ՋՕԸ-ներին տրամադրվեցին էքսկավատոր-ամբարձիչներ
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում» ենթածրագրի շրջանակում այսօր Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) եւ Ջուր մատակարարող գործակալություններին (ՋՄԳ) տրամադրվեցին էքսկավատոր-ամբարձիչներ:
Տեխնիկայի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՋՕԸ-երի եւ ՋՄԳ-ների ներկայացուցիչներ:
JCB 3CX տեսակի 19 էքսկավատոր-ամբարձիչները հանձնվեցին 16 ՋՕԸ-երի եւ 3 ՋՄԳ-երի: Վերջիններիս կողմից ստորագրվեցին նվիրաբերության պայմանագրեր: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ տեխնիկա կտրամադրվի 35 ՋՕԸ-ի: Առաջիկայում կստացվի տեխնիկայի երկրորդ խմբաքանակը: Էքսկավատոր-ամբարձիչները կծառայեն ոռոգման եւ դրենաժային համակարգերի շահագործմանն ու պահպանմանը:
«ՀՄՀ -Հայաստան»-ի «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում» ենթածրագրով, բացի ՋՕԸ-երի տեխնիկական վերազինումից, իրականացվել է ՋՕԸ-երի եւ ՋՄԳ-ների կառավարման բարելավման պլանների մշակում, համակարգչային մի շարք ծրագրերի (ինչպիսիք են Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի եւ հաշվապահական ծրագրերը) ներդրում, ոռոգման ոլորտի բարեփոխումներին ուղղված փաստաթղթերի մշակում եւ այլն:
Փոխվարչապետը ոռոգման համակարգի զարգացման համար նշանակալից համարեց «ՀՄՀ -Հայաստան»-ի կողմից իրականացվող թե ենթակառուցվածքների վերականգնման եւ թե ՋՕԸ-երի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը: Նա ընդգծեց, որ դրանց իրականացումը հնարավորություն է տվել համակարգը նոր մակարդակի հասցնել, ընդ որում` ֆիզիկական վիճակի բարելավումից, տեխնիկայով վերազինումից բացի, տրամադրվել է խորհրդատվական աջակցություն, մշակվել են ռազմավարական փաստաթղթեր, որոնք ուղղված են համակարգի հետագա զարգացման ապահովմանը:
Նա հույս հայտնեց, որ տեխնիկապես հզորացումը նաեւ հնարավորություն կստեղծի ՋՕԸ-երի համար առավել արդյունավետ իրականացնելու իրենց առջեւ դրված խնդիրները:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել