«Արգելոցային ռեժիմը «ոսկյա» համարանիշներ չի ճանաչում»,- ասում է Խորովի արգելոցի ժամանակավոր պաշտոնակատարը
«Հետքի» հարցերին պատասխանել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը
Որտեղի՞ց եք ծնունդով եւ որտե՞ղ եք ներկայումս բնակվում:
Ծնունդով Երևանից եմ, բնակվում եմ Նոր-Արեշ 45 փողոց, տուն 60:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջի հրապարակման` դուք ունեք տնտեսագետի որակավորում: Կարո՞ղ եք ասել` կոնկրետ ինչ մասնագիտություն ունեք:
Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ:
Ավարտել եք բուհը 1988թ., ավարտելուց հետո որտե՞ղ եք աշխատել:
1992թ. հունվար ամսից աշխատել եմ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության գծով փոխտնօրենի պաշտոնում:
1992թ.-ին դարձել եք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն: Այդ տարիներին որսագողության դեպքեր եղե՞լ են արգելոցում, թե՞ ոչ: Տարեկան քանի՞ դեպք եք հայտնաբերել և արձանագրել:
Այո, եղել են բազմաթիվ դեպքեր: Սակայն ինձանից առաջ և հետո հայտնաբերված
որսագողության, ձկնագողության և այլ խախտումների մասով բացահայտման դեպքեր ոչ ոք դեռ չի գերազանցել: Դեպքերի քանակությունը և համեմատականը կարող եք ճշտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արխիվներից:
«Հայանտառում» որ թվականին ի՞նչ ղեկավար պաշտոն եք զբաղեցրել:
1994-1995թթ. «Հայանտառ» անտառների ՊԱՀՊ ծառայության հատուկ ջոկատի ստորաբաժանման ղեկավար:
1995-1997թթ. ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության «Հայանտառ» ՊՁ-ի անտառների և պետական վերահսկողության վարչության պետ:
1998 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության բնապահպանական պետական տեսչությունում որպես տեսչական խմբի պետ:
2000-2002թթ. «Հայանտառ» ՊՓԲ-ում որպես հսկողության բաժնի պետ:
2002-2004թթ. «Հայանտառ» ՊՓԲ-ի գլխավոր տնօրեն:
2004-2005թթ. ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ:
2006-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:
Փաստորեն, դուք «Հայանտառում» աշխատել եք այն տարիներին, երբ զանգվածաբար հատվում էին անտառները: Ըստ ձեր տվյալների` այդ ժամանակ որքա՞ն են եղել տարեկան ապօրինի ծառահատումները: Ինչպե՞ս կգնահատեք ձեր աշխատանքը «Հայանտառում»:
Հաշվի առնեելով ցուրտ ու մութ տարիները, այո եղել են մասայական հատումներ: Կոնկրետ տվյալների համար կարողք եք դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ, իսկ իմ աշխատանքը ելնելով ժամանակի իրավիճակից գնահատում եմ բավարար:
Ապօրինի անտառահատումների գործով հարուցած քանի՞ քրեական գործերով եք հարցաքննվել:
Կրկնում եմ` ճշգրիտ տվյալներ կարող եք ստանալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Համենայնդեպս, ես որևէ բանում երբևէ չեմ մեղադրվել, առավել ևս` չեմ հարցաքննվել:
Լուրեր են պտտվում, որ դուք դարձել եք «Հայանտառի» տնօրեն, քանի որ ունեցել եք բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ, արդյոք դա ճի՞շտ է և ո՞վ է եղել այդ բարձրաստիճան պաշտոնյաները:
Ծանոթանալով իմ աշխատանքային կենսագրությանը կարծում եմ դուք ավելորդ կհամարեք այդ հարցը:
2004թ. ՀՀ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ եք եղել, 2004 թվականից մինչև ո՞ր թվականն եք աշխատել այս պաշտոնում:
2004 թվականին հաղթող եմ ճանաչվել քաղ. ծառայության մրցույթում և նշանակվել եմ անտառների վերահսկողության բաժնի պետ:
Ի՞նչն էր պատճառը, որ լքեցիք այդ պաշտոնը:
Սակայն 2005թ. առողջական խնդիրների պատճառով դուրս եմ եկել աշխատանքից:
2006-2007թթ. եղել եք ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: Հատկապես ի՞նչ խորհուրդներ էիք տալիս նախարարին:
Կատարել եմ տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատանքային պարտականությունները:
2007թվականից զբաղվել եք մասնավոր գործունեությամբ, ո՞ր բնագավառում և ի՞նչ գործունեություն եք ծավալել: Արդյո՞ք փայտամշակման բիզնեսով էիք զբաղվում:
Երբևէ փայտամշակման և նմանատիպ գործունեությամբ (բիզնես) չեմ զբաղվել:
Ինչո՞ւ որոշեցիք դառնալ արգելոցի ժամանակավոր պաշտոնակատար:
Իսկ ինչու ոչ:
Մասնակցելո՞ւ եք ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթին, թե՞ ոչ:
Այո, մասնակցելու եմ:
Ինչպե՞ս եք վերաբերվում Խոսրովի արգելոցում վերջերս տեղի ունեցած ապօրինություններին, մասնավորապես` Գիլանի կառույցի ապամոնտաժման հանրության պահանջին, որսագողությանը, ի՞նչ կարող եք անել որսագողությունն արգելոցում իսպառ վերացնելու համար, կարո՞ղ եք արդյոք «ոսկե» համարներով ավտոմեքենաների մուտքն արգելել «Խոսրովի արգելոց»:
Վերաբերմունքս բացասական է, ինչպես նախկինում պայքարը որսագողության դեմ լինելու է համար մեկ խնդիրը: Արգելոցային ռեժիմը «ոսկյա» համարանիշներ չի ճանաչում:
Ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել բնապահպանական ակտիվիստների հետ. փաստորեն, իրենք ձեր անձի նկատմամբ եւս ունեն որոշակի կասկածներ:
Պատրաստ եմ համագործակցել բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ակնկալում եմ բնապահպանական ակտիվիստների գործնական աջակցությունը, քանի որ աշխատանքները լինելու են բաց և թափանցիկ:
Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ ունե՞ք, եթե այո, ապա թվարկեք:
Իմ աշխատանքային պրակտիկայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում համագործակցել եմ "FAO", "SIDA" միջազգային կազմակերպությունների հետ:
Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել միջազգային կազմակերպությւոնների հետ, գիտեք արդյոք, որ նրանք ժամանակավոր դադարեցրել են իրենց ֆինանսավորումները Խոսրովի արգելոցում՝ հաշվի առնելով նախորդ մրցույթը:
Ի գիտություն` միջազգային կառույցների հետ համագործակցությունը վերականգնված է:
Ի դեպ, հնարավո՞ր է արդյոք, որ Գաբրիել Պողոսյանին կրկին փոխտնօրեն նշանակեք:
Փոխտնօրենի նշանակումները «Խոսրովի անտառ» պետ. արգելոցի տնօրենի իրավասություններից դուրս է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել