
2,5 մլն ընտրողի թվում կարող են լինել նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, տարեթիվ ունեցող 1000 հոգի
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է, որ Հայաստանում կարող է լինել նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս և տարեթիվ ունեցող թեկուզև 1000 ընտրող: Դա, ըստ նրա, բնական օրինաչափություն է և չի կարող որևէ առնչություն ունենալ ընտրակեղծիքների մեխանիզմների հետ:
«Հայաստանի Հանրապետությունում կան ընտրողներ, ում անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվը համընկնում են: Սակայն մենք հերքել ենք, որ այդ թիվը 600 հոգի է, բացառված է: Իսկ թե քանի հոգու մասին է խոսքը, մենք այդ տվյալները շուտով կհրապարակենք: Եթե չեմ սխալվում, 110 ընտրողի մասին էր խոսքը:
Պետք չի զարմանալ: Ընդամենը դա փաստ է, օրինաչափություն է, որ այդպիսի մարդիկ էլ կան մեր բնակչության պետական ռեգիստրում: Տվյալները մենք կհրապարապենք, և պետք չէ այս առիթով ինչ-որ հատուկ խուճապի պատճառ դարձնել: Ընդհանրապես դա կապ չունի ընտրակեղծիքների մեխանիզմի հետ, թեկուզ այդ թիվը լինի 600, թեկուզ լինի 1000: Ընրտողների ռեգիստրում անձը մի տեղ է նշվում, միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ»,- ասաց Հովհաննես Քոչարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով ընտրություններից հետո ընտրական ցուցակները հրապարակելուն, Անձնագրային և վիզաների վարչության պետն ասաց հետևյալը.
«Քանի՞ ընտրող Հայաստանի Հանրապետությունում կուզենար, որ իր՝ Հայաստանից բացակայելու վերաբերյալ տվյալը դառնար հանրային սեփականություն: Դա, բառիս բուն իմաստով, հետամտություն է անձի նկատմամբ: Առաջարկում են՝ երկրից 180 օր բացակայող ընտրողի մասին տվյալները հրապարակենք: Կներեք, իսկ ընտրողը նման ցանկություն հայտնե՞լ է: Եթե չկա տվյալ սուբյեկտի համաձայնությունը, և չկա այդ մասին հատուկ օրենսդրական վերապահում, նման կարգի հայտարարություն անելը անհիմն է և ապօրինի պահանջ է՝ ուղղված պետական մարմիններին, և բնականաբար, մերժել ենք և մերժելու ենք»:
Մեկնաբանել