HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների վերականգնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է նման խնդիրներ ունեցող շենքերը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջնային անհրաժեշտություն ունեցող նմանատիպ պատշգամբների նախագծանախահաշվային  փաստաթղթերն  արդեն պատրաստ են:  Քաղաքապետն հանձնարարել է հնարավորին շուտ ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել վերականգնման գործընթացը:

Երևանի կանաչապատման այս տարվա ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում  կկիրառվի նաև հրապարակների և փողոցների լանդշաֆտային դիզայնով ձևավորման սկզբունքը: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված տարածքների էսքիզային տարբերակներն արդեն պատրաստ են: Զեկուցվել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջիկայում պատրաստ կլինեն նաև մյուս վարչական շրջանների լանդշաֆտային ձևավորման էսքիզային տարբերակները:

Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգերի ստուգման, վթարների վերականգնման և նոր ցանցերի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհների կառուցման աշխատանքներին զուգահեռ հատուկ ուշադրություն դարձնել նաև հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման գործընթացին:

Զեկուցվել է նաև, որ մինչ շինբարեկարգման հիմնական ծրագրերի մեկնարկը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում շարունակվում են փոսալցման աշխատանքերը:

Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման և հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հայտնաբերման մասով կազմվել են արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի բացառման, ինչպես նաև բարձր երաժշտությունն արգելելու ուղղությամբ վերահսկողությունը:

Հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել նաև հատկապես բազմաբնակարան շենքերի նկուղային և առաջին հարկերում գործող ժամանցի կենտրոնների ժամը 24:00-ից հետո, օրենքով սահմանված կարգով, գործունեության պատշաճ կազմակերպումը. «Այս տարեսկզբին իմ կողմից հանձնարարվել է ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվություն չտրամադրել այն ժամանցային կենտրոններին, որոնց ոչ պատշաճ կազմակերպած աշխատանքից կդժգոհի տվյալ շենքի կամ հարակից տարածքի թեկուզև մեկ բնակիչ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիների կողմից, ինչը սակայն չի նշանակում, թե պետք է բավարարվենք կատարածով: Պատասխանատու բոլոր ծառայություններն այսուհետ էլ պետք է խստորեն հետևեն սահմանված նորմերի պահպանմանն ու անմիջապես արձագանքեն բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր ահազանգին:» - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 32 ընտանիք, 37 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ վարչական շրջանների հատկապես սեփական տնատիրությունների հատվածներում բնակիչներին բաժանվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի համապատասխան հեռախոսահամարներով այցեքարտեր: Հանձնարարվել է շարունակել գործընթացը:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպություններում, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության ավտոտրանսպորտային ընկերություններում աշխատանքի ընդունման մասին տարածած հայտարարությունների շրջանակում դիմումների ստացումը:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարվել այդ ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Խիստ նկատողություն է հայտարարվել նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա
Արդեն ծաղրուծանակի է նմանվում գազանանոցի հետ կապված էս պատմությունները, ես ոչ մի բան չունեմ տնօրեն երիտասարդի դեմ, գուցե ինքը իրականում բանիմաց մարդ է, խնդիր չի իմ համար նաև այն որ այդ պաշտոնում նշանակվել է հոր շնորհիվ, բայց արդեն շատ եղավ, եթե իր պարտականությունը միայն այն է, որ յուրաքնաչյուր ամիս քաղաքավարի հայտրարություններ անի կենդանիների անկումների համար, ապա ես էլ չգիտեմ ինչա սեմ: Քաղաքապետն էլ եթե իրականում չի կարող ազատել էդ մարդուն, թող ուրիշ պաշտոն տա,էնպիսին, որ նրանից ոչ կենդանիների, ոչ էլ աստված չանի մարդու կյանք կախված չլինի: Չի կարողանում այդ մարդը , կազմակերպական ունակություններ չունի, փորձ չունի որևէ հիմանրկ ղեկավարելու, մարդկանց հետ շփվելու: Հո զոռով չի, ինչի եք սպասում, որ միակ փղիկին էլ վայրի կատուներն ուտեն?: Գործ տվեք էդ մարդուն, փրկեք գազաններին դրա ձեռքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter