«Շինֆորումը» դատի է տվել «Հետքին». փոխհատուցման գումարը 2 մլն դրամ է
Այսօր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացավ «Շինֆորում» ՍՊԸ-ի՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը: «Շինֆորում» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ ընկերության տնօրեն Տիգրան Գասպարյանը վիճարկում է այս տարվա հունվարի 26-ին եւ փետրվարի 1-ին «Հետքում» Դանիել Իոաննեսյանի հեղինակային սյունակում հրապարակված Չափումները վկայում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղին կառուցվել է «ատկատներով» եւ Պարզաբանումներ Ծիծեռնակաբերդի խճուղու մասին հրապարակման վերաբերյալ նյութերը՝ համարելով, որ դրանք արատավորել են կազմակերպության գործարար համբավը: Գասպարյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել հերքել վերը նշված հոդվածներում պարունակվող, գործարար համբավն արատավորող տեղեկությունները եւ որպես գործարար համբավին զրպարտության միջոցով պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձել 2 մլն դրամ, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 44,000:
Վիճարկվող նյութերում քննարկվում է Երեւան համայնքի պատվերով կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու համապատասխանությունը ստանդարտներին: Թեեւ նյութերում «Հետքը» չի հիշատակել կառուցապատողի անունը, ինչպես նշում է «Շինֆորումը»՝ «հոդվածները չեն պարունակում անմիջական հղում հայցվորին», սակայն պատճառաբանելով, որ «ճանապարհի կառուցման նախապատրաստման եւ բուն կառուցման փուլում բազմիցս հրապարակվել է եւ մինչ օրս էլ հայտնի է կառուցող ընկերության անվանումը», հայցվորը հաստատված է համարում «Հետքի» կողմից իր գործարար համբավը արատավորելու նպատակը:
«Շինֆորումը» մասնավորապես արատավորող է համարել հիշատակված նյութերում առկա հետեւյալ արտահայտությունները.
- Հիրավի, ոչ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում ճանապարհային շինարարությունը կատարվում է «ատկատներով» ու պետական գումարների գրպանումներով:
- Այնուամենայնիվ, բազմաթիվ տեղեր չափումներ անելով՝ չկարողացանք գտնել գեթ մի հատված, որտեղ աջ գոտու լայնությունը լիներ 3,4 մետրից ավելի, իսկ ձախ գոտունը՝ 3,15 մետրից: Իսկ տեղ-տեղ գոտիների լայնությունը կամ, ավելի ճիշտ, բարակությունը հասնում էր 2,8 մետրի…
- Հանրագումարի բերելով չափումները՝ նշենք, որ խճուղու մի քանի հատվածում (արագաչափ սարքի մոտ, հանգույց-կամուրջի տակ և այլ) կատարված փողոցի լայնության չափումների միջինը 14 մետրի փոխարեն կազմում էր մոտ 12,5-12,8 մետր:
- Օրեր առաջ մենք հանդես էինք եկել հրապարակմամբ, որում ասվում էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված Ծիծեռնակաբերդի խճուղու լայնությունը չի համապատասխանում ստանդարտներին:
- Իսկ խնդրո առարկա փողոցի վրա փաստացի ասֆալտի լայնությունը միջինում 13.9-14.0 է, ինչի արդյունքում գծերի միջին լայնությունը ստանդարտում ամրագրված 3.5 մետրի փոխարեն 3.3 է` որոշ տեղերում նվազելով միջև 2.8 մետր:
- Այսպիսով, կրկին հստակեցնում ենք, որ շուրջ 12.5-13 մետր է ոչ թե ամբողջ ասֆալտապատ մակերեսի լայնությունը, այլ դրա` երթևեկության գոտիների զբաղեցրած մակերեսի գումարային լայնությունը (14 մետրի փոխարեն):
Նշենք, որ հայցվոր «Շինֆորում» ՍՊԸ-ն նյութերի հրապարակումից հետո չի դիմել «Հետքի» խմբագրությանը՝ պատասխանի իրավունքով, այլ նախընտրել է գործարար համբավի պաշտպանության դատական կարգը:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն երկշաբաթյա ժամկետում պետք է հայցի պատասխան ուղարկի դատարան: Հայցը դատավոր Սամվել Թադեւոսյանի վարույթում է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել