
«Անօթևան մնացած Ձեր ընտրողներ»,- դիմում են Սերժ Սարգսյանին (վիդեո)
Առավոտյան ձյունը չխանգարեց Տերյան փողոցի նախկին բնակիչներին՝ Ազգային ժողովի եւ նախագահական նստավայրի մոտ իրենց բողոքի ցույցն անցկացնելու: Սրանից 5 տարի առաջ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Տերյան 127 եւ 131 շենքերի բնակիչների հետ, ըստ որի` նրանց տները հանձնվել են ընկերությանը՝ 2 տարի անց նույն տեղում կառուցվող շենքում տուն ստանալու պայմանով: Տերյան փողոցի վերջնամասում 9951.64քմ տարածքը 2007-ից մինչ օրս շարունակում է մնալ շինհրապարակի տեսքով: Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն արդեն մի քանի անգամ զգուշացրել է ներդրող «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ին ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը դեռեւս նոյեմբերին 1 ամիս ժամանակ էր տվել ընկերությանը, սակայն նրա զգուշացումները ներդրողն այդպես էլ հաշվի չի առել:
Շենքերի բնակիչներն այս ամբողջ ժամանակ վարձով են ապրում: Մինչ անցած տարի «Ռեգիոն Ինվեստ»-ը ամեն ամիս բնակիչներին հատկացրել է 70 հազար դրամ, բայց արդեն մեկ տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է վարձավճարի հատկացումը: Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են «Ռեգիոն Ինվեստ»-ի հիմնադիր Խաչիկ Զաքարյանին, սակայն միակ պատասխանը ձգձգումներն են եղել. «Մեկ ասում էին ստեղ չի, մեկ՝ Մոսկվայում ա. փախնում են, չեն ուզում մեզ պատասխանել: Իսկ մինչ էդ ամեն ամիս ասում էին՝ մյուս ամիս կլինի»,- բողոքում է Էմմա Ստեփանյանը, ով իր երեխաների, թոռների ու ծոռների հետ վարձով է ապրում:
«Մեզ թող տուն տան, բոլորս դրսերում ենք հայտնվել: Պայմանագրի կնքման օրվանից 24 ամիս հետո նրանք պարտավորվում էին մեզ բնակարան տալ նորակառույց շենքում, բայց արդեն 6 տարի է՝ խաբում են մեզ: Դատարան չենք դիմել, չենք հավատում, որ կշահենք դատը: Եկել ենք, ընտրություններից առաջ մեր նախագահից պահանջում ենք այս հարցին լուծում տալ: Ու ուզում ենք հավատալ, որ մի բան փոխվելու է»,- ասում է բնակիչ Ալլա Ղազարյանը:
Սա դեռեւս բնակիչների առաջին բողոքի ցույցն է, բայց նրանք պատրաստվում են բողոքել այնքան, մինչեւ նախագահը «Ռեգիոն Ինվեստ»-ին կստիպի փոխհատուցել իրենց:
Տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել