HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մամիկոնյան. փոքր ծրագրերով գիտությունը չես փրկի… պետք է տասնապատկում

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Վարդան Մամիկոնյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ է՝ որպես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ։

-Վարդան, ի՞նչ ծրագրեր են իրականացվել ԵԳԱԾ-ի շրջանակներում, ի՞նչ կարգով են դրանք իրականացվել, ովքե՞ր են շահառուները։ Ի՞նչ ձեռքբերումներ կան, իսկ կա՞ն ձախողումներ կամ վրիպումներ։

-Աջակցությունը տրամադրվում է բացառապես մրցութային կարգով, 4 հիմնական ուղղություններով` գիտաժողովների մասնակցության գործուղումների, գիտաժողովների կազմակերպման, գիտական մրցանակների և գիտական հետազոտությունների դրամաշնորհնների ֆինանսական աջակցություն: Շահառուներն են` ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում երկար ժամանակ բնակվող, ՀՀ գիտական կազմակերպություններում աշխատող կամ սովորող (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ), մինչև 35 տարեկան, գիտական գործունեությամբ զբաղվող անձինք: Մեծ թվով երիտասարդներ արդեն իսկ օգտվել են ծրագրից: Ձախողումներ կամ էական վրիպումներ չեն եղել: Ես ինքս օգտվել եմ ԵԳԱԾ-ի ծրագրերից, կոնկրետ՝ համաֆինանսավորվել է 2012 թ.-ի իմ երեք  գործուղումներից մեկը` Ս. Պետերբուրգում կայացած գիտաժողովին մասնակցելու նպատակով: Այնպես որ, դիտարկումներս ասում եմ՝ ոչ միայն որպես ծրագրի ղեկավար մարմնի անդամ, այլ նաև՝ որպես շահառու։

-Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ են արդյոք իրենց կոնսենսուսի և ռոտացիայի սկզբունքները։

-Ի սկզբանե ողջունել և ողջունում եմ երկու սկզբունքներն էլ։ Կարծում եմ, որ այդ սկզբունքները պետք է գործեն միաժամանակ: Քանի որ այս դեպքում միայն կարող է լինել երաշխիք, որ կիրականացվեն միայն տրամաբանված ծրագրեր ու կհաստատվեն միայն հիմնավորված հայտեր:

Բոլոր հայտերը քննվում են ղեկավար մարմնի բոլոր 9 անդամների կողմից` մեր իսկ կողմից ընդունված և ավագների խորհրդի կողմից հաստատված չափանիշներով: Եվ այս պարագայում, այսինքն՝ կոնսենսուսի և ռոտացիայի սկզբունքների կիրառման դեպքում, ղեկավար մարմնի անդամների մոտ չեն հասցնի ձևավորվել այնպիսի կապեր և հարաբերություններ, որոնք միջավայր կստեղծեն «խոսքերը մեկ անելու»՝ հնարավոր չարաշահումների հարցում: Չնայած, կոնկրետ այսպիսի դեպքերը հնարավորինս կանխելու համար, հավանաբար կոնսենսուսի սկզբունքը բավարար է` չեմ կարծում, թե բոլոր 9 անդամները կարող են միաժամանակ տրամադրված լինել կեղծելու: Բայց այլ հնարավոր չարաշահումնեից խուսափելու համար երկու սկզբունքներն էլ անհրաժեշտ են։

-Ի՞նչ կասեք ԵԳԱԾ-ի ծրագրերում որդեգրված չափորոշիչների վերաբերյալ։ Մասնավորապես, արդարացվա՞ծ է այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են օգտվում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական աջակցությունից։

-Չափորոշիչները հեռու են կատարյալ լինելուց, սակայն հիմնավորված են և գտնվում են կատարելագործման մեջ. անընդհատ աշխատում ենք դրանց վրա: Պարզապես մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հակառակ կողմից` տրվեց գումարը, որը պետք է նպատակաուղղված և արդարացված «բաժանվեր» մեկ տարվա ընթացքում։ Բավականին մեծ ժամանակ ծախսվեց աշխատակազմի ձևավորման, աշխատակարգի և գործելաոճի որոշման ուղղությամբ, այնուհետև միայն ձեռնամուխ եղանք մրցույթների պայմանների մշակմանն ու մրցույթների իրականացմանը: Այլ կերպ ասած` ժամանակի սղությունը ծնում է թերություններ:

Բնական գիտությունների ոլորտում, գիտաժողովների մասնակցության համար, սովորաբար, շատ ավելի մեծ թվով հայտեր են ստացվում պաստառային զեկուցումներով, քան բանավոր զեկուցմամբ հանդես եկողներից: Բայց մենք ֆինանսական աջակցություն տալիս ենք միայն բանավոր զեկույցների դեպքում։ Պետք է ասել, որ, ընդհանրապես բանավոր ներկայացման իրավունք են ստանում լավագույն զեկուցումները: Բացի այդ, հաճախ գիտաժողովի մասնակցության հայտը ներկայացնելիս, խուսափելով պատասխանատվությունից, չենք էլ ցանկանում բանավոր զեկուցմամբ հանդես գալ, մինչդեռ դա շատ ավելի պատվաբեր է և ավելի մեծ դեր և նշանակություն կարող է ունենալ՝ ճանաչման և հետագա հնարավոր համագործակցության ստեղծման տեսանկյունից: Ուստի, բանավոր զեկուցումներն իհարկե պետք է առավելություն ունենան։

Մյուս կողմից, գիտության հումանիտար թևի դեպքում, գիտաժողովները անցկացվում են հիմնականում բանավոր զեկուցումներով: Բայց այդ ոլորտները մեզ մոտ վատ են զարգացած և հաճախ ներկայացվում են թույլ աշխատանքներ, ու այդ պարագայում հումանիտար ոլորտի մասնագետները հաճախ դժվար թե կարողանային գիտաժողովների գործուղման մրցույթներում հաղթել բնագետներին՝ առանց որոշակի «ֆոռա»-ի, այսինքն, եթե չլիներ դրված բանավոր զեկույցի պահանջը: Բայց մենք ցանկանում ենք, որ այդ մասնագետներն էլ կարողանան օգտվել ծրագրից և դրա արդյունքում նաև զարգանան: Չնայած երբեմն վստահորեն կարելի է պնդել, որ իրականում այս կամ այն հեղինակավոր գիտաժողովին պաստառային զեկուցմամբ հանդես գալն ավելի արդյունավետ է և հրավեր ստանալն՝ ավելի դժվար, քան պակաս հեղիանակավոր մեկ այլ գիտաժողովում բանավոր զեկուցման հրավեր ստանալն ու ներկայացնելը: Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշել ենք, ծրագրի շարունակման դեպքում, բանավոր զեկուցմանը տալ լուրջ առավելություն, սակայն զեկուցման այլ եղանակների հնարավոր ֆինանսավորումը նույնպես չբացառել: Պետք է նկատել, սակայն, որ այդ դեպքում գործընթացը դառնում է շատ աշխատատար, իսկ հնարավորինս պակաս վիճահարույց չափորոշիչների մշակումը՝ շատ և շատ դժվար:

-Ինպե՞ս եք գնահատում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի աշխատանքը ընդհանուր առմամբ։

-Ըստ իս, ԵԳԱԾ ղեկավար մարմինը գործում է թափանցիկ: Մենք ակնկալում ենք խորհուրդներ, դիտողություններ, առաջարկներ՝ բոլոր մրցույթների պամաններում լավացնող փոփոխություններ մտցնելու, մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Չեմ կարծում, թե օգտակար և տրամաբանված որևէ խորհուրդ անտեսվել է: Ընդհանուր առմամբ, ԵԳԱԾ ղեկավար մարմի գործելաոճն աննախադեպ է ՀՀ-ի համար` ընդառաջ ենք գնում երիտասարդ գիտնականին` գրեթե ուշադրություն չենք դարձնում տեխնիկական խնդիրներին, բացատրում ենք, տալիս հնարավորություն՝ թերությունները շտկելու, ապա քննարկում, պարզաբանում մրցույթում չհաղթելու պատճառները և այլն:

-Նաև, խնդրում եմ ընդհանուր գնահատական տալ՝ արդյունավե՞տ է գործել ծրագիրը, արդյունավե՞տ են ծախսվել ֆինանսները։

-Կարծում եմ՝ այո։ Ընդհանրապես, արդյունավետության տեսանկյունից խոսելիս, կարծում եմ, պետք է համեմատել այլ ծրագրերի հետ: Եվ այս առումով, անկասկած, այս ծրագիրը նկատելիորեն ավելի արդյունավետ է և օգտակար, քան երիտասարդական մի շարք ծրագրեր, որոնք տարիներ շարունակ իրականցվում են մեզանում՝ երիտասարդների շատ որոշակի, հաճախ քաղաքականացված, շրջանակների համար։ Կարծում եմ, որ պատասխանատու օղակները բարձր կգնահատեն ծրագրի արդյունավետությունը և ծրագիրը կդառնա շարունակական։

-Ի՞նչ առաջարկներ ունեք՝ ծրագիրն է՛լ ավելի լավացնելու համար, ինչպիսի՞ ծրագրեր արժե իրականացնել ապագայում։

-Այսպիսի փոքրիկ ծրագրերով մեր գիտությունը չես փրկի… Հիմնական հարցը սա է։ Իրականացված ամեն մի ծրագրի համար անհրաժեշտ է հատկացնել շատ ավելի մեծ գումարներ, էականորե՛ն ավելի շատ: Ամեն դեպքում, եթե գումարն ավելանա, կարծում եմ, որ պետք է սկսվեն խրախուսվել երիտասարդական գիտական նոր խմբերի, լաբորատորիաների հիմնումը, այդքան անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների վերազինումը և այլն:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն բանին, որ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։

-Եթե «ընդլայնում» նշանակում է տասնապատկում, ապա  ողջունում եմ:  

Մանե Հակոբյան

Լուս.՝ Վ. Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter