HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան գիտնականը նման է խորդանոց նետված դաշնամուրի, որը ժամանակին բեմեր է նվաճել. Հայկ Խաչատրյան

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Հարգելի Հայկ, ես շարք եմ հրապարակում՝ «Երիտասարդ գիտնականի ամբիոն» խորագրով։ Ձեզ դիմում եմ՝ որպես Հայաստանում գործող երիտասարդ գիտնականի։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի: Նախապես շնորհակալություն։

Հարգելի Մանե, շնորհակալ եմ նամակի համար։ Ցավոք, ես այլևս հայաստանցի գիտնական չեմ։ Արտագաղթել ենք, ու ներկայում աշխատում եմ Կորեայում՝ Սամսունգ ընկերությունում՝ որպես ավագ գիտաշխատող։ Հայաստանում, մասնագիտական կյանքում շատ մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, սակայն այժմյան իմ կարգավիճակը երևի ամենախոսուն պատասխանն է այն հարցին, թե ինչպե՞ս է գիտության ու գիտնականների վիճակը Հայաստանում։

Այո, դառը պատասխան ունեք… Այնուամենայնիվ, գուցե արժե հենց ա՞յդ մասին գրել: Օրինակ, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Տեսնո՞ւմ եք դրանց լուծման ճանապարհները։

Հայաստանում բոլոր գիտնականների պարագայում, անկախ առջևից դրված ածականի, այն է` երիտասարդ, կայացած, հաջողակ, խոստումնալից և այլն, կարող ենք նույն բնորոշումը տալ. գիտնականին այսօր կարելի է նմանեցնել խորդանոց նետված դաշնամուրի հետ: Այն ժամանակին եղել է՝ բեմեր նվաճող, ծափերի մեջ խեղդվող ու ամենասպասվածը, քանի որ այն նվագել է մի մեծ երաժիշտ: Իսկ այժմ չկա այդ երաժիշտը, չկա դիրիժորը այլ կան ֆեյսբուքագետներ և շաղակրատախոսներ…

Արդյունքում՝ այն դեն նետելը ափսոս է, պահելը` թանկ հաճույք: Ստացվում է դիլեմա, որի լուծման համար պատասխանատու այրերը խորհուրդ են տալիս լքել երկիրը և աշխատել, ասենք, Չիկագոյում, որտեղ գիտնականը գուցե հասնի մեծ հաջողությունների ու այդպես, մի բանով պետքական լինի նաև մեր երկրի համար: Եվ նման խորհուրդներ հնչում են առաջին էշելոնից… Կարծես թե այստեղ խոսքեր էլ պետք չեն:

Ձեր կարծիքով որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Կարո՞ղ եք հակիրճ վերլուծություն կատարել՝ ինչո՞ւ է այդպես, ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։

Եթե ամենաստահակ ու սրիկա մեկին ասեք, որ ինքը մեղավոր չէ իր արած չարագործություններում, այլ հանգամանքների բերումով դա ստացվեց, ապա դուք նրա համար կդառնաք քայլող հրեշտակ` գորշ ամբոխի մեջ: Դա մարդու բնույթն է. ամեն ինչում մեղավոր տեսնել ինչ-որ մեկին, հանգամանքներին, մոլորակների դասավորությանը, մայաների գուշակությանը, բայց ոչ իրեն:

Այստեղ մեղավոր են թե՛ գիտնականը, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը: Եթե գիտնականը համարվում է հասարակության սերուցք և ամենախելացի մարդը, ապա ինչո՞ւ է նա ամենից շատ փող ուզում` չվերադրաձնելու պայմանով։ Եթե գիտնականը պետք է բյուջեի ամենամեծ սպառողը լինի՝ համարելով իրեն ամենախելացին, ապա վաղ թե ուշ դա կբերի հակադարձ էֆեկտին: Թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը շատ դժկամությամբ կտանեն նման «բեռին»: Այսինքն, գիտությունը Հայաստանում դառնում է «քաղցկեղ»:

Այս պատկերը, սակայն, ընդհանուր տեքստից կտրվելու և առանձին ներկայացնելու դեպքում միայն ճշմարիտ կլինի: Իսկ եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա անպայման պետք է ուշադրություն դարձենք վարվող քաղաքականությանը: Այս նպատակով հիմա դառնանք պետության մեղքին: Չկա մրցակցություն: Երևի սա արդեն ամեն ինչ ասում է, սակայն շարունակեմ մանրամասնել. պետության հիմնական գործառույթը պետք է լինի գիտական մտքից մինչև արտադրություն ձգվող փակ համակարգի ստեղծումը:

Որպես օրինակ բերեմ Կորեայի դեպքը: Այստեղ կա հզոր տնտեսություն ու արտադրություն: Պետությունը հսկայական քանակությամբ դրամաշնորհներ է տրամադրում համալսարաններին ու գիտական խմբերին: Դրանց հիմնական մասը տրվում են՝ ըստ որոշ գերակայությունների` համահունչ տնտեսությունում առկա պահանջներին:

Երբ արտադրողն իր գործունեության մեջ հանդիպում է որոշակի դժվարության, ապա նա հեշտությամբ գտնում է այդ ոլորտում իրականացված հզոր ու համապարփակ հետազոտություններ ու դրանց արդյունք հանդիսացող հոդվածներ: Հիմնվելով այդ արդյունքների վրա՝ արտադրողը հեշտությամբ կարող է լուծել ծագած խնդիրները: Դժվարության դեպքում հիմնավոր և նպատակաուղղված համագործակցություն է սկսում համապատասխան գիտնականի ու գիտական խմբի հետ: Գիտնականի տված արդյունքը խիստ պահանջված է և ունի կոնկրետ սպառում:

Միաժամանակ, բացի կոնկրետ խնդիրների լուծումից, իրականացվում են այլ հետազոտություններ, որոնք նոր ուղղություններ ու հնարավորություններ են բացում արտադրության համար: Այս արդյունքները արագ առևտրայնացվում և մտնում են արտադրություն: Արտադրություն կազմակերպելու դեպքում պետությունը շահում է բոլոր առումներով:

Հաջորդ փուլում ստացված եկամուների մի մասը կրկին տրամադրվում է գիտությանը, ինչը բերում է արդյունք, որն էլ հարստացնում է երկիրը: Նորմալ գործընթացի դեպքում գիտության մեջ դրված յուրաքանչյուր մեկ դոլար հետ է բերում մոտ չորս դոլար: Այսինքն, եթե մոտ մեկ մլրդ դոլար ներդրվի, ապա հետ կստացվի մոտ չորս մլրդ դոլար: Ահա, այս եղանակով գիտությունն առաջ է տանում երկիրն ու երկրի տնտեսությունը:

Այս շրջապտույտում գիտնականը չպետք է ջանա կամ անհանգստանա, թե իր արդյունքները ինչպես կարող է իրացնել, որ փող վաստակի: Դա պետության գործառույթն է: Պետությունը պետք է հանդիպեցնի փող ունեցողին ու միտք ունեցողին և ստեղծի մրցակցային պայմաններ` արտադրություն կազմակերպելու համար: Մեր երկրում չկա այս օղակը:

Գիտնականը պահանջում է իրեն փող տալ, իսկ ստացված արդյունքները խունանում են թղթի վրա` օգուտ չտալով պետությանը: Պետությունն էլ մյուս կողմից մեղադրում է գիտնականին՝ համարելով, որ գիտության մեջ ներդրումը նման է Դանայան տակառին. ինչքան լցնես, միևնույն է՝ չի լցվելու: Ամեն մի ներդրում անիմաստ է ու կորուստ է: Եվ ահա, արդյունքում ունենք միջնադարյան ինչ–որ պետություն` լղոզված ապագայով:

Մի անգամ կարդում էի աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկը: Այնտեղ նշվում էր, որ ամենաաղքատ երկրներից, ասենք՝ Կոնգոն, ունի ընդամենը մի քանի համալսարան՝ միլիոնավոր բնակչության պարագայում: Եվ վերջում հոդվածագիրը ավելացնում է. «Եվ պատահական չէ, որ այդպիսի կրթվածությամբ երկիրը աղքատության սանդղակում ամենաբարձր հորիզոնականներում է, պատճառն իրենց մեջ պետք է փնտրեն»:

Այո, մենք էլ մեր չքավորության պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Գիտության ու կրթության նախարարը ոչ թե ֆեյսբուկավարպետ պետք է լինի, այլ պրոֆեսիոնալ մենեջեր և գործից հասկացող: Կարծում եմ, ամենամեծ մեղավորը մեր կրթության և գիտության նախարարն է, նաև մանկավարժական համալսարանի ռեկտորը: Վերջինս զուտ այն պատճառով, որ չափազանց խոտան շրջանավարտներ է տալիս, որոնք դպրոց են մտնում ու նոր սերունդ կրթում: Այս «կրթված» անուսնե՞րը պետք է կրթեն մեր մատղաշ սերունդը, որը մեղավոր չէ՝ վատ կրթություն ստանալու համար։ Իսկ արդյունքում փտող պետություն ենք ունենում:

Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Կարծիքներ կան, որ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը, ու որ գիտնականը դադարում է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։ Ի՞նչ կասեք այդ մասին:

Նախ, հարցը կարդալիս ժպիտ առաջացավ: Ներեցեք, իհարկե, եթե կոշտ երևա. հարցը համարում եմ խիստ անլուրջ: Գիտնականը, որն իր կյանքի զգալի մասը դրել է կրթվելու համար, կուրացել է՝ մի քանի լեզուներ սովորելու, մասնագիտանալու, համաշխարհային հոսքից հետ չմնալու համար օրնիբուն կարդալու պարագայում, պետք է ապրի՝ ինչպես վերջին ողորմելի՞ն։ Դուք սա՞ նկատի ունեք։ Ասեմ ավելին. գիտնականները ամենահայրենասեր խավն են՝ ի համեմատ իրենց վիճակի ու չգնահատված լինելու աստիճանի:

Եթե միջակ ու գորշ զանգվածը հարմարվում է, ապա կրթված մարդը` երբեք: Նրանք են ծնել բոլոր տեխնոլոգիական հեղափոխությունները, նրանք են մարդկությունը կապիկից հասցրել տիեզերք, և այդ նրա՞նք պետք է գոյատևեն՝ սրա ու նրա գթասրտությունը աղերսելով, մի կտոր հա՞ց մուրան, որպեսզի չմեռնեն ու հրեղեն գո՞րծ անեն։

Ոչ, բնավ այդպես չէ: Դելիտանտը և պրոֆեսիոնալը տարբերվում են նրանով, որ պրոֆեսիոնալn իր գործունեությամբ գումար է վաստակում: Եթե ինչ-որ մեկը գիտական արդյունքներ ունի, անգամ՝ հրաշալի արդյունքեր, ու փող չի վաստակում, ապա նա ընկալվում է որպես դելիտանտ, իսկ իր գործը` սիրողական:

Գիտնականը պե՛տք է վաստակի և շա՛տ վաստակի` հարիր իր կարգավիճակին:

Հարցազրույցը՝ Մանե Հակոբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter