HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագնա աշխատանքի մեկնածների անկանոն կապերը՝ սեռավարակների հիմնական պատճառ

Սեռական ճամապարհով փոխանցվող հիվանդությունները կարող են լուրջ հետևանքներ թողնել ազգի վերարտադրողականության վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց բժիշկ-ուրոլոգ, Վ.Ավագյանի անվ. բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքերով` հիվանդության սրացումը պայմանավորված է իրավիճակին լուրջ չմոտենալով և անպտղության մեջ միայն կնոջը մեղադրելով: «Մինչ կինը անընդմեջ այցելում է բժշկին, տղամարդու մոտ հիվանդությունն ավելի է սրվում: Եվ այս ամենը՝ սխալ մենթալիտետի հետևանքով»,- ավելացրեց բժիշկը:

Իսկ «Ցինտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանի կողմից տրված տվյալների համաձայն` իրենց կենտրոն վերոնշյալ հիվանդությամբ դիմող այցելուների թիվը նախորդ տարվա հետ համեմատած 1,5 անգամ ավելացել է: Նրա հավաստմամբ՝ հիվանդության պատճառներից ամենատարածվածը տղամարդկանց արտագնա աշխատանքների ընթացքում անկանոն կապերն են: «Տարեկան մեր կենտրոն տարբեր հիվանդություններով դիմում է ավելի քան 3000 տղամարդ, որոնց 30-40 %-ը կազմում են սեռավարակային հիվանդություններով դիմողները: Եվ ցավալին այն է, որ շատ դեպքերում անպտղության հետևանք դարձած հիվանդությունը անբուժելի է դառնում, և անգամ վիրահատական միջամտությունները ելք չեն լինում»,- նշեց Ա. Պետրոսյանը:

Նա նաև ավելացրեց, որ եթե առաջ հանրապետությունում գործում էին մեկ կամ երկու նմանատիպ կենտրոններ, ապա այսօր դրանց թիվը հասնում է 7-8-ի: Եվ պատճառը ոչ թե բիզնեսն է, այլ հիվանդության մեծ տարածում ունենալը: Լրագրողների այն հարցին, թե հատկապես տարիքային որ խումբն է առավել հաճախ դիմում այս խնդրով, բժիշկը հայտնեց, որ կանանց դեպքում 19 և բարձր, իսկ տղամարդկանց դեպքում` 25-40: Վերջում բժիշկը խորհուրդ տվեց պարբերաբար հետազոտվել և, որ ամենակարևորն է, վարել ճիշտ ապրելակերպ:

Տաթևիկ Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter