
Հայրիկյանի մահափորձի գործով 2 անձ ձերբակալված է
Թեեւ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի բացահայտման մասին լուրը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ նշված գործով որպես կասկածյալ 2 հոգու ԱԱԾ-ն արդեն ձերբակալել է: Վերջիններս ազգությամբ հայ են:
Ինքը՝ Հայրիկյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախոս թափթփուկների համար։ Շատ բան ասել չեմ կարող: Բացահայտումն սկսված է: Կարծում եմ՝ պաշտոնական տեղեկատվություն էլ կլինի։ 29 սմ մարմնովս անցնող վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել, եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերն աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկվել, որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակվում է: Լավ լինենք»:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Հայրիկյանին վիրահատեցին, իսկ կատարվածի առնչությամբ նա հայտարարեց, որ հանցագործը, ըստ երեւույթին, հայ չէր, եւ իր կարծիքով՝ սա արտաքին ուժերի, մասնավորապես՝ ռուսների ձեռքի գործն է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քր. օր.-ի «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով: Իշխանությունները հայտարարեցին, որ մահափորձն ուղղված էր պետության եւ պետականության դեմ եւ նպատակ ուներ ստվերել «խաղաղ ընթացող» ընտրությունները:
Մեկնաբանել