
Նախագահի էպոսագետ թեկնածուն նախկինում առևտրով է զբաղվել
Այսօր Մեդիա կենտրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը պատմեց, որ նախկինում առևտուր է արել: Իսկ մինչ այդ սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան ճարտարապետաշինարարական ինստիտուտում, իսկ ավարտելուց այն արդեն դարձել էր Ճարտարապետաշինարարական ինստիտուտ: 1992-ին ամուսնացել է, զբաղվել է առևտրով և կարողացել է ապահովել իր ընտանիքը: Պետական որևէ կառույցում չի աշխատել:
«Հետքի» հարցին, թե հատկապես ինչ ապրանքների առևտուր է արել, էպոսագետը պատասխանեց. «Ամեն ինչ, Հայաստանից էլ եմ ապրանք տարել, Հայաստան էլ եմ բերել»: Թե ինչ ապրանքատեսակների առք ու վաճառք է իրականացրել, այնուամենայնիվ, այդպես էլ չցանկացավ բացահայտել: «Ինչ տարբերություն: Նայած որտեղ այդ ժամանակին ինչի պահանջարկ է եղել: Չինաստան եմ գնացել, Չինաստանից եմ արել»,- ասաց Վ. Սեդրակյանը:
ՀՀ նախագահի թեկնածուն հավաստիացրեց, որ Հայաստանում առևտրի կետ չունի, վերջին երկու տարին չի աշխատում, բայց իր փողերը բավականացնում են, որպեսզի ապրի:
Մեկնաբանել