
Հայաստանի մրցակիցները հիմնականում հաջող են խաղացել
Երեկ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների օր էր: 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Իտալիան մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել հոլանդացիների հետ: Իտալացիներին վերջին րոպեին պարտությունից փրկել է Վերատին: Չեխերը 2-0 հաշվով հաղթել են թուրքերին վերջիններիս դաշտում: Աչքի են ընկել Կրեյցին ու Լաֆատան: Մալթան սեփական դաշտում 0-0 է խաղացել Հյուսիսային Իռլանդիայի հետ: Բուլղարացիները խաղ չեն անցկացրել, իսկ ահա դանիացիները մրցակցի հարկի տակ անակնկալ պարտություն են կրել մակեդոնացիներից՝ 0-3: Մինչ այդ՝ հունվարի 26-ին, դանիացիները 4-0 հաշվով հաղթել էին կանադացիներին, որոնց անցյալ տարի մեր թիմը հաղթեց 3-1: Հունվարի 31-ին էլ հյուսիսեվրոպացիները 1-1 էին խաղացել Մեքսիկայի հետ:
Երեկ կայացել են նաեւ մի շարք հետաքրքիր հանդիպումներ համաշխարհային հսկաների ու հետխորհրդային երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ.
Անգլիա-Բրազիլիա՝ 2-1
Իսպանիա-Ուրուգվայ՝ 3-1
Ֆրանսիա-Գերմանիա՝ 1-2
Շվեդիա-Արգենտինա՝ 2-3
Իսլանդիա-Ռուսաստան՝ 0-2
Ուկրաինա-Նորվեգիա՝ 2-0
Ալբանիա-Վրաստան՝ 1-2
Ճապոնիա-Լատվիա՝ 3-0
Մոլդովա-Ղազախստան՝ 1-3
Հունգարիա-Բելառուս՝ 1-1
Շոտլանդիա-Էստոնիա՝ 1-0
Նշենք, որ Լյուքսեմբուրգի հետ վերջին ոչ-ոքին, ըստ հաշվարկների, մեր հավաքականի հաշվեկշռին կավելացնի 52 միավոր: Այժմ թիմը 457 միավորով 75-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, իսկ փետրվարյան ցուցակում, ըստ կանխատեսումների, կունենա արդեն 462 միավոր: Իսկ թե ինչ հորիզոնականում կհայտնվի հավաքականը այդ աղյուսակում, մեծապես կախված է սանդղակում մեր հարեւանների ցուցանիշներից:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ֆուտբոլ +»-ին ասել է, որ նախատեսվում է եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել մարտի 21-ին, որը կլինի վերջին փորձարկումը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Չեխիա խաղից առաջ: Սակայն եթե չստացվի պաշտոնական խաղ կազմակերպել, ապա ազգային ընտրանին կխաղա երիտասարդականի հետ:
Մեկնաբանել