HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետարանը ծրագրեր է մշակում, իսկ աղբը շարունակում է կուտակվել

Վանաձոր համայնքի ռազմավարական զարգացման 2012-2022 թթ. 10-ամյա ծրագրի իր ուղերձում քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնում է, որ բազմակողմանի քննարկումներ անցած այս  ծրագիրը ներառում է այն բոլոր արժեքներն ու ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Վանաձորի պայծառ ապագայի կերտման  համար: Սամվել Դարբինյանը իր ուղերձում  հանրապետության երրորդ քաղաքի պայծառ ապագայի գործում կարևորել  է նաև Վանաձորի  շրջակա միջավայրի պահպանության  և  կանաչ տարածքների ավելացման խնդիրը: Զարգացման 10-ամյա ծրագրի Վանաձորի տեսլականում   առաջնակարգ տեղ է հատկացված տուրիզմի զարգացմանը: «Վանաձորը գտնվում է Երևանից դեպի Հայաստանի հյուսիս  և Վրաստան տանող ճանապարհին, ինչը բարձրացնում է Վանաձորի գրավչությունը  որպես տարանցիկ կետ»,- հայտնում է ծրագիրը: 

Փետրվարի 12-ին Երևան-Վրաստան ճանապարհի Վանաձորի տարանցիկ կետում ականատես եղանք զբոսաշրջիկներին ոչ այնքան ցանկալի մի  քանի «գրավչության», որի վրա էլ հրավիրում ենք Վանաձորի քաղաքապետարանի ուշադրությունը:  Վանաձորի «Սեզամ» գազալցակայանի տարածքում Վանաձոր գետի վրա գտնվող զուգարանը ոչ միայն  գարշահոտություն է տարածում լցակայանի տարածքում, այլև աղտոտում  է Վանաձոր գետը և գետին հարող  կամրջի տակի գետամերձ  ողջ տարածքը:

Վանաձոր գետի ափերին կենցաղային աղբ թափելը ապրելակերպ է դարձել գետի շրջակայքում գտնվող  առևտրի հիմնարկների սեփականատերերի և բնակիչների համար: Աղբահանության աղետալի վիճակ է ստեղծված նաև «Սեզամ» գազալցակայանի  դիմացի մայրուղու աջակողմյան սեփական տների մոտ: Ակնհայտ է, որ այստեղ դեպքից դեպք է բնակիչների աղբը տեղափոխվում:

Այսուհանդերձ, աղբահանության խնդրին  քաղաքապետարանը համակողմանի անդրադարձել է Վանաձորի զարգացման 2013-2016 թթ. քառամյա ծրագրում: Այստեղ  քաղաքի աղբահանության հետ կապված  կատարվել է  ժողովրդագրական հետաքրքիր վերլուծություն: Ըստ այդ վերլուծության՝ Վանաձորում հաշվառված է 105 հազար բնակիչ, փաստացի` 97 հազար մարդ: Քաղաքապետարանի  հետազոտություններով պարզվել է, 2012 թ.-ին  համայնքից բացակայելու և աղբահանության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելուց հետո 5320 անձի վերաբերյալ կատարվել է 22.810.168 դրամի  զրոյացում: Բացի այդ՝ աղբահանության  վարձավճարների հաշվարկման բազայում ընդգրկված անձանց մասով  պարզվել է, որ 6728 բնակելի տների  բնակիչներ ամբողջ ընտանիքով` թվով 20.148  անձ, ամբողջ տարին բացակայել են  իրենց բնակության վայրից  և չեն օգտվել աղբահանության ծառայությունից:  Ըստ քառամյա ծրագրի՝ բացի վերոնշյալը՝ կան նաև քաղաքից բացակայող 2500 այլ անձինք, որոնց  վերաբերյալ դեռ չեն ներկայացվել հիմնավոր փաստաթղթեր, սակայն հետագայում ենթակա են վերահաշվարկելու: Ըստ քաղաքապետարանի՝ աղբահանության վերաբերյալ վերլուծությունների՝  հաշվառված 105 հազար բնակիչներից  2013 թ.-ին  Վանաձորում մշտական կարող է ներկա գտնվել և  աղբահանության ծառայությունից օգտվել  77 հազար բնակիչ և հաշվառված 1843  հասարակական սպասարկման  տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից  քաղաքապետարանը աղբահանության  վարձավճարների գծով նախատեսել է 167.767.000 դրամ:

Թե բացի վարձավճարներից քաղաքապետարանը համայնքի բյուջեից լրացուցիչ որքան գումար է նախատեսել  քաղաքի աղբահանության գործի կազմակերպման համար, քառամյա ծրագիրը չի տեղեկացնում: Աղբահանության գործի բարելավման համար  քաղաքապետարանը 2013-2016 թթ. քառամյա ծրագրում  նախատեսել է միջոցներ ձեռնարկել  տարբերակված աղբահանության ներդրման, աղբի տհաճ հոտից զերծ մնալու համար փակ կափարիչներով աղբամանների պատրաստման ձևերի մշակման, իրավաբանական անձանց հետ աղբահանության նոր մոդելի մշակման և այլ միջոցառումներ:

Աղբահանության ծրագրերի նոր մոդելներով տարված քաղաքապետարանը զլանում է հավուր պատշաճի վերահսկել  կենցաղային աղբը բնակավայրերից շուտափույթ  տեղափոխելու գործը: Աղբահանության գործի պատասխանատուների կողմից անտեսվում է նաև գետի ավազանում և հանգստի գոտիներում աղբ թափելու անթույլատրելիության մասին բնակչության շրջանում անհրաժեշտ բացատրական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում նաև՝ հիշեցնող ցուցավահանակների տեղադրումը: Քառամյա  ծրագրում տեղ գտած  աղբահանության ժողովրդագրական  ուսումնասիրությունները փաստում են նաև Վանաձորի բնակչության  արտագաղթի ծանր վիճակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter