HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ջավադյանը չի տեղափոխվում, վարչապետն էլ չի մեկնաբանում

Մոտ 2 շաբաթ առաջ պաշտոնապես բացվեց «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը»: Միայն կենտրոնի կառուցման շինարարության վրա, ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, 2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծախսվել է 18 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 45 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս ծրագիրը Կառավարության, ավելի կոնկրետ՝ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի «արմատական որոշումների» շարքից է: Անցած տարիներին նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, ըստ այդմ՝ ՀՀ Կենտրոնական բանկն այնտեղ տեղափոխելու ծրագրի մասին: Վերջին անգամ վարչապետն այդ մասին խոսել է մոտ 4 ամսիս առաջ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին:

«Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, եւ դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում եւ ձեւավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: 

Սակայն պարզվում է, որ Կենտրոնական բանկը, այնուամենայնիվ, Դիլիջան չի տեղափոխվելու: «Ինչո՞ւ», «ո՞րն է պատճառը» հարցերին ի պատասխան՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» անվանումն արդեն հուշում է, որ Կենտրոն են տեղափոխվելու հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետներ:

«ԿԲ աշխատակիցների տեղափոխումը Դիլիջան իրականացվելու է մի քանի փուլով: Առաջին փուլի տեղափոխումը կմեկնարկի մարտ-ապրիլ ամիսներին, եւ մինչեւ սեպտեմբեր Կենտրոնական բանկի 80 աշխատակիցներ կտեղափոխվեն Դիլիջան»,- նշված է «Հետքին» ուղղված ԿԲ-ի գրությունում: Դրանում միաժամանակ ասվում է, որ մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե տեղափոխվող աշխատակիցները կստանան կրկնակի աշխատավարձ, իրականությանը չեն համապատասխանում:

Տիգրան Սարգսյանին խնդրել ենք մեկնաբանել ԿԲ-ն Դիլիջան տեղափոխելու իր հայտարարությունները, եւ այդ համատեքստում այսօրվա փաստացի իրողությունը, երբ Դիլիջան են տեղափոխվում միայն ԿԲ որոշ ստորաբաժանումներ: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հիշեցնում է, որ 10 տարի՝ ԿԲ նախագահի պաշտոնում աշխատած տարիներին, Տիգրան Սարգսյանն ունեցել է այն համոզմունքը, որ ԿԲ-ն պետք է լինի անկախ մարմին եւ ինքնուրույն իրականացնի իր առջեւ դրված խնդիրները՝ առանց որեւէ միջամտության:

«Վարչապետ նշանակվելուց հետո Տիգրան Սարգսյանն իր այդ համոզմունքը չի փոխել: Այդ իսկ պատճառով նա միշտ զերծ է մնացել որեւէ մեկնաբանությունից ԿԲ-ի գործունեության վերաբերյալ, եւ այս անգամն էլ բացառություն չէ»,- ասում է Հարություն Բերբերյանը:

ԿԲ-ին հարցրել էինք նաեւ, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» վրա ծախսված գումարների ծագումնաբանությունն ապօրինի է, քանի որ ԿԲ-ն ուղղակի թղթադրամներ է «տպել» եւ ներդրել կենտրոնի կառուցման ծրագրում:

«Շինարարությունն իրականացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված Կենտրոնական բանկի «կապիտալ ներդրումներ» ծրագրի համաձայն: Կապիտալ ներդրումներին ուղղվող միջոցների ծագումնաբանությունը չի կարող դիտարկվել ապօրինի, քանի որ Կենտրոնական բանկի ծախսերը իրականացվում են ստացված եկամուտների, իսկ կապիտալ ներդրումները, ինչպես և բոլոր կենտրոնական բանկերում, ազգային արժույթի էմիսիայի հաշվին:

Նման կապիտալ ներդրումների փորձ ունեն անցումային տնտեսությամբ եւ զարգացող շատ երկրների՝ ՌԴ, Չիլիի, Հարավային Կորեայի, Ուկրաինայի, Արեւելյան Եվրոպայի մի շարք կենտրոնական/ազգային բանկեր: Ընդ որում, կապիտալ ծախսի կատարման փաստը պետական բյուջե փոխանցվող ԿԲ-ի շահույթի մեծության վրա որեւէ ազդեցություն չի ունեցել:

Ի դեպ, Կենտրոնական բանկը կապիտալ ներդրումներ է կատարել նաեւ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի, ԱՔՌԱ վարկային բյուրոյի, Համահայկական բանկի, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի, «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կապիտալներում: Նշված ներդրումները նույնպես իրականացվել են էմիսիայի հաշվին»,- նշված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter