HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ինչո՞ւ դեռ չեն շահագործվում չինական բոլոր ավտոբուսները

Վերջին օրերին սոցիալական ցանցերում շատ են քննարկվում Երևանի քաղաքապետարանում ավտոբուսների վարորդների հաստիքների վերաբերյալ հարցերը: Ու թեև քննարկման պատճառ դարձավ Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հայտնի զրույցը, որի ժամանակ քաղաքապետն ասաց, որ իրենց 150 հազար դրամ աշխատավարձով ավտոբուսների վարորդներ են պետք, և դրան հաջորդող բացահայտումը, որ աշխատավարձը ժամում ընդամենը 279 դրամ է:

Թեև այդ 279 դրամին գումարվում է «օրվա պլանի» (որը կազմում է 24-41 հազար դրամ` կախված երթուղուց) և ուղևորներից եկած 100-ական դրամների տարբերությունը, այնուամենայնիվ, փաստն այն է, որ բազմաթիվ նոր ավոտբուսներ դեռ չեն շահագործվում` վարորդների բացակայության պատճառով (կամ գուցե այդ պատրվակով):

Կարծես, չկա ավելի հեշտ (էժան) բան, քան նվեր ստացած ավտոբուսները շահագործելը: Ընդամենը դրանք պետք է ապահովագրել (ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ), վառելիք լցնել ու հանել փողոց… Եվ եթե վարորդները քիչ են, մեծացնելով աշխատավարձը՝ միևնույնն է, երբ չկան ավտոբուսի գնման վարկը փակելու ծախսեր, այդ ավտոբուսներից քաղաքային բյուջե եկամուտներ կգնան:

Սակայն այդ պարզ հարցն արդեն ամիսներ շարունակ չի լուծվում… Մեկ ասում են, որ վարորդներ չկան, մեկ ասում են, որ ձմեռային շրջանում նոր վարորդներ չեն ընդունում (եղանակի ռիսկերից խուսափելու համար)… Իսկ ավտոբուսները դեռ կանգնած են ու կանգնած:

Փորձելով հասկանալ ավտոբուսների` պարապուրդի մատնված լինելու փաստի պատճառները, ըստ էության, կարելի է գալ միայն մի եզրահանգման. քաղաքապետարանում չեն ցանկանում, որ այդ ավտոբուսները գործեն… Իսկ այդպիսի ցանկությունը, իր հերթին, կարող է ունենալ միայն մի մոտիվացիա. այդ ավտոբուսների շահագործումը խփում է երթուղայինների, այսպես կոչված՝ «գծատերերի» գրպանին:

Եթե ասվածին գումարենք այն փաստը, որ Երևանում երթուղայինների «գծատերերը» հիմնականում բարձր պաշտոն ունեցող իշխանավորներ են (կամ վերջիններիս մոտ կանգնած անձինք), իսկ, որոշ հրապարակումների համաձայն, նաև անգամ Տարոն Մարգարյանն ու Գալուստ Սահակյանը, պարզ է դառնում, թե ինչո՞ւ են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից նվեր ստացած ավտոբուսներն այդքան դանդաղ դուրս գալիս «գիծ»:

Հ.Գ. Երևանի քաղաքապետարանի ավտոպարկից ճշտեցինք, որ դեռ 2012-ի մարտ ամսին նվեր ստացված 249 ավտոբուսներից այս պահին փողոց են դուրս բերվել մինչև 180-ը (ենթադրենք, թե այս տեղեկությանը հավատում ենք)… Այսինքն, երբ երևանցիները կռանում են երթուղայիններում, ժամերով մրսում են կանգառներում, դեռ ավելի քան 70 ավտոբուս ավտոպարկում մատնված է պարապուրդի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter