«Շանթ» հեռուստաընկերությունը և կին վարորդները. վիճակագրությունն այլ բան է փաստում
«Կինը պետք ա մենակ տանը նստի, լվացք անի ու միս աղա», «Իսկի տղամարդը չի կարում քշի, ուր մնաց կինը քշի էս քաղաքում», «Դե կին ա, երևի անուշադիր ա», «Տղամարդիկ գոնե վախի զգացում ունեն, զգույշ են, իսկ կանայք՝ չէ»:
Սրանք այն խոսքերն էին (ոչ բառացի մեջբերած, քանի որ տեսանյութն այնդպես էլ մեզ չտրամադրվեց), որոնք հնչեցին «Շանթ» հեռուստաընկերության հունվարի 27-ի կիրակնօրյա «Հորիզոնի» եթերում: Ռեպորտաժը պատրաստված էր վերջերս տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որտեղ ներգրավված էին կին վարորդներ: Ռեպորտաժի ընթացքում լրագրողի յուրահատուկ մոտեցում նուղղված էր ավտովթարների պատճառները պարզաբանելուն՝շեշտը դնելով վարորդների սեռային պատկանելության վրա:
Շանթ հեռուստաընկերության լրագրողի կողմից պատրաստված նյութի մատուցման ձևը, ինչպես նաև ռեպորտաժում պատահական անցորդների հնչեցրած կարծիքներն անչափ անհանգստացրին «Հասարակություն առանց բռնության»՛ ՀԿ-ին գենդերային հավասարության և գենդերային հիմքով խտրականության տեսանկյունից:
Այս կապակցությամբ կազմակերպությունը որոշեց պաշտոնականական նամակով դիմել ՀՀ ոստիկանություն: Ի պատասխան նամակի՝ ոստիկանությունը տրամադրեց համապատասխան տեղեկատվություն, որի հիման վրա կազմակերպությունը կազմեց վիճակագրություն: Համաձայն ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տվյալների՝ ՀՀ-ում 585 819 տղամարդ և ընդամենը 36 791 կին վարորդ կա: Ըստ ստացված վիճակագրության՝ հունվար ամսին Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ներգրավված է եղել ընհանուր կին վարորդների 0.04%-ը (15 վարորդ), իսկ տղամարդ վարորդների՝ 0.03%-ը (164 վարորդ): Մարմնական վնասվածքներ ստացած 284 մարդկանցից 7%-ը տեղի է ունեցել կին վարորդների մասնակցությամբ պատահարների հետևանքով, իսկ 93%-ը՝ տղամարդկանց: Հունվար ամսին ունեցել ենք 22 զոհ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, և նրանցից բոլորն էլ տեղի են ունեցել տղամարդ վարորդների մասնակցությամբ:
Հաջորդ քայլը «Շանթ» հեռուստաընկերություն զանգահարելն էր և նրանից կիրակնօրյա «Հորիզոնի» հունվարի 27-ի տեսանյութը խնդրելը: Մեզ հայտնեցին, որ նյութը չեն կարող տրամադրել, քանի որ, մեջբերում եմ. «Որոշակի հեղինակային իրավունքների խնդիրներ են առաջացել», սակայն նշեցին, որ տեսանյութը կա իրենց կայքում և կարող ենք այն դիտել: Տեսանյութն, իրոք որ, կար կայքում և ուներ շատ դիտումներ: Սակայն խոսակցությունից ընդամենը 2 օր անց՝ այսօր առավոտյան, պարզվում է, որ տեսանյութը հանված է «Շանթ» հեռուստաընկերության կայքից: Զանգահարելով հեռուստաընկերություն՝ տեղեկանում ենք, որ կայքերի պատասխանատուն տեղում չէ, հասանելի կլինի երկուշաբթի միայն, և մեր հեռախոսազանգին պատասխանած անձնավորությունը բնավ տեղյակ չէ, թե ինչու է իրենց կայքից բացակայում միայն տվյալ օրվա տեսանյութը: Փետրվարի 9-ի ժամը 17:00-ի տվյալներով տեսանյութը շարունակում է բացակայել «Շանթ» հեռուստաընկերության պաշտոնական կայքից:
Հետագա դատողություններն այն մասին, թե ինչու անհետացավ հենց հունվարի 27-ի տեսանյութը Շանթ հեռուստաընկերության կայքից և թե ինչու հեռուստաընկերությունը չցանկացավ մեզ տրամադրել տեսանյութը, թողնում ենք ընթերցողի հայեցողության վրա:
Ամեն դեպքում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն տեղեկացնում է, որ տվյալ նյութում տեղ գտած տեղեկատվությունը պարունակում էր բացահայտ գենդերային խտրականություն կին վարորդի հանդեպ՝ համարելով նրանց վատ վարորդ՝ հիմնվելով միայն սեռային պատկանելիության վրա:
Խոսելով փաստերով՝ ակներև է, որ վիճակագրական տվյալները փաստում են հակառակի մասին, իսկ «Շանթ» հեռուստաընկերության՝ այս հարցի հանդեպ ունեցած կողմնակալ մոտեցումը և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանումը վկայում են այն մասին, որ գենդերային կարծրատիպեր կոտրելը պետք է սկսել հեռուստաեթերից:
Լիդա Մինասյան
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել