HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվում է բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր

Այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերին:

Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի առանցքային ոլորտներից մեկն է և կարևոր դեր ունի նրանց առողջության պահպանման ու հիվանդների բուժօգնության արդյունավետ ելքերի, մասնավորապես մահացության նվազեցման գործընթացում:

Հատկապես կարևորվում են հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը մեծ մասամբ բերում է հաշմանդամության, երբեմն էլ մահվան:

Այս ծրագրերը կոչվում են սկրինինգային, թիրախային որոշակի խմբերում կիրառվում են մասսայական, միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն, ու վաղ միջամտության շնորհիվ կարող են կանխվել դրանց ծանր ընթացքով զարգացումը:

Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:

Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005 թ.-ից և հետագա տարիներին ընդլայնվել են ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:

Ներկայում բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքներն են.

1) բնածին հիպոթիրեոզ. 2005-ից կատարվել է 199 764 հետազոտություն, հայտնաբերվել է 60 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության:

2) Ֆենիլկետոնուրիա. 2008-ից 90 931 հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել է 17 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ:

3) Լսողության սկրինինգ. 2008-ից կատարվել է 42 597 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 39 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում:

4) Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ. 2010-ից կատարվել է 1370 հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով անցկացվել է 53 լազերային վիրահատություն:

5) Նորածինների կոնք-ազդրային հոդի սկրինինգ. 2010-ից կատարվել է 8408 նորածինների ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է 560 դեպք, որից՝ 32 վիրահատություն:

«Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ-հարյուրավոր անգամ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter