Է. Շարմազանով. «Առաջին նախագահը լինելու է միայն «բրենդ»»
«Քաղաքական դաշտը կարիք ունի բնական զարգացումների, այլ ոչ թե արհեստական զարգացումների: ՀԱԿ-ը շարժումից վերածվում է կուսակցության, թե դա ինչ կտա ժողովրդավարությանը եւ քաղաքական դաշտին, կարծում եմ` ժամանակը ցույց կտա: Փաստն այն է, որ այսօր ՀԱԿ-ը չունի այն ազդեցությունը, ինչն ունեցել է տարիներ շարունակ, եւ դրա մասին խոսում է նաեւ առաջին նախագահը»,-ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ զրույցում` ՀԱԿ-ը դաշինքից կուսակցության վերածվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին` նշելով, որ ժամանակն է ՀԱԿ-ը դաշինքից վերածելու մեկ միասնական կուսակցության:
«Ես մի բան հասկացա. թե' ՀԱԿ շարժման, թե’ ՀԱԿ կուսակցության «բրենդը» պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ այդ իմաստով չեմ կարծում, որ շարժումը կուսակցության վերածելը իրենց շատ բան կտա»,-ասաց Է. Շարմազանովը:
Ըստ ԱԺ փոխնախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանը լինելու է միայն «բրենդ», այլ ոչ գործող անձ, իսկ իրական գործող անձինք կլինեն նրա ժառանգորդները, ովքեր 1-2-ն են մնացել:
«Ամեն դեպքում առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ իր ժառանգորդներին, կամ ժառանգորդին, կամ ապագա ժառանգորդին, կամ էլ իր կրտսեր գործընկերներին ինչ- որ քաղաքական որոշակի ժառանգություն թողնել ապագա խորհրդարանական ընտրությունների համար, բայց չեմ կարծում, որ առաջին նախագահը ակտիվ քաղաքական պայքարի մեջ կմնա, մանավանդ, որ այլեւս 68 տարեկան է, եւ ինքն է դա ասել»,-ավելացրեց Է. Շարմազանովը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել