
Տյառնընդառաջի տոնը` Թբիլիսիի հայ համայնքում և Ջավախքում
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Փետրվարի 13-ին, տոնի նախօրեին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ: Վիրահայոց թեմի առաջնորդը և հոգևոր դասը, հավատացյալների ուղեկցությամբ, եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ուղղվեցին եկեղեցու բակը՝ վառելու ավանդական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, Տյառնընդառաջի տոնը հայտարարվել է ընտանիքի օր, և հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ տեղի ունեցավ նաև Վրաստանի 46 գործող եկեղեցիներում:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված նորապսակներին օրհնության խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով նորաստեղծ ընտանիքներին խաղաղություն և ջերմություն:
Դհոլ-զուռնայի նվագակցությամբ, Սուրբ Էջմիածին եկեղեցու քավոր Էրիկ Սաֆարյանը վառեց տոնական խարույկը, որի շուրջը ծայր առավ ուրախ երգն ու պարը, վերածվելով ժողովրդական մեծ տոնի:
Այնուհետև նորապսակներին բաժանվեցին նվերներ և կատարվեց տոնական հյուրասիրություն: Տյառնընդառաջի տոնը Թբիլիսիի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին եկեղեցում ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:
Տյառնընդառաջի տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ կատարվեցին նաև Բաթումում, Նինոծմինդայում, Ախալցխայում: Իսկ Ախալքալաքում՝ Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որից հետո վառվեց տոնական խարույկը և տեղի ունեցավ ժողովրդական ուրախ տոնահանդես:
Վիրահայոց թեմի մամլո դիվան
Մեկնաբանել