Վարչապետի եղբորորդին նորոգում է Ալավերդու հիվանդանոցը՝ Սարգսյանի ուշադրության ներքո
Արդեն 7-րդ ամիսն է` «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական մասնաշենքը կապիտալ վերանորոգվում է: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2012թ. օգոստոսի 8-ից: Բժշկական կենտրոնի վերանորոգվող մասնաշենքը 1988-ի երկրաշարժից վթարային էր և քանդման ենթակա: Վերանորոգումից հետո այստեղ պետք է տեղավորվեն բժշկական կենտրոնի ամբուլատորիան, գինեկոլոգիական բաժանմունքն ու ծննդատունը, մանկական բաժանմունքը: Այստեղ կհանգրվանի նաև բժշկական կենտրոնի վարչական ապարատը: Շենքի կապիտալ վերանորոգման համար Համաշխարհային բանկը հատկացրել է 800 հազար ԱՄՆ դոլար կամ 345 մլն դրամ:
Այս պատկառելի գումարով շինարարությունը վստահվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատին: Հիշեցնենք, որ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգումն իրականացնում է Վանաձորում գրանցված «Ուկրշին» շինարարական կազմակերպությունը, որի սեփականատերը Տիգրան Սարգսյանի եղբոր որդին է` Հրայր Սարգսյանը: Շինարարության պատվիրատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է, շինարական աշխատանքների վերահսկումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ը: Կապիտալ վերանորոգման ենթարկվող մասնաշենքը Լոռու մարզպետարանի հաշվեկշռում է: Վերջինս, սակայն, իր սեփականությունը հանդիսացող շենքի վերանորոգման աշխատանքները վերահսկելու պարտականություն չունի:
«Որպես շահագործող կազմակերպություն մենք հետևում ենք շինարարական աշխատանքների ընթացքին, բայց ես մասնագիտությամբ շինարար չեմ և չեմ կարող երաշխավորել, որ այնտեղ ամեն ինչ պահանջված որակով է ընթանում»,- ասում է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը:
Փետրվարի 6-ին կապիտալ վերանորոգման ենթարկվող մասնաշենքի շինարարական հրապարակում իրականացվող շինարարության ընթացքի և որակի մասին «Հետքը» զրուցեց աշխղեկ Հակոբ Շահբազյանի հետ: Նա ասաց, որ կապիտալ վերանորոգումից հետո շենքի սեյսմիկ կայունությունը նախատեսված է 9 բալ երկրաշարժի համար: Աշխղեկը ամեն կերպ հավատացնում էր, որ օբյեկտի շինարարական աշխատանքները որակով են կատարվում: Նա մատնացույց էր անում շենքի նորակառույց մոնոլիտ հենասյուները: «Տեսեք՝ ինչ նորմալ ձևով է սարքած: Մենք հիմնապատերը փոխարինել ենք մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով, շենքի մոնոլիտ, երկաթբետոնե ծածկերի աշխատանքները հիմնականում ավարտված են: Ուժեղացրել ենք շենքի հիմքերը»,- նշեց աշխղեկը: Վերջինս ասաց, որ ուժեղացվել են նաև հիմնական և միջանկյալ պատերը, դրանք ցանցապատվել են մետաղական ցանցով և բետոնապատվել: Միջհարկային ծածկերը նույնպես ամրացված են երկաթբետոնե կոնստրուկցիաներով:
Հիմնականում այդքանով ավարտվել են շենքի ուժեղացման աշխատանքները: Աշխղեկը նաև տեղեկացրեց, որ ներկայումս օբյեկտի վրա կատարվում են ներքին հարդարման նախապատրաստական աշխատանքներ: Կա օբյեկտի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպություն: «Մեզ վերահսկում են ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի մասնագետները, իրենց այցերը շատ հաճախակի են, շաբաթը առնվազն 4 անգամ նրանք այստեղ են լինում»,- շեշտեց աշխղեկը:
Աշխղեկը տեղյակ չէր մինչև օրս շինարարության վրա ծախսված գումարներից, սակայն հայտնեց, որ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է 60-ից ավելի բանվոր: Ըստ Հակոբ Շահբազյանի՝ օբյեկտի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա մայիսին, որի հավանականությունը, սակայն, շատ փոքր է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել