
Փոքրիկ քաղաքի բամբասանքները
«Ես կարող եմ 7 սիրուհի պահել, բայց, եթե որևէ բամբասանք լսեմ իմ կնոջ մասին, ես կնոջս քոռ դանակով կմորթեմ»,- ասում է ալավերդցի Արմենակը:
Ովքե՞ր են ավելի շատ բամբասում այս փոքրիկ քաղաքում` տղամարդի՞կ, թե՞ կանայք: Դժվար է ասել: Ինչպես աշխարհի շատ բնակավայրերում, Ալավերդիում էլ բամբասանքներ միշտ շրջանառվում են: Նշանակալից բամբասանքները այստեղ մարդու հետ չեն մեռնում, միշտ հիշվում են:
Այսօր էլ հին ալավերդցիները հիշում են 1970-ական թթ. Ալավերդիում մեծ հնչեղություն ստացած «Գրախանութի Մարուսի» զավեշտական պատմությունը: Մարուսի գրախանութում կարելի էր գտնել շատ արժեքավոր գրքեր, որոնք Մարուսը ամեն մարդու չէր տալիս: Նրա հաճախորդները հիմնականում քաղաքի պաշտոնյաներն էին, ինչպես նաև նրանք, ովքեր գրքի արժեքը հասկանում էին:
Մի օր ոստիկանության շուրջկալի արդյունքում Մարուսի գրախանութի ներքնահարկում բացահայտվում է հասարակաց տուն: Լուրը ռումբի պայթյունի ազդեցություն է թողնում Ալավերդիում, քանի որ Մարուսի հասարակաց տան հաճախորդների մեջ եղել են նաև հանրահայտ պաշտոնյաների կանայք:
Ամենազավեշտականը ձերբակալվելուց հետո ոստիկանությունում Մարուսի պահվածքն է եղել: Նա ակնարկում է, որ ինքը ցուցմունքներում կտա քաղաքի պաշտոնյաների անուններ: Մարուսին ստիպված ազատ են արձակում, գործն էլ փակվում է:
Չնայած Մարուսի հասարակաց տան պատմությունը կոծկելու Ալավերդու խորհրդային որոշ պաշտոնյաների համառ ջանքերին` պատմությունը հայտնի դարձավ ողջ հանրապետությունում: Մարուսի հասարակաց տունը իրողություն էր, սակայն զրույցների մեջ թացը չորից չէր տարբերակվել, երբեմն բամբասանքի մեջ տրվում էին առանձին պաշտոնյաների անմեղ կանանց անուններ:
Բոլոր դեպքերում, թեև իր վաղեմիությանը, Մարուսի հասարակաց տան պատմությունն այսօր Ալավերդու բամբասանքների շտեմարանում իր պատվավոր տեղն է զբաղեցնում:
Վերջին տարիներին աղքատությունն ու գործազրկությունը բամբասանքի նոր միջավայր են դարձել Ալավերդիում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ բնակչության ստվար մասն իր ազատ ժամանակը փորձում է այստեղ սպանել զուտ բամբասանքով: Ալավերդու բամբասողները դարձել են անողոք ասացողներ: Բամբասանքներն էլ իրենց տեսակով դարձել են վտանգավոր և երբեմն ունենում են ծանր հետևանքներ:
Ալավերդու ԶԱԳՍ-ի վարիչ Ռաֆիկ Ղազինյանը կարծում է, որ ընդհանրապես բամբասանքը պետք է հատուկ լինի կանանց: Սակայն տղամարդ լինելով` նա խոստովանում է, որ վերջին տարիներին Ալավերդիի տղամարդիկ են հատկապես բամբասկոտ դարձել: «Ես դա բացատրում եմ տղամարդկանց զբաղմունք չունենալով»,- ասում է Ռաֆիկ Ղազինյանը:
«Տղամարդու բամբասկոտն ահավոր է: Ահավոր է, որովհետև մենք ուզում ենք, որ տղամարդը ավելի արժանավոր լինի»,- ասում է Ալավերդու թիվ 12 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Շահվերդյանը:
Նրա համոզմամբ` ամեն մարդ անձնական կյանքի իրավունք ունի, և ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե հարևանը, բարեկամը կամ համաքաղաքացին բամբասողի ուզած ձևո՞վ ապրի, թե՞ ոչ:
«Ես շատ վատ եմ վերաբերվում բամբասանքին: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի` Ալավերդիում ամեն մարդ ապրի իր հոգսերով և մտածի միայն իր մասին»,- ասում է «Անկյուն +3» հեռուստաընկերության լրագրող Մերի Կոլոլյանը:
Ալավերդիում ոչ ոք բամբասանքից ապահովագրված չէ: Բամբասողները բամբասում են ինքնամոռաց, նրանք չեն կասկածում իրենց հորինածներին, վիրավորվում են, երբ թերահավատ ես վերաբերվում դրանց, այդ դեպքում նրանք վկայակոչում են «Կրակն առանց ծուխ չի լինում» ժողովրդական ասացվածքը:
Բամբասանքների հետևանքով Ալավերդիում նաև ընտանիք է փլուզվել: «Շա~տ բամբասկոտ քաղաք է Ալավերդին: Վերջին շրջանում տարածված բամբասանքները սարսափելի էին»,- ասում է Գոհար Հովհաննիսյանը, ով հրաժարվեց պատմել այդ բամբասանքը. «Չեմ կարող պատմել. վերաբերում է ուրիշի կյանքին: Բայց ես չեմ հավատացել այդ բամբասանքին: Դա սարսափելի էր»:
11-րդ դասարանի աշակերտուհի Նատալյա Գասպարյանի խոսքերով` բամբասում են նաև իր հասակակիցները, սակայն այլ թեմաներով, ինչ մեծահասակները: «Օրինակ` մեր դասարանում բամբասում են` սա ընկեր ունի, նա չունի: Կան մարդիկ, ովքեր առանց բամբասանքի չեն կարող ապրել: Մեր տարիքում էլ միմյանց նախանձում են: Բամբասանքը սկսվում է նաև նախանձելուց: Իհարկե, դասարանում բամբասել են նաև իմ մասին: Ասել են, թե ես ինչ-որ մեկի հետ ընկերություն եմ արել, բայց ես իրենց ասած մարդու հետ ընկերություն չեմ արել»,- ասում է 11-րդ դասարանի աշակերտուհի Նատալյա Գասպարյանը:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը բամբասանքը շատ վատ և վտանգավոր երևույթ է համարում: «Ես փորձում եմ բամբասանքները կապել նաև ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, նաև մեր ազգային մենթալիտետի հետ: Ինչ վերաբերում է քաղաքի կոնկրետ բամբասանքներին և այլն, ապա եթե մեր քաղաքը ինչ-որ բանով հետ է գնացել, նաև բամբասանքի դրսևորումն է, որը, կարծում եմ, նախանձի արդյունք է: Բամբասանքը լավ բանի չի տանելու: Պետք է ժողովուրդը ռեալ դատի, լոռեցու ասած ձևով ծանր ու թեթև անի, հետո նոր իր եզրակացությունը տա տվյալ բամբասանքի մասին»,- ասում է քաղաքապետը:
Միաժամանակ նա հավելում է, որ ինչ-որ տեղ նաև բնական է համարում բամբասանքը, քանի որ այն տարածված է ոչ միայն ամբողջ հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում:
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել