
Խոզերը սնվում են պոչանքներով
Փետրվարի 5-ին Ախթալայի բնակիչները «Հետքին» կրկին ահազանգեցին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները Դեբեդ գետ թափվելու մասին: Մեր մեր այցելության պահին Ախթալա գետակի հոսքերը խիտ պոչանքային էին: Գետակի և Դեբեդի հատման տեղանք մտնելիս պոմպակայանի աշխատողը փորձեց խոչընդոտել գետի պոչանքային հոսքերը նկարելու մեր աշխատանքը: «Ինձ ասել են՝ չթողնես անցնի գետի մոտ»,- ասաց նա:
Փաստորեն ԼՀԿ-ի տնօրինության կողմից արտադրական պոչանքները Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետ լցնելը պղնձի խտանյութի արտադրական պրոցես է դարձել: Այդ օրը պարզեցինք նաեւ, որ Ախթալայի Բարիտ թաղամասի թիվ 1 շենքի բնակիչները տարիներ շարունակ Ախթալա գետակի աջ և ձախ երկայնքով սփռված իրենց խոզանոցներում պահում են մեծ քանակությամբ խոզեր, որոնք խմում են գետակով հոսող պոչանքները: Խոզատերերը խոզաբները մաքրում են նույնպես գետակի պոչանքաջրերով: Մեր այցելության պահին խոզերը գոմերում փակված էին: Բնակիչները փորձեցին հերքել պոչանքների հետ իրենց խոզերի առնչությունները:
Սակայն ինչպես Բարիտ թաղամասի թիվ 1 շենքի երեխաները, այնպես էլ հենց խոզերը բացահայտեցին իրականությունը: Ախթալեցի Աշոտը պատմեց, որ խոզերը ամբողջ օրը Ախթալա գետակում են և «խվոստ» են խմում: Պոչանքաջրեր խմելու մասին էին խոսում նաև խոզերի «պոչանքագույն» դունչն ու քթածակերը: Խոզաբներից նկատեցինք նաև պոչանքաջրերի հոսքերի հետքերը: «Պոչանքագույն» էին նաև խոզերի խմելու ջրի ամանները:
Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները խոզերի վրա: «Մի բան հաստատ կարող եմ ասել, որ պոչանքերով սնվող անասունների, այդ թվում՝ խոզերի մսի մեջ կուտակվում են պոչանքների մեջ գտնվող ծանր մետաղները, իսկ միսը ուտելու դեպքում դրանք փոխանցվում են մարդկանց»,- մեր զրույցում ասաց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:
Մեր հարցումներից պարզվեց, որ Ախթալայի Բարիտ թաղամասի խոզատերերը իրենց խոզերի միսը մորթելուց հետո հանձնում են Ալավերդու մսավաճառներին, ինչպես նաև Ախթալայի ենթաշրջանի ճանապարհաեզրերին գտնվող ճաշարաններին ու ռեստորաններին: Ախթալայում մեծ է պոչանքներով սնվող անասունների թիվը: Մորթի ենթարկվող անասունների մսի անվտանգությունը երբևէ լաբորատոր հետազոտությունների չի ենթարկվում: Մեր բոլոր փորձերը պարզաբանումներ ստանալու Ախթալայի ԼՀԿ-ի պոչանքների մասին անարդյունք էին: ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Օրբելի Թարմինյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Այդ արտահոսքերը կանխելու համար անգործունեություն է դրսևորում նաև Ախթալայի քաղաքապետարանը: Ախթալայում ստեղծված բնապահպանական աղետալի իրավիճակի մասին «Հետքը» տեղեկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը խոստացավ պարզել Ախթալայի ԼՀԿ-ի արտադրական պոչանքների անթույլատրելի հոսքերի պատճառները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել