HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Թումասյանը` երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների վերաբերյալ

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից Արմեն Թումասյանի հետ զրուցեցինք վերջին շրջանում հաճախացած երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների վերաբերյալ։

Արմենը փորձարար ֆիզիկոս է, ներկայում աշխատում է CMS(LHC) նախագծում հադրոնային շիթերի էներգետիկ տրամաչափման, Հիգգսի մասնիկի որոնման և մի քանի ուրիշ խնդիրների վրա, CMS(LHC) գիտափորձի հայաստանյան խմբի անդամ է: CMS(LHC)-ը աշխարհում ամենամեծ գիտափորձերից մեկն է, որն իրականացվում է մի շարք երկրների համատեղ ջանքերով. կոլաբարացիայում ընդգրկված են մոտ 3000 գիտաշխատողներ: Գիտափորձի շրջանակներում տպագրվող հոդվածների թիվը մեծ է, ու բոլորն էլ՝ հեղինակավոր ամսագրերում, համապատասխանաբար` հղումների ընդհանուր թիվը մեծ քանակություն է կազմում:

–Արմեն, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

–Ըստ կոլաբորացիայի ներքին կանոնադրության՝ ներկայում յուրաքանչյուր աշխատանք, որը կատարվում է կոլաբորացիայի շրջանակներում, լույս է տեսնում ամբողջ խմբի անունից (այսինքն՝ մոտ 3000 համահեղինակով), իսկ կոնկրետ իմ ներդրումը տարբեր հոդվածներում տարբեր է, բայց, ամեն դեպքում, գոնե ինչ-որ մասով կա, քանի որ, բացի զուտ գիտական մասնակցությունից, մեր խումբը մասնակցում է նաև CMS-ի տվյալների որակավորման աշխատանքներին, որոնք օգտագործվում են արդյունքներ ստանալու համար:

-Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելում։ Ի՞նչ կարող եք ասել. գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք այս հարցում, ինչպիսի՞ չափորոշիչներ կիրառել։ Ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։ 

-h-ինդեքսն, իհարկե, կարևոր է, բայց թե՝ կոնկրետ ի՞նչ չափորոշիչներ է պետք կիրառել՝ կալաբորացիոն աշխատանքները գնահատելիս, անկեղծորեն՝ դժվարանում եմ ասել։

-Կարո՞ղ եմ իմանալ Ձեր կարծիքը հետևյալի վերաբերյալ. երիտասարդ գիտնականներից մեկը մի քանի հարյուր հեղինակ ունեցող հոդվածների մասին գրել է. «Դա իրոք բարդ հարց է։ Պարզ է, որ այդ մի քանի հարյուր հոգուց հոդվածի իրական հեղինակ են հադիսանում միայն մեկ-երկուսը կամ մի քանիսը։ Մնացածն ինչ–որ չափով օժանդակում են այդ պրոցեսին, տրամադրում են սարքավորում կամ ծրագիր և դրա դիմաց պահանջում ներառել իրենց անունները՝ որպես համահեղինակ։ Այդպիսի հոդվածները շատ հաճախ տպագրվում են մեծ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում և ունենում են շատ հղումներ։ Սակայն ես կարծում եմ, որ այդպիսի հոդվածների հեղինակներին կարելի է մրցանակ տալ, եթե կան հստակ ապացույցներ, որ հե՛նց նրանք են հոդվածի հիմնական հեղինակները։ հ-ինդեքսը նույնպես այս դեպքում օգուտ չի տա։ Ես նկատեցի, որ վերջին մրցանակաբաշխության դիմողներից մեկը ներկայացրել էր 50-ից ավել կոլաբորացիոն հոդված։ Սակայն պարզ է, որ երիտասարդ գիտնականի համար ֆիզիկապես հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում գրել այդքան հոդված։ Լավագույն դեպքում, նա կարող է լինել դրանցից միայն մի քանիսի հիմնական հեղինակը»։

-Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ ապացույցներ է հարկավոր բերել, որպես ապացույց՝ ի՞նչը կընդունվի։ Բացի այդ, ո՞վ է ասել, որ սարքավորման կամ անհրաժեշտ ծրագրային ապահովումը ուշադրության արժանի գործ չէ: Ընդհանրապես, որքանով որ ես գիտեմ, նման մրցանակաբաշխություններում կոլաբորացիոն հոդվածների համար հաշվարկն առանձին կերպ է արվում: Չնայած տեղյակ չեմ, թե կոնկրետ՝ ինչ կերպ, մանրամասներին չեմ տիրապետում։

-Համենայն դեպս, կա կարծիքների տարբերություն։ Ինչպե՞ս վարվել։

-Թե ինչպես վարվել, պետք է որոշի մրցանակաբաշխությունը կազմակերպող հանձնաժողովը: Հետաքրքիր է իմանալ՝ կարծիք հայտնողը փորձարա՞ր է, թե՞ տեսաբան։ Չնայած դա առանձնապես կարևոր չէ, ուղղակի այսպիսի հոդվածների հիմնական համահեղինակ ինչ-որ մեկին անվանելը մի քիչ սխալ բան է, դրա համար էլ բոլորի անունից են գնում այս հոդվածները: Այս մեծ կոլաբորացիայում մարդկանց մի մասը սարքավորման վրա է աշխատում, մյուսը՝ տվյալների հավաքման, մյուսը՝ տվյալների որակավորման, մյուսը՝ այս տվյալների վերլուծության, մի մասը տեսաբան է, տարբեր լոկալ խմբեր կարող են աշխատել նույն խնդրի վրա։ Ո՞ւմ կարելի է անվանել հոդվածի հիմնական հեղինակ. նրա՞ն, ով օգտվելով ուրիշ մարդկանց տեսությունից, ուրիշ մարդկանց կառուցած սարքավորումից, օգտվելով ուրիշ մարդկանց ծրագրերից, ուրիշ մարդկանց հավաքած ու որակավորած տվյալներից ինչ-որ արդյո՞ւնք է ստանում։ Սա է ժամանակակից փորձարարական ֆիզիկան, ինչպե՞ս կարող է ինչ-որ անհատ լուրջ արդյունքներ ստանալ այս բնագավառում՝ աշխատելով միայնակ։

-Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ես ինքս փորձարար եմ, ու բարեբախտաբար գիտափորձը, որի վրա աշխատում եմ, չունի նյութական խնդիրներ: Ես հասկանում եմ այն փորձարարներին, որոնք ունեն այդպիսի խնդիրներ, այդ պարագայում, չնայած մարդն ընդունակ է լուրջ գործեր անելու, սակայն դրա հնարավորությունը չունի: Բայց տեսաբանները դրանում մեղավոր չեն: Հարցը կարելի է լուծել՝ առանձին մրցանակաբաշխություններ սահմանելով տեսաբանների ու փորձարարների համար, բայց նույնիսկ այս դեպքում այն փորձարարները, որոնց փորձը նյութապես կախված է տեղի ֆինանսավորումից, շահեկան դիրքում չեն հայտնվի համեմատած արտասահմանյան գիտափորձերում աշխատող իրենց կոլեգաների հետ: Այս հարցը իրոք մտահոգիչ է։

Այս տարի, ՀԵՀ «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունվել է ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը։ 

–Կարծում եմ, երկու չափանիշներն էլ կարևոր են: Բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված աշխատանքները անխոս վստահություն են ներշնչում՝ արդյունքների ճշմարտացի լինելու տեսանկյունից և ամենակարևորը՝ դրանք հասանելի են բոլորին: Սակայն աշխատանքն ինչ-որ ամսագրում տպագրելը ենթադրում է, որ այդ աշխատանքը կարող է ուրիշներին հետաքրքրել, որոնք իրենց հերթին իրենց արած գործերում պետք է օգտագործեն քո արդյունքը՝ հղում տալով քո հոդվածին: Այսինքն, եթե քո աշխատանքին հղում է արվում, սա խոսում կատարված աշխատանքի պիտանի լինելու մասին, որը անչափ կարևոր է:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն բանին, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների։ Տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։

-Այո, նորմավորված ազդեցության գործակցի ներմուծումը կարող է լուծել խնդիրը, բայց՝ միայն մասամբ։ Չէ՞ որ ազդեցության գործակիցը հավասար պայմաններում հաշվվում է բոլոր ամսագրերի համար, այսինքն՝ եթե ֆիզիկայի ամսագրերի ազդեցության գործակիցներն ավելի բարձր են, քան մի ուրիշ ոլորտինը, դա գալիս է նրանից, որ այստեղ ավելի շատ աշխատանքներ են արվում, ավելի շատ հղումներ են տալիս և այլն, իսկ նորմավորելով՝ մենք արհեստականորեն հավասարեցնում ենք գիտության բոլոր բնագավառները՝ ըստ կարևորության: Ես ամենևին էլ չեմ ուզում ասել, թե գիտության մի ճյուղն ավելի կարևոր է մյուսից, բայց եթե կա տարբերություն, ապա արհեստականորեն ոլորտներն իրար հավասարեցնելն ինձ սխալ է թվում: 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter