HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգ, պար, ծես և ուրախություն. Բարեկենդանը` «Նարեկացիում»

«Վան» ազգագրական համույթը իսկական տոն բերեց  «Նարեկացի» արվեստի միություն: Նախ հնչեցին Կոմիտասի  ոչ  շատ հայտնի ժողովրդական  երգերից, այնուհետև  համույթը հանդիստեսին  ներկայացրեց  Բարեկենդանի  ծեսերը` երգ ու պարով, կատակներով, ավանդական ծիսակատարության բեմադրությամբ` մեծ  ոգևորություն  ու  դրական լիցքեր հաղորդելով հանդիսատեսին:

«Բարեկենդանը դա  մեր  հայկական դիմակահանդեսն է…, - ասում է համույթի  խմբավար` Գայանե Բադալյանը,-  մենք ուրախ ազգ ենք եղել,  այսօր  մենք  մոռացել ենք, չգիտենք և  տեղեկացված չենք այդ մասին  և  ուրախանալու համար նախընտրում ենք օտար տոները»:

Համերգին  իր ծիսական տիկնիկերով մասնակցեց  նաև նկարիչ,  ազգագրագետ  Լուսիկ Ագուլեցին:  Լուսիկ Ագուլեցին  հանդիսատեսին  ներկայացրեց  իր պատրաստած տիկնիկները, պատմեց, թե յուրաքանչյուր տիկնիկ ինչ  դեր և նշանակություն է ունեցել Բարեկենդանի տոնի  ծիսական արարողություններում` հին  հայկական  ավանդական  ընտանիքներում և  համայնքներում :

«Վան» ազգագրական համույթն  այսօր  գործում է իր  հիմնադիր  նվիրյալների և   հայ  ավանդական երգ ու պարը գնահատողների ու սիրողների շնորհիվ, քանի որ նույնիսկ  բեմական հագուստները` տարազները,   համույթի անդամներն իրենք են կարում:  Սակայն,  այդքանով հանդերձ,  հայ երգի սիրահարների թիվը չի պակասում, դեռ ավելին`  երիտասարդներին  նույնպես հետաքրքրում է  մաքուր, անխառն  հայ ավանդական երգը:

«Ես  58 տարեկան եմ, - ասում է «Վան» ազգագրական համույթի գեղ. ղեկավար Անդրանիկ  Հովհաննիսյանը, - իմ կողքին այսօր կանգնած է 18 տարեկանը»:

Համերգի ավարտին «Վան» ազգագրական համույթի անդամները  ներկաներին հյուրասիրեցին  իրենց պատրաստած հայկական ավանդական գաթայով, հալվայով և տոնական այլ աղանդերով:

«Այնքան ենք ոգեշնչվել, ազդվել , ուրախացել, որ   դուք չգիտեմ ինչպես, բայց ես հիմա ինձ զգում եմ Արևմտյան  Հայաստանում…Վանում եմ եմ ինձ զգում, - համերգի ավարտին ասաց  «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն  Նարեկ Հարթունյանը և համույթին նվիրեց «Նարեկացիի» խորհրդանշական նվերները: 

«Վան» ազգագրական համույթը հիմնադրվել է 1979 թվ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ ՀՊՃՀ)  հայ ազգագրական երգի մի խումբ նվրյալների  կողմից:  Համույթի հիմնադիր  ղեկավարներն էին   հայ երգի անզուգական  վարպետ Հայրիկ Մուրադյանը և Հարություն Փանոսյանը:  Համույթը 1980 թվ.-ից  հյուրախաղերով հանդես է եկել Կիևում, Ստավրոպոլում, Ռումինիայում, Մոսկվայում, Չերնովցիում, իսկ 1996թ.՝ Իտալիայում: Տարիներ շարունակ բազմաթիվ համերգներով հանդես է եկել  Հայաստանի մարզերում, սահմանամերձ շրջաններում:

2005 թվ-ին Հայրիկ Մուրադյանի 100-ամյա հոբելյանն առիթ հանդիսացավ համույթի  վերածնունդին: Համույթը մի շարք ելույթներ նվիրեց հայ երգի անզուգական կատարող Հայրիկ Մուրադյանի հիշատակին:

2011-ին «Վան» ազգագրական համույթը հիմնեց Հայրիկ Մուրադյանի անվան Հայ երգի ակումբը, որտեղ հնչեցնում է հայ ազգագրական երգ ու պարը, սովորեցնում ցանկացողներին:  «Վանը»  այսօր շարունակում է գործել շնորհիվ իր խմբի հիմնադիրների ու նվիրյալների: Այսօր համույթի երգացանկում կա շուրջ 150 երգ,  նաև  20 -25 պար: 

 «Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter