HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոնարհումս` ժամի բակի աղունիկներին

Հայրենիքի երազի տերը, տրորված կանաչի վերհուշի տերը աննահանջ մնացողն  է: Ինքն է Կանթեղի յուղը ավելացնում գրով, հաստատ գրով: Մնամ` դաշտը ընդլայնեմ, կանաչեմ` ջրին  խուտուտ տամ, չափեմ` սահման չդնեմ, ինձնով անեմ, ձեզնով անեմ, հունձս հարամ չուտեմ ու ձեզ տեսնեմ սեղանիս շուրջը: Ինքն է ու իր նման խորհողը: Աչքը դուրս ժողովրդի ճամպրուկը քաշեմ, ասեմ` տիրոջդ առ, գնա նստիր հրապարակում, գամ կողքդ նստեմ, մի կարգին խոսենք էս դուրս ընկնելու մասին… Զգոնից ու անզգոնից բարձրանանք  իրապես:

Հիմա  էլ  էս ընտրությունները`անընտրություն-անսիրտ …Ծաղկելու թեմա է. ձենը` խորը, քարը` վրան:  Քոռկոպեկ հույս, հեչբան կարոտ. էս է էսօրը: Աղբի տերը, մաքրության տերը մնացողն է: Առ հիմա ում ենք ընտրել, որ քեզ չենք ընտրել, մաքուրի' երազանք: Աչքս  քաղաքի դարպասներին մնաց, խոնարհումս` ժամի բակի աղունիկներին: Էդ ինչ թպրտոցի վանդակում են: Ճիշտ է` ծերտի մեջ, բայց հո մաքուր են: Էն անտեր թողնողները սրանց չափ էլ չկան:

Գնացին-եկան, գնացին-եկան ու…չեկան: Էստեղ են ասում.  անհայտ առածը. «Ով ձեռք է տալիս իմ ճամպրուկին, ձեռք է տալիս իմ հոգեվիճակին»: Առավ-փախավին պե'ս եղած ենք: Ներսը լիքն է ճախրով ու ճախրի վայրէջքով: Ում զարմացուցած ենք:  «Արի' տուն, գրպաններդ դատարկիր հայրենիքիդ մեջ» կպոռանք: Է, մեր պոռոցով ինչքան փախցուցինք: Դուռը հետևներես գոցեցինք, իբր թե աս էրկրեն մեր սպասածները «կատվի հետևեն` անուշ թսի պես» են: Հա', չմոռնամ էն աղունիկներին: Որ վանդակից դուրս են գալիս, էլի ծերտի մեջ են, որ ներս են մտնում, ծերտը չի դադարում այդպիսին լինելուց և ուրեմն ծանր ծերտ է: Ու որպեսզի չասեմ, որ էս աղունիկները զինվորյալ են, ասում եմ` ծանրսիրտ բան է էս բաժանումը հայրենյաց ծերտից, կտուցներիս էլ`դալար շիվ…

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (4)

Ani Muradyan
Աչքը դուրս ժողովրդի ճամպրուկը քաշեմ, ասեմ` տիրոջդ առ, գնա նստիր հրապարակում, գամ կողքդ նստեմ, մի կարգին խոսենք էս դուրս ընկնելու մասին… Զգոնից ու անզգոնից բարձրանանք իրապես:
Գայանե Դավթյան
Ու որպեսզի չասեմ, որ էս աղունիկները զինվորյալ են, ասում եմ` ծանրսիրտ բան է էս բաժանումը հայրենյաց ծերտից, կտուցներիս էլ`դալար շիվ… Ռոզա Հովհաննիսյան
Անահիտ
Աչքս քաղաքի դարպասներին մնաց, խոնարհումս` ժամի բակի աղունիկներին:
Գուրգեն
Գնացողները կգնան Ռոզա ջան, լավ կլինի, որ մնացողները քո տեսակից լինեն, իսկակա'ն, անկաշա'ռ մտավորականի տեսակից, որ ընտրությունից-ընտրություն տրվող չի ապրում, ում համար հայրենիքը իր որկորը չէ: Բայց ցավը այն է, որ գնում են նաև լավերը, գնում են հոգնած, հուսահատ ու պայքարի անկարող: Ու կթփրտան հուսահատ վանդակի աղունիկները, թռիչքի կարոտ ու երազը սրտներում, կթփրտան հայրենիքի երկնքում ճախրելուն կարոտ, մինչև կպատռվեն վանդակի ճաղերը ու մենք կտեսնենք նրանց թռիչքը կապույտին խառնված...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter