HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

13 պատգամավորով օրենքի նախագիծ են քննարկում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասաց, որ այն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն, քանի որ այսօր գործող գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեխանիզմներում առկա չէին վերահսկելիության հստակ մեխանիզմներ:

Սահմանադրական արգելքը, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ըստ նախարարի, միջազգային պրակտիկայում եւ գրականության մեջ դիտարկվում է որպես ակտիվ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակում, իսկ պասիվ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, օրինակ` բանկում ավանդ ունենալը, բիզնեսը հավատարմագրային կառավարմանը հանձնելը եւ այլն, չեն համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եւ բարձրաստիճան պաշտոնյաններին թույլատրված է:

Նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնյանների էթիկայի հանձնաժողով: Նախագծով այն կազմված է լինելու հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ եւ երեք անդամ: Հանձնաժողովի անդամներին նշանակելու է ՀՀ նախագահը` վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, հանրային խորհդի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով եւ հինգ տարի ժամկետով:

Պատգամավոր Կորյուն Նահապետյանը նախարարին հարցրեց, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողը քննարկելու է արդյոք պատգամավորների, դատավորների, դատախազի, ՍԴ անդամների էթիկային վերաբերող հարցեր: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ հենց այդ հանձնաժողովն է զբաղվելու վերը նշված պաշտոնյանների էթիկայի հարցերով:

Իսկ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր, թե հանրապետության նախագահին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաններին վերաբերող հարցերը հանձնաժողովի քննարկման առարկա լինելու է, թե ոչ, եւ արդյոք ԶԼՄ-ի հրապարակած նյութերը եւս կքննարկվեն հանձնաժողովում: Հրայր Թովմասյանն ասաց, որ հանձնաժողովը վարույթ է հարուցելու բացառապես իր նախաձեռնությամբ: «Այս հանձնաժողովը վարույթ չի իրականացնում, որովհետեւ հանձնաժողովի ընդունած եզրակացությունները պարտադիր իրավական հետեւանքներ չունեն եւ անձի համար նոր իրավունքներ ու պարտականություններ չեն ստեղծում: Անշուշտ, ապահովում է որոշակի հրապարակայնություն եւ  վերջնական եզրակացություն կայացնողներն այն մարմիններ են որտեղ նրանք աշխատում են»,- ասաց Հ. Թովմասյանը:

Լուս.` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter