HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞րն է լինելու հերթական գողոնը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին ահազանգ է հնչեցվում. «Ուշադրություն հայեր, հերթական ստոր գողությունն է կատարվել թուրքերի կողմից: Գողացել են մեր «Ադանայի ողբը»: Խնդրում եմ, անտարբեր մի մնացեք, մտեք Youtube եւ «դիսլայք» արեք, եթե կարող եք նաեւ ձեր բողոքն արտահայտող մեկնաբանություն թողեք»:

Իհարկե, ահազանգն անհանգստացնող է, մտածում եմ. մեր թողած մեկնաբանությունները, մեր բողոքի ձայներն ի՞նչ են փոխելու, ու՞մ են հասնելու. այս երևույթի դեմ անգամ ԶԼՄ-ի արձագանքներն անօգուտ են. այս այն դեպքն է, որ պետական մակարդակով պետք է կարգավորվի, որ սանձվեն հետագա նման ոտնձգությունները, որպեսզի թուրքերի, կամ ռուսների մոտ սովորություն չդառնա մշակույթ գողանալը: Հիմա կասեք` ինչու՞ եմ ռուսներին էլ խառնում թուրքերի հետ: Ասեմ. ռուսները մեր տաղանդավոր մարդկանց, օրինակ, ծովանկարիչ Այվազովսկուն համարում են ռուս ծովանկարիչ, իսկ Արամ Խաչատրյանին ռուս կոմպոզիտոր, Արթուր Չիլինգարովին ռուս բևեռախույզ ու դրա շարանը մեծ է, չկենտրոնանամ...

Իսկ մենք լսում ու անզորությունից համակերպվում ենք այս իրողությանը: Եվ ահա վերջերս մի նոր ոտնձգություն, ես կասեի ապշեուցիչ, արտառոց. ամիսներ առաջ ОРТ- ով հեռարձակված "Жди меня" հաղորդումը դիտելիս կրկին հոգիս պղտորվեց. մի ադրբեջանցի տղայի որոնողական փնտրտուքների ողջ տեսանյութը ուղեկցվեց Ավետիք Իսահակյանի «Օտար, ամայի ճամփեքի վրա» երգի երաժշտությամբ: Մի պահ ինձ թվաց (ընդամենը մի պահ), թե պատահականություն է, ու հաղորդաշարի խմբագրության երաժշտական ձևավորողը որպես տխուր մեղեդի հնչեցրել է հայկական երաժշտություն, բայց ինձ թվացյալ վարկածը անմիջապես էլ ինքս հերքեցի. մի՞թե նման պատահականություն է լինում, երբ ադրբեջանցի տղայի որոնողական աշխատանքները հայկական երաժշտությամբ պետք է ուղեկցվեր: Ռուս տասնյակ կոմպոզիտորների ստեղծած մեղեդիները մի՞թե չի բավարարում իրենց հաղորդաժամերին օգտագործելու համար, որ մտածված, այո, մտածված հայկական երաժշտություն են հնչեցնում: Թեև չեմ կասկածում հաղորդաշարի ողջ լրագրողական անձնակազմի արհեստավարժությանը, բայց մտավախությունս մեծ է: Մի քանի անգամ հնչեցնելուց հետո կասեն ռուսական է, ինչպես թուրքերը. տերն ո՞վ է: Եվ ահա կրկին հունիսի 17-ին, կրկին "Жди меня"-ն այս անգամ ուզբեկ երիտասարդի փնտրտուքները ծայրից ծայր դարձյալ «Օտար, ամայի ճամփեքի վրա» երգի երաժշտությամբ ուղեկցվեց:

Թուրքերը «Սարի աղջիկը» իրենցով անելուց հետո ախորժակները բացվեց. վերջերս էլ մեր ազգային երգի` «Զարթնիր լաո»-ի երաժշտությունը «միամտորեն» սեփականացրեցին և ահա հերթական նոր ահազանգը` «Ադանայի ողբը»: Իսկ մեր մշակույթի նախարարը որևէ լուրջ քայլ կատարու՞մ է. իհարկե ոչ: Երևույթը ակամայից հիշեցնում է Թումանյանի «Հառաչանք» պոեմի տողերը.

Քաշում են տնից, քաշում են դռնից, ու չես իմանում ո՞ր կողմը թռչես...

Հարց է ծագում. մենք մշակույթի նախարարություն ունե՞նք: Պատասխանը մեկն է. ժողովրդական լեզվով ասած` անունը կա, ամանումը` չկա: Բառիս բուն իմաստով գոյությունն է քաշ տալիս ու նրան բնավ էլ չի անհանգստացում, թե մեզանից ի՞նչ են գողանում, ի՞նչ են խլում ու օտարում. անհատների, եկեղեցի, խաչքար, պար, երգ-երաժշտություն...

Հերն էլ անիծած, երգ է, էլի, էդքան մեզանից տարել են, թող երգերն էլ տանեն, պրծնենք... Թող մեզ չտեսնելու, չլսելու տանք և ամեն բան անցուկ կլինի... Պետության փողերը մսխելու տերն են միայն. այս ու այն կողմ անիմաստ շռայլելու, իսկ երբ մի լուրջ գործի համար փող է պետք, փող չկա, տարիով սպասեք...

Ինչպես վերջերս մերժեցին Արցախի մասին գեղարվեստական «Թեկուզ» ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը: Բայց ֆինանսավորվում են այնպիսի անհեթեթություններ, որոնք մեր դարդին բնավ էլ դարման չեն անում...

Այսօրվա նախագահից սկսած և իշխանության բուրգին հայտնվածներին միայն մի բան է հետաքրքրում. իրենց տակի աթոռը չկորցնեն: Ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը. հայրենասիրություն ասվածը գործով են ապացուցում, ոչ թե ճառերով իմիտացիա ստեղծելով:

Այսօրվա այս հանդուրժողությունը մեր ձեռքից խլելու է մշակույթային անգին գանձեր, իսկ նրա թափուր տեղը զբաղեցնելու է այսօրվա անճաշակ, օտարահունչ մեղեդին:

Վերջապես ե՞րբ պետք է պետական մակարդակով կարողանանք տեր կանգնել մեր արժեքներին: Այսպես որ գնա, կամաց-կամաց մեր ձեռքից խլելու են այն, ինչն արժեքավոր է, լավագույնը, իսկ մեր իշխանավորները, իրենց աթոռներից կառչած, միայն մի հարցի շուրջ են կենտրոնացրել իրենց ջանքերը. ինչքան հնարավոր է երկար նստել իշխանության գահին. հերն էլ անիծած, թե հետո ինչ է լինելու. առաջնորդվելով «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:

Ինքնին հարց է ծագում. մեր երկիրը տեր, տիրական ունի՞, եթե այսպես գնա, մենք մոտ ապագայում մեր եղածի տերը չենք լինի:

Վախվորած մտածում եմ. ո՞րն է լինելու հերթական գողոնը...

Սոնա Արշունեցի, Բրյուսել

Գրող, հրապարակախոս

Մեկնաբանություններ (1)

Հայկ Բիւրատ
Գրել է Սմբատ Բիւրատը 1909 թվին Ադանայի ողբը (Տարբերակ 1) Կոտորածն անգութ, հայերը թող լան, Անապատ դարձավ շքեղ Ատանան: Կրակը, սուրը ու անխիղճ թալան, Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրավ վերան: Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ, Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ, Անցավ մեր երկրեն հարավի խորշակ, Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ: Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր, Ինկան սուրին տակ խուժանին ահեղ: Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան, Բյուրավոր հայեր անխնա մեռան: Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան, Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան, Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն, Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն: Երեք օր գիշեր կրակը մեջեն, Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն, Ջնջեցին հայը երկրին երեսեն, Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն: Ալ բավ է որքան վատերուն լուծը Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը, Օտարին տունը ալ չէ ապահով, Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով: Ադանայի ողբը (Տարբերակ 2) Կոտորածն անգութ, հայերը թող լան, Անապատ դարձաւ շքեղ Ատանան. Կրակն ու սուրը եւ անխիղճ թալան Ռուբինեանց տունը ա՜խ, ըրին վերան։ Րոպէ մը չանցաւ ՚ ու հայոց խեղճեր, Ինկան սուրին տակ խուժանին ահեղ, Ժամեր ու դպրոցք բոցի մէջ կորան, Բիւրաւոր հայեր անխնայ մեռան։ Պարապ էր աւա՜ղ, հարուստ Ատանան, Մոխիր էր դարձէր ամբողջ Կիլիկիան. Միայն ապրեցաւ Հաճընը սիրուն, Ինչու չի շարժիր ապառաժ Զէյթուն։ Ցերեկ ու գիշեր կրակը մէջէն, Թշնամուն սուրը, գնդակը դրսէն, Ջնջեցին հայը երկրին երեսէն, Արիւն կը վազէ մեր ջինջ գետերէն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter