Հայաստանի պատմության թանգարանում կներկայացվի ճապոնական ավանդական ներկման «շիբորիձոմե» մեթոդը
Այսօր Ճապոնական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում անցկացվող սեմինարը շարունակվելու է մինչև փետրվարի 22-ը:
Սեմինարի շրջանակում ներկայացվելու է ճապոնական ավանդական ներկման «շիբորիձոմե» մեթոդը: Դոկտոր Միե Իշի անցկացնելու է գործնական աշխատանքներ և վարպետության դասեր:
Սեմինարը և Միե Իշիի վարպետության դասերը նպատակ ունեն մշակութային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը և նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Այս սեմինարը շարունկությունն է 2011 թ. հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի:
Դրա շրջանակում արդեն անցկացվել են «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների վերականգնման» թեմայով 4 սեմինար և 3 միջազգային գիտաժողով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել