HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական փայտանյութի արտահանման ծավալները նվազել են, իսկ գլխավոր ներկրողը կրկին Իրանն է

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում անտառածածկ տարածքները կազմում են 334.000 հա կամ հանրապետության տարածքի 11,2 տոկոսը:

Սակայն այս ցուցանիշը շրջանառվում է անկախացումից ի վեր, եւ առ այսօր չկան արժանահավատ թարմ տվյալներ եւ ուսումնասիրություններ մեր անտառների մասին: Վերջին անգամ անտառների գույքագրում անցկացվել է խորհրդային տարիներին:

«Այդ ցուցանիշը (334.000 հա անտառածածկ տարածք, շուրջ 42 մլն խմ փայտանյութ - հեղ.) ստացվել է 1993 թ. անտառների պետական հաշվառումից, որը հենվել է 1986-1989 թթ. կատարված վերջին ազգային անտառգույքագրման արդյունքների վրա: Դրանք կասկածի տակ են դրվում նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում, օրինակ` 2005 թ. ընդունված Անտառի ազգային ծրագրում: Այստեղից էլ պարզ է դառնում, որ նշված ցուցանիշը վստահելի չէ: Սակայն նույնիսկ այս դեպքում ՀՀ յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 0,1 հա-ից պակաս միակցված անտառտարածք, այն դեպքում, երբ երկրագնդի մասշտաբով մոլորակի յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող այդ ցուցանիշը 0,67 հա է»,- «Հետքին» տված հարցազրույցում վերջերս նշել էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնների դասախոս Հովիկ Սայադյանը:

Գյուղնախարարության կազմում ընդգրկված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն` կազմակերպությանն ամրացված անտառային տարածքները 2011-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 344.169 հա, որից 277.135 հա-ն` անտառածածկ: Ինչպես հայտնի է, անտառային ֆոնդի մյուս մասը վերահսկում են բնապահպանության նախարարության ՊՈԱԿ-ները, մասնավորապես` «Դիլիջան» եւ «Սեւան» ազգային պարկերը, «Շիկահող» եւ «Խոսրովի անտառ» արգելոցները: Սակայն բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ պաշտոնական տվյալներն իրականից մի քանի անգամ մեծ թիվ են ցույց տալիս: Հ. Սայադյանի փոխանցմամբ, եթե Հայաստանի 2004 թ. վիճակագրական տարեգրքի տվյալներով`  անտառածածկ է մեր երկրի 12,7%-ը, ապա ՆԱՍԱ-ի կատարած տիեզերական պատկերներով` 1987-1989-ին այդ թիվը եղել է 9,8% (շուրջ 294.000 հա), իսկ 2000-2001-ին` 8,2 % (246.000 հա):

«Անտառի որակական փոփոխություններ եղել են, բայց անտառային տարածքները չեն նվազել: Հիմա անտառային տարածքներն այնքան են, ինչքան 1988-ին,- իր հերթին պնդում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:- Անտառային պաշարի իմաստով` 1988-ի եւ 2006-ի համեմատությամբ հիմնականում Տավուշում եւ Լոռիում անտառային պաշար չի նվազել, մակարդակը նույնն է` չնայած այս տարիների մեծ ծավալի օգտագործումներին: Անտառը նաեւ աճում է: Հատված տարածքներում բնական վերաճն ավելի արագ է ընթանում»:

Ըստ Մաթեւոսյանի` 1 հա անտառը տարեկան տալիս է 1,8 խմ աճ, իսկ ահա 2002-ին հրապարակված Ազգային գնահատման զեկույցում, որը կրկին հենված է 1993-ի տվյալների վրա, նշվել է, որ Հայաստանի անտառների տարեկան վերաճը 354.000 խմ է, այսինքն` հեկտարի հաշվով` 1,05 խմ: Նման անտառներում, ինչպես նշում են բնապահպանները, միջազգային չափանիշներով արգելվում են արդյունագործական հատումները, ու եթե ներկայիս տեմպերով շարունակենք կտրել անտառը, ապա 2020-ին կկորցնենք այն:        

ՆԱՍԱ-ի վերոնշյալ տվյալներից դատելով` 1990-ականներին օրինական եւ ապօրինի հատումների արդյունքում ոչնչացվել է 48.000 հա անտառ: Թե քանի խմ է դա, դժվար է ասել, քանի որ անտառների խտությանը վերաբերող հաշվառում, ըստ Մ. Մաթեւոսյանի, չի տարվում:

«Եթե 1990-ական թթ. առաջին կեսին անտառահատումները թելադրված էին էներգետիկ ճգնաժամով, ապա 1996-1997 թթ. այն վերածվեց կազմակերպված բիզնեսի` ներառելով փայտամշակման ողջ շղթան, այդ թվում` փայտանյութի արտահանումը: Այդ ժամանակներից նշված բիզնեսի տերերը սկսեցին զբաղվել անտառից շինափայտի (դռների, լուսամուտների եւ կահույքի պատրաստման համար), ինչպես նաեւ բարձրորակ կաղնու փայտանյութի (կոնյակի հնեցման նպատակով տակառներ արտադրելու համար) դուրս բերման, կաղնու եւ հաճարենու որակյալ փայտանյութը Թուրքիա, Եվրոպա, Իրան արտահանելու աշխատանքներով»,- «Հետքի» հետ զրուցում նշել է մասնագետ Հ. Սայադյանը:

Ժամանակին «Հետքը» գրել էր, որ հայկական փայտանյութն արտահանվում է հիմնականում Ֆրանսիա` կաղնե տակառատախտակների, Գերմանիա` «Մերսեդես» մեքենաների ներքին հարդարման, Իտալիա` հրազենի փայտե դետալների, Իսպանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրան` կահույքի համար: Այսօր էլ մեր երկրից փայտանյութը հիմնականում արտահանվում է Իրան, Ռուսաստան եւ Վրաստան: 2003-2010 թթ. վիճակագրական պատկերը ցույց է տալիս, որ Ռուսաստանին հետաքրքրում են փայտյա շինարարական իրերն ու մանրահատակը, իսկ Ֆրանսիան, որը տարիներ առաջ հայկական տակառների ու տակառատախտակի հիմնական ներկրողն էր, այլեւս հետաքրքրված չէ դրանցով, փոխարենը այդ ոլորտում ակտիվացել է Վրաստանը: Իսկ ահա ամենամեծ ներկրող Իրանը գլխավորապես անմշակ ու սղոցած անտառանյութ, ինչպես նաեւ նրբատախտակ է գնում ՀՀ-ից (տես Աղյուսակ 1, տվյալները ներկայացված են ըստ ամենաշատ ներկրողների, տոննաներով):

Այդուհանդերձ, իրանական ներկրումները, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նույնպես նվազել են: Մասնավոր հատվածին զուգահեռ` Իրան փայտանյութ է արտահանում նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:  Վերջինիս տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը անցյալ տարի «Հետքին» ասել էր, թե դեպի Իրան արտահանման նվազումը կապված է կառավարության արգելքի հետ. «Արտահանում ենք որոշ քանակությամբ հաճարի տախտակ, որովհետեւ կառավարության որոշմամբ արգելք դրվեց գերանների արտահանման վրա, դա նաեւ մեր նախաձեռնությունն էր: «Հայանտառը» միայն արտահանում է Իրան: Պահանջարկը նվազել է, որովհետեւ մեր հատումների արդյունքում չի գոյանում որակյալ շինափայտ, որն իրենց ձեռնտու լինի: Իրենք հաճարի գերանը տանում էին ոչ թե որպես տախտակ օգտագործելու, այլ երեսպատման համար` կահույքագործության մեջ: Գերանի պահանջարկ կար, բայց տախտակի պահանջարկ չկա: Սանիտարական հատումներից որակյալ շինափայտ չի գոյանում»:

Վերջին 5 տարիներին «Հայանտառը» տարեկան մթերել եւ իրացրել է միջինը 70-75 հազար խմ փայտանյութ, որի մեջ 36.000-ը կազմել է հատումներից գոյացած փայտը, իսկ 34.000-ը հավաքվել է թափուկից, քամատապալ, ձնաջարդի ենթարկված ծառերից: Հատված փայտանյութից 4.500 խմ-ն իրացվել է որպես շինափայտ:

Իսկ ընդհանուր առմամբ, ԱՎԾ-ի` «Հետքին» տրամադրած տվյալներից երեւում է, որ մեր երկրից փայտի արտահանման ծավալները նվազել են, փոխարենը աճել է ներկրումը (տես Աղյուսակ 2, տվյալները ներկայացված են տոննաներով): Պատճառները, ըստ էության, պետք է փնտրել որակյալ շինափայտի ծավալների կտրուկ նվազման մեջ:     

               

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter