HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Թույլատրելի՞ են Շարբաթյանի գործով ձեռք բերված ապացույցները

Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում առաջադրված` խմբի կազմում խուլիգանության և սպանության մեղադրանքը ձևակերպվել է հիմնականում հանգուցյալի քրոջ որդու` Հայկ Ասլիկյանի ցուցմունքի հիման վրա և հիմնավորվել մյուս վկաների ցուցմունքներով:  Բայց ինչպես Հայկ Ասլիկյանը հայտնեց  «Հետքին», իր նախնական ցուցմունքները` այն, որ 3-ով  են կռվել քեռու հետ, դեպքի ազդեցության տակ է գրել, իրավապահների թելադրանքով: Ինչպես պարզվում է, մյուս վկաների ցուցմունքները, որոնք սույն գործով որպես ապացույց են օգտագործված, նույնպես ձեռք են բերվել քննչական և դատավարական գործողության կատարման կարգի էական խախտումներով: Վկաները պատմում են, որ ոստիկանություն են կանչվել առանց ծանուցման, առանց տվյալ գործով իրենց կարգավիճակն իմանալու:

Վկաներից երգիչ  Ջիվանն ասում է.  «Կանչեցին էլի, եսիմ ով, շատ եմ հիշում ով:  Չգիտեմ, եսիմ ինչի համար: Զանգով էր, ինչով էր, եսիմ: Թուղթ չի եկել: Ես չեմ հիշում` ինձ ասել ա վկա եք, թե ինչ եք: Շատ եմ հիշում` ասավ իրավունքներ ունեմ, թե չէ»,-ասում է վկան: Խոհարար Կարենն էլ է զանգով կանչվել քննչական բաժին: «Ինձ ընդամենը հարցաքննության թերթերն էին տալիս, որտեղ որ գրված էր, որ սխալ ցուցմունք տալու համար ես քրեորեն պատասխանատվություն կկրեմ:  Իմ իրավունքների մասին ոչ մի բան ինձ տեղյակ չեն պահել, չեն ասել»,-պատմում է Կարենը:

Մինչդեռ` Քր. օր.-ն ու Քր. դատ. օր.-ը սահմանում են վկայի իրավունքներն ու նրա հարցաքննության կարգը: Քր. դատ. օր.-ի 86-րդ և 206-րդ հոդվածներով` վկան իրավունք ունի իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում և քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ փաստաբանի հետ: Վճռաբեկ դատարանն էլ, թիվ ԼԴ/0301/01/09 քրեական գործով նախադեպային որոշման մեջ անդրադառնալով որպես ապացույց օգտագործված` վկաների ցուցմունքների թույլատրելիությանը, արձանագրել է, որ նախքան հարցաքննությունը վկան պետք է տեղեկացվի, թե ո´ր դեպքի  (փաստի) առթիվ հարուցված քրեական գործով և պարզաբանման ենթակա ո´ր հանգամանքների շուրջ է հարցաքննվում և ի’նչ կարգավիճակով, հակառակ դեպքում վկայի ցուցմունքը կդիտվի որպես քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված, նաև եթե փաստի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա չի հարցաքննվել:

Խոհարար Կարենը հիշում է, որ դեպքի գիշերն իրեն «բերման են ենթարկել» և «պարտադիր» բացատրություն վերցրել իրենից: «Բերման ենթարկեցին մեզ նույն օրը գիշերը ժամը 4-ին, մատնահետքեր, հետո  հարցաքննության տարան:  Բերման են ենթարկել ինձ, Խլղաթյան Էդիկին, Շարբաթյանի քրոջ որդուն»,-ասում է վկան: Դեպքի գիշերը գործով մեղադրյալ Վերանյանների ծնողներն էլ են բերման ենթարկվել ոստիկանության Գուգարքի քննչական բաժնի պետ Արտուշա Հարությունյանի ու 2 աշխատակիցների կողմից և 5 ժամ պահվել ոստիկանությունում` չնայած գործով նրանք ոչ մի կարգավիճակ չունեն:

«Արձանագրությունը կազմելու ժամանակ զանգ եկավ, ասեցին, որ տղաները տանը չեն, երևի ասեցին` իրանց բերեք: Թե` պետք ա ձեզ բերման ենթարկենք, դատախազը և ոստիկանության վարչության պետը ասել են, որ ձեզ բերման ենթարկենք: Հագնվեցի  որ դուրս գամ, ասավ` մենակ դուք չեք գալու, ձեր կինն էլ: Ասի` կինս վատառողջ է, ջերմություն է տալիս, թոռներս էլ ջերմություն են տալիս, եթե հնարավոր ա, ես գամ, ինքը չգա: Ասավ` ոչ: Հագնվեցինք, երեխանցը թողեցինք մոր մոտ` հիվանդ վիճակում»,-պատմում է Սամվել Վերանյանը, ով ինքն էլ ոստիկանության համակարգի 23 տարվա աշխատող է և համակարգից էլ թոշակի է անցել:

Նա ու կինը իրավապահների հետ գնացել են Գուգարքի բաժին, որտեղ պետի աշխատասենյակում նրանց դիմավորել է ոստիկանության մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Մինչդեռ` Քր. դատ. օր.-ի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաև իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Քր. դատ. օր.-ի 153-րդ հոդվածի 2-րդ մասով` բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Շարբաթյանի գործով իրավապահների գործողությունները նույնիսկ օրենքով սահմանված`օպերատիվ միջոցառումների տեսանկյունից չեն կարող արդարացվել,  քանի որ, Քր. դատ. օր.-ի 284-րդ հոդվածի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրվում է 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին, նրան ներկայացնելով նախատեսված փաստաթղթերը: Եթե այդ միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են ՀՀ պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը: Դրանց իրականացման վերջնական թույլտվությունը տալիս է դատարանը:

Մինչդեռ` Շարբաթյանի գործով վկաներին ու մեղադրյալ Վերանյանների ծնողներին բերման են ենթարկել առանց որոշման: «Որ եկան ներկայացան, ոչ մի փաստաթուղթ,  ոչ մի բան, չեն ասել ինչի համար ենք բերման ենթարկում, ասին` գնանք,  տեղում ամեն ինչ կասենք:  Հետո ոչ մի բան չենք գրել, չեն ասել, որ գրենք»,-ասում է Սամվել Վերանյանը: Կինը` Թամարա Խոջոյանն էլ է հաստատում. «Դուռը թակեցին, բացեցի: Գուգարքի շրջանի քննչականի պետն էր 2 աշխատողների հետ, ասացին, որ դեպք ա եղել, ուր են տղաները: Ասեցինք` դեռ տուն չեն եկել, սենյակները նայեցին, որ համոզվեն` տանն են, թե չէ, արձանագրության ժամանակ զանգ եկավ, ասավ` հագնվեք,  ասում են` ծնողներին բերման ենթարկեք: Ինչքան հարցրինք` ինչն ա պատճառը, ասին` կգնանք ընդեղ, կիմանաք, ոչինչ չասացին: Հարցրեցի`ինչ ա եղել, ոչ մեկը ոչ մի բառ չխոսաց»:

Մինչդեռ`Ոստիկանության մասին օրենքով` ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում: Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման  ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը

Երբ խոհարար Կարենն առաջին անգամ քննիչին ասել է, որ «ադեկվատ» վիճակի մեջ չէ և չի կարող հարցերին պատասխանել կամ «ադեկվատ» ձևով պատասխանել դրանց և խնդրել է հետաձգել հարցաքննությունը,  քննիչը մերժել  է` պնդելով, որ հենց այդ օրը պետք է հարցաքննվի:

«Մի երիտասարդ էր, ասեց, որ պարտադիր պետք է բացատրություն տամ: Պատճառը ինձ չի բացատրվել` ինչի պարտադիր»,-ասում է Կարենը: Վերջինս հարցաքննության ժամանակ նշել էր, որ Արտակ և Արեն Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը 3-ով էին կռվում Շարբաթյանի հետ. հանգուցյալի մարմինը տեսնելով` այդպիսի տպավորություն էր ստացել, և իրեն թվացել էր, որ 3-ով էլ կռվելիս են եղել:

«Չգիտեմ, չեմ կարա կոնկրետ ասեմ թե ինչու, ուղղակի երեսի այտուցը, վնասվածքը աչքի, հետո որ արյուն էր կաթում մարմնից, դա էր ինձ շփոթացրել, ու ինձ թվացել էր, որ հա, իսկապես, ոնց որ 3-ով էին կռվում իրար հետ: Սակայն հաջորդ օրը երբ որ սկսեցի հիշել դեպքը, շատ մանրամասնություններ էլ չէի հիշում, բայց երբ որ հիշում էի, որ Դիլոյան Սամվելը  ասում էր` ինչ եք անում, վերջ տվեք, հլա թարգեք, արա էս ինչ եք անում, դրանից նոր սկսեցի մտածել, որ հնարավոր չէր նրանք էլ խփելիս լինեին: Նրանք ավելի շատ փորձում էին ազատեն, նրանց գործողությունները դա էր»,-ասում է Կարենը: 1 օր հետո` հաջորդ հարցաքննությանը, ինքն այդ մասին ասել է քննիչին ու ցանկացել նկարագրել «ավելի ճիշտ ձևը», բայց նա ուշադրություն չի դարձրել իր ասածներին:

«Ընդհակառակը, ինձ բացատրեցին, որ եթե ես փոխեմ իմ տված ցուցմունքները, դա արդեն քրեորեն պատժելի հանցագործություն ա դուրս գալիս: Սիստեմին ես ծանոթ չեմ, ինձ թվաց, որ ավելի վատ վիճակ կստեղծվի: Որոշեցի իմ մեջ, որ մինչև փաստաբանների հետ չխորհրդակցեմ, քայլ չանեմ: Ես ուզում էի իմանամ իմ իրավունքներն ու պարտականությունները, արդեն որը որ ճիշտն ա, հենց էդ ձևով էլ վկայությունը շարունակեմ»,-բացատրում է Կարենը:

Մինչդեռ`Քր. օր.-ի 338-րդ հոդվածի համաձայն` հիմնական գործի քննության ընթացքում ընդհուպ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը անձը հնարավորություն ունի հարցաքննվելու և այլ ցուցմունք տալու, կամ կարող է հայտնել իր տված ցուցմունքի սուտ լինելու մասին: Թիվ ԼԴ/0301/01/09 քրեական գործով էլ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո: Դատարանն արձանագրել է, որ քանի դեռ իրագործված չեն օրենսդրի կողմից առաջադրված պայմանները, խոսք չի կարող լինել սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության մասին` դա պայմանավորելով  այնպիսի հիմնարար սահմանադրական արժեքով, ինչպիսին է մասնավորապես արդարադատության իրականացումը միայն դատարանների կողմից (ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդված): Միայն դատարանի կողմից արդարադատության իրականացումը ենթադրում է, որ մինչդատական վարույթում արված հետևությունները նախնական բնույթ են կրում և իրենցով փաստացի չեն կարող փոխարինել վերջնական դատական ակտով կատարվող հետևություններին: Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ»` նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը:

Իրավաչա՞փ է Շարբաթյանի գործով առաջադրված մեղադրանքը

Շարբաթյանի մահվան փաստի առթիվ նախապես հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Ապա մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով. սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և խուլիգանություն`  դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Մինչդեռ մեղադրանքի մեջ կան մի շարք հանգամանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այսպես` դեպքի առթիվ ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել` նշելով, թե նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու:  Այնինչ  Շարբաթյանն է Ա. Վերանյանին հրավիրել նշված ռեստորան: Նշվում էր, թե ծագած վիճաբանության ընթացքում Վերանյանները, կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ, վիճաբանել են Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:  Այնինչ  դեպքի պահին չգործող ռեստորանում հաճախորդներ չեն եղել, Շարբաթյանի հասցեին և ընդհանրապես հայհոյանքներ տալու ու հասարակական կարգը խաթարելու հանգամանքներն էլ չեն հաստատվում:

Նշվում էր, թե Արեն և Արտակ Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը 3-ն էլ բռնություն են գործադրել Շարբաթյանի նկատմամբ,  սակայն կռվողը, ինչպես «Հետքին» պատմել են գործով վկաները, եղել է Արտակ Վերանյանը: Նշվում էր նաև, որ վիճաբանությունն սկսվել էր Շարբաթյանի` Արտակ Վերանյանից իր քրոջ դստերը չհետապնդելու պահանջից, բայց, Շարբաթյանի քրոջ որդու խոսքով, վիճաբանությունն ամենևին էլ դրանից չի ծագել, ամեն ինչի պատճառը, նրա ասելով, «խմածությունն» է եղել:

Կա ՎԲ-48/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի` սպանության յուրաքանչյուր գործով պետք է պարզել մեկ ուրիշին մահ պատճառելու շարժառիթները, նպատակը և եղանակը: Անհրաժեշտ է տարբերել խուլիգանական դրդումներով սպանությունը վեճի կամ կռվի ժամանակ կատարվող սպանություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզել, թե ինչն է վեճի կամ կռվի առիթ ու պատճառ հանդիսացել, ով է եղել դրանք հրահրողը, ինչ է իրենից երկայացնում հանցավորի և տուժողի անձը, ինչպիսին են եղել նրանց փոխհարաբերությունները, ով է նրանցից ակտիվ կողմը, որոնք են վեճի ու կռվի ընթացքում կատարված սպանության շարժառիթները:

Մեկնաբանություններ (8)

Arsen
Aranc manramasner imanalu chi kareliota mardkanc yezrakacutyunnerov mexadranq arajadrel... Yes kartsum Em, vor anardaraci e tsnoxin, namanavand trace knower gisher ov u hivand vichakum Tanel bajin, tsnoxe patasxanatu chi ir Arden Hamsun zavaki hamar...
Karen
anshnorq pahvacq e da vostikanutyan koxmic,ev cnoxnern chapahas zavakneri hamar patasxanatu chen,isk inch verabervum e txanerin, im karciqov nranq mexavor chen,kriv hrahroxn u drtoxn henc inqn SHarbatyann e exel .....
Անուշիկ
Vostikanutyan koxmic anshnorq pahvacq. Miayn hetaqrqir e ov e poxhatucelu ays mardkanc hascrac baroyakan vnas@
Gagik
Տիպիկ Խորհրդայն միլիցիայի պարզագույն գործելավոճ է, որը ժառանգություն է հասել մեր ոստիկանությանը: Արտակ Վերանյանը չէր կարող իմանալ Շարբաթյանի կողմից օգտագործվող զենքը մարտական է, թե ոչ և դիմելով ինքնապաշտպնության որպես ոստիկանության նախկին աշխատող, ցանկացել է վերացնել դեպքի վայրում գտնվող մարդկանց կյանքի սպառնացող վտանգը: Գուցե նրա ծնողներին ոչ թե բերման ենթարկեին ոստիկանության բաժին, այլ հետագայում, քննությունից հետո շնորհակալություն հայտնեին:
Tatevik
Ադրինե Թորոսյանի՝ հոդվածները նախապատրաստում են մեղադրյալների և որոնվող-հայտնաբերվածների փափուկ վերադարձը հասարակություն: ԸՆԴԱՄԵՆԸ
Gevorg
Այս մեկնաբանությունս վերաբերվում է Tatevik- ին և դրա նման Teteviknerin. Հասարակությունը քո վերադարձի համար պետք է փափուկ պատրաստի, կամ էլ ոչ փափուկ, եթե կուզենաս: Բայց մենք անկախ և ապահով ՀՀ քաղաքացիներս համոզված ենք, որ շուտով արդարությունը կվերականգնվի և Արտակը կվերադառնա տուն:
Tatevik
Ինձ համար ևս կարևոր է, որ արդարությունը հաղթանակի: Ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում. երիտասարդը կարծես ինքն է, այսպես կոչված, անարդարության հիմքը դրել այս պատմության մեջ, եթե նկատենք, որ ինքնախոստովանությամբ ներկայացել է ոստիկանություն: Մյուս վկաներն էլ դարձյալ արդարությունը վերականգնելու փոխարեն թաքնվեցին այնքան, մինչև իրենց հայտնաբերեցին և կալանավորեցին, այն դեպքում , երբ երևի թե գիտեին, որ իրենց ընկերը կալանավորված է: Հիմա ուրիշներն են մոլեգին պայքարում արդարություն վերականգնելու համար: Ինձ համար շատ տարօրինակ և հետաքրքիր է ոստիկանության արձագանքի բացակայությունը: Լրագրողի հոդվածները, փաստորեն, խոսում են ոստիկանության, եթե մեղմ ասենք, անբարեխիղճ աշխատանքի մասին, այնինչ մեր ոստիկանապետը հաճախ է խոսում համակարգի բարեփոխումների և ոստիկանի նոր կերպարի մասին:
Tatevik
Արդարություն որոնողներին՝ բոլորին, մաղթում եմ հաջողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter