HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի օրգանական մթերքը կներկայացվի համաշխարհային ցուցահանդեսում

Փետրվարի 13-ից 16-ը պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի հայաստանյան 7 ձեռնարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող «ԷկոԳլոբ» ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:

«Ի-Դի-Էմ-Սի»-ի տեղական գործընկեր «ԷկոԳլոբ»-ի հետ միասին՝ «ԱԲԴԱ» ընկերությունը, «ԱՍՎԱ-ՌԱՖ»-ը, «Բիզոն - 1»-ը, Երևանի գարեջրի գործարանը, «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ»-ը,  «Նեկտար-Բոնուս»-ը և «Սիս Նատուրալ»-ը կներկայացնեն Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր: Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար: «BioFach-ը ոչ միայն ընկերությունների վարկանիշը բարձրացնելու հնարավորություն է, այլ նաև գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ, որն ամբողջ աշխարհում օրգանական արտադրության վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն է ապահովում»,- ասում է «ԷկոԳլոբ» ընկերության տնօրեն Նունե Դարբինյանը:

Այս ոլորտում «Ի-Դի-Էմ-Սի»-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման և մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի և անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների ընթացքում «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ՝ «ԷկոԳլոբ»-ը ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:

BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող և վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչև կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ: BioFach-ի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելե՛ք www.biofach.de կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter