցը ստիպված էր սեղմվել սեփական կիսադաշտում ու հաճախակի խախտել խաղի կանոնները: Երկրորդ 45 րոպեների ընթացքում Մարկոսը երկու հրաշալի պահ կորցրեց. մեկի դեպքում մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, սակայն հարվածեց ուղիղ նրա վրա, իսկ մյուս դեպքում հեռվից ուժգին հարվածեց, բայց կրկին հաջող գործեց դարպասապահը: Չնայած խաղի թելն այլեւս մերոնց ձեռքում էր, բայց հիմա էլ չէր ստացվում եզրափակիչ հարվածը: Արդյունքում՝ 1-1:

Նորեկներից կարելի է առանձնացնել Խաչատուրովին

Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն տվեց գրեթե բոլորին: Վալանս մեկնածներից դաշտ դուրս չեկան միայն դարպասապահներ Գեւորգ Կասպարովն ու Արսեն Բեգլարյանը, պաշտպան Վալերի Ալեքսանյանը, կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Նորեկներից Միխայիլ Մարկոսովը վիզային խնդիրների պատճառով Ֆրանսիա չէր մեկնել:

3 նորեկներից Բեգլարյանը դեռ երկար ժամանակ ունի դարպասում հաստատվելու համար: Մինասյանն էլ նշել է, որ թիմ հրավիրվելն արդեն մեծ առաջընթաց ու խթան է նրա համար: Խաղի ժամանակ բավական վստահ եւ գրագետ էր գործում կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը: Նա կոպտորեն սխալվեց միայն մի դրվագում, երբ երկրորդ կեսում բաց թողեց մրցակցի հարձակվողին, վերջինս էլ մեն-մենակ մնաց Բերեզովսկու դիմաց, բայց Մարկոսի պես անհաջող գործեց, ու գնդակը դուրս եկավ անկյունային: Բարձրահասակ Խաչատուրովը միանգամայն հաջող զույգ կարող է կազմել Արզումանյանի հետ, եւ դրա համար բոլոր հիմքերը կան:

Գլխավոր մարզիչը խաղալու հնարավորություն տվեց Չեխիայի հետ հանդիպմանը որակազրկված կենտրոնական Հրայր Մկոյանին, որը խաղավերջում գործակցում էր երիտասարդ Տարոն Ոսկանյանի հետ: Հարկ է նշել, որ երկրորդ կեսում, բացառությամբ թերեւս մի քանի դրվագի, մեր պաշտպանները անգործ էին. նրանք առավելապես զբաղված էին թիմի գրոհներին մասնակցելով, ինչպես եղավ նույն Խաչատուրովի պարագայում, երբ վերջինս դիմային գծից գնդակը փոխանցեց դարպասապահի հրապարակ, բայց եզրափակող չեղավ: Պատահական չէր, որ թիմից առաջինը փոխարինվեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որի եզրում լյուքսեմբուրգցիները պարբերաբար ճեղքումներ էին կատարում: Ձախ եզրային Կամո Հովհաննիսյանը, ըստ էության, լուծել է Լեւոն Հայրապետյանի բացակայության խնդիրը Չեխիայի հետ խաղում:

Հենակետային կիսապաշտպանությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, կազմել էին Մխիթարյանն ու Կարեն Մուրադյանը: Եդիգարյանն ու Մկրտչյանը չէին խաղում, քանզի որակազրկված են եւ բաց են թողնելու չեխերի հետ հանդիպումը: Երիտասարդ Մուրադյանը եւս վատ տպավորություն չի թողնում. մոտ ապագայում «Շիրակի» խաղացողը կարող է իրական մրցակցություն ստեղծել Արթուրի ու Կառլենի համար: Հարձակողական ոճի կիսապաշտպանները իրենց ոճով փորձում էին շարունակ մանեւրել ու ճեղքեր գտնել Լյուքսեմբուրգի պաշտպանությունում. ակտիվ էին հատկապես Արասը, Մխիթարյանը, Մարկոսը: Թիմի նորեկ Նորայր Ասլանյանի խաղն առայժմ դժվար է գնահատել. փոխարինման դուրս գալով, նա սուր գործողություններով աչքի չընկավ: Մեկ անգամ նպաստավոր դիրքից բավական շեղ հարվածեց, իսկ հիմնականում փորձում էր կենտրոնից աջակցել Մխիթարյանի եւ մյուսների անցումների փորձերին: Նորայրը թիմին հարմարվելու խնդիր ունի դեռ:

Հարձակվողներից Մանուչարյանն արեց իր գործը՝ գոլ խփեց: Իրեն հատուկ ձեւով նա երբեմն հետ էր քաշվում, փորձում կիսապաշտպանական գծից անցնել գրոհի, այնինչ Սարկիսովը իր հերթին գործում էր առաջնային գծի ծայրին՝ փորձելով արագությամբ սուր ճեղքումներ կատարել: Գրոհային գծում չէր բավականացնում վերջին ճշգրիտ փոխանցումը, որը կարող էր ավարտվել վճռական հարվածով:

Եթե հաշվի առնենք, որ սա վերջին փորձամրցումն էր մարտի 26-ի խաղից առաջ, ապա պետք է նշել, որ թիմում իսկապես խնդիրներ կան: Խոսքն առաջին հերթին տղաների՝ խաղի «ռիթմը բռնելու», հունի մեջ մտնելու մասին է: Անցել են այն ժամանակները, երբ հավաքականը չուներ հստակ ձեռագիր, ոճ, եւ հիմա հենց խաղի մեկնարկից թիմը պիտի իր ոճը թելադրի դիմացինին եւ չտրվի հախուռն գործողությունների: Անհրաժեշտ է աշխատել նաեւ գրոհների վերջնահատվածների վրա: Դե իսկ պաշտպանները չպետք է իրենց այնպիսի շռայլություն թույլ տան, որ նույնիսկ կարգով ցածր հակառակորդը եզրերը կամ կենտրոնական հատվածը ճեղքելու լավ հնարավորություններ ստանա:

Տխուր հեռարձակում, վրդովված երկրպագուներ

Խաղը ուղիղ հեռուստահեռարձակում չունեցավ: «Արմենիա» հեռուստաընկերությունը, որին պատկանում է հավաքականի խաղերի ցուցադրման իրավունքը, չկարողացավ հեռարձակում կազմակերպել, քանի որ ոչ մի եվրոպական ընկերություն չէր նկարահանելու խաղն, ու արբանյակային փոխանցում չէր լինելու: Փոխարենը ռադիոհեռարձակում կազմակերպեց FM107 ռադիոկայանը, որը «Արմենիայի» հետ մտնում է «Panarmenian Media Group»-ի մեջ: Հարց է ծագում. մի՞թե այդքան հարուստ հեռուստաընկերության համար դժվար էր մի քանի օպերատոր ուղարկել, տեսագրել հանդիպումն ու հետագայում ցուցադրել: Իհարկե, ոչ, դժվար չէր: Մի՞թե որոշ անձինք չեն տեսնում, որ այսօր մեր թիմի հասուն ու գրագետ խաղի շնորհիվ իսկական աժիոտաժ է առաջանում ցանկացած ընկերական կամ պաշտոնական հանդիպումից առաջ:

Ու ծիծաղելի էր լսել, թե ինչպես է այդ հեռուստաընկերության մարզական մեկնաբանը, որը ռադիոյով նաեւ Երեւանից էր խաղից առաջ ու հետո, նաեւ ընդմիջմանը եթեր վարում, արդարացիորեն վրդովված երկրկագուի հարցին ի պատասխան նշում, թե «Արմենիան» կազմակերպում է միայն որակյալ տեսաձայնային հեռարձակում: Երիտասարդը երեւի մոռացել է նույն «Արմենիայի» եթերում Հայաստան-Իտալիա հանդիպման առաջին 30 րոպեների քար լռությունը ուղիղ եթերում: «Զարմանալի» զուգադիպությամբ այս անգամ էլ ընդհատվեց «որակյալ» ռադիոհեռարձակումը: Չտեղեկացված լրագրողին զանգահարող ունկնդիրներն էին ասում, որ խաղը թեկուզ ցածր որակով կարելի է դիտել համացանցում (armsport.am կայքի խմբագիր Արթուր Նազարյանը խաղը հնարավորի սահմաններում հեռարձակում էր համացանցում), լրագրողն էլ, ծիծաղելի վիճակում դնելով իրեն, կրկին հիշեցնում էր իր գործատուի միայն «որակյալ» հեռարձակումների մասին: Իսկ երբ հարց էին տալիս, թե ինչպես խփվեց մեր գոլը, սկսեց վերապատմել Վալանսից աշխատող գործընկերոջ խոսքերը, այնինչ կարելի էր այդ ամենը դիտել համացանցում:

Ահա թե ինչ պրոֆեսիոոնալ պայմաններում են աշխատում որոշ մարզական լրագրողներ, որոնց ուղիղ եթեր է վստահվում: Իսկ նույն անձի լեզվական գրագիտության մասին ավելի լավ է լռել: Ու լավ կլինի, որ նույնն անեն հենց նրանք, ովքեր զայրացած երկրպագուների ականջի տակ պարծենում են, երբ դրա համար չկա եւ ոչ մի առիթ:  

Լուս.՝ armsport.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter