HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հեռու լրացուցիչ բանակցություններից ու անպայման հաղթելու պարտավորությունից

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման փետրվար ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգի հետ 1-1 խաղալուց հետո չնայած իր հաշվեկշռին ավելացրել է 5 միավոր (հունվարին թիմն ուներ 457 միավոր, ներկայում՝ 462), այնուամենայնիվ, նահանջել է 5 տեղով՝ 75-րդից տեղափովելով 80-րդ հորիզոնական:

Համաշխարհային ցուցակը շարունակում են գլխավոր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները: Չեն տեղաշարժվել նաեւ 2-րդ ու 3-րդ տեղերում գտնվող Գերմանիան եւ Արգենտինան: Անգլիան 4-րդն է, աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրցակից իտալացիները նահանջել են մեկ տեղով եւ հիմա 5-րդն են, 6-րդ հորիզոնականը կիսում են Պորտուգալիան եւ Կոլումբիան, Հոլանդիան 8-րդն է, Հորվաթիան՝ 9-րդը, իսկ Ռուսաստանը՝ 10-րդը:

Մեր մրցակիցներից մեկ տեղով առաջադիմել են դանիացիները: Նրանք հիմա աշխարհում 22-րդն են: Չեխերի առաջխաղացումը ավելի մեծ է՝ 29-ից 26: 2 տեղով առաջ են գնացել նաեւ բուլղարները, որոնք հիմա 48-րդն են: 3 տեղով նահանջել է Մալթան, որն այժմ 149-րդ տեղում է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը ռուսներն են, որոնք եզրափակում են առաջին 10-յակը: Երկրորդ արդյունքը ուկրաինացիներինն է (46), ուզբեկները 57-րդն են, բելառուսները՝ 65-րդը, իսկ վրացիները՝ 69-րդը: Մյուսները զիջում են Հայաստանին:

Մեր հարեւաններից ամենաբարձր հորիզոնականում թուրքերն են (41), ապա՝ իրանցիները (58): Ադրբեջանը տարածաշրջանում ամենաթույլ թիմն ունի (118):   

Հաջորդ ցուցակը կհրապարակվի մարտի 14-ին: Կոնկերտ մեր ընտրանու համար այդ ցուցակում, ըստ էության, շոշափելի տեղաշարժեր չեն լինի, քանի որ այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնելու որեւէ պաշտոնական հանդիպում: Գալիք խաղը կայանալու է մարտի 26-ին Երեւանում չեխերի դեմ:

Ինչպես արդեն հայտնի է, ազգային թիմը այդ հանդիպումից առաջ միջազգային ընկերական խաղ չի անցկացնելու: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այն, որ ՀՖՖ-ն պատասխանատու խաղից առաջ որոշել է նման հանդիպում չանցկացնել: Նախապատվությունը տրվել է երիտասարդական հավաքականի հետ խաղ անցկացնելուն: Մարզչական շտաբի ու ՀՖՖ-ի այս որոշումն իրականում, սակայն, տեղավորվում է տրամաբանության մեջ: Չեխիայի հետ խաղից 5 օր առաջ, այսպես թե այնպես պետք է ընտրվեր միջին կամ ցածր կարգ ունեցող թիմ, որի հետ հանդիպման ժամանակ մի կողմից հնարավոր կլիներ փորձարկել մարտի 19-ին սկսվելիք հավաքին հրավիրվող ֆուտբոլիստներին, պաշտոնական խաղի համար ընտրել լավագույն մեկնարկային կազմ ու խաղային մարտավարություն, մյուս կողմից՝ այդ հանդիպումը չպիտի ամբողջությամբ խլեր ֆուտբոլիստների ուժերը պատասխանատու մրցավեճից առաջ, տղաները պիտի հասցնեին լիովին վերականգվել մինչեւ ամսի 26-ը: Կասկած չկա, որ չի անտեսվել նաեւ հնարավոր վնասվածքների հարցը միջազգային խաղի պարագայում, չնայած չի բացառվում, որ հենց ուղղակի սովորական մարզման կամ երկկողմանի խաղի ժամանակ նման բան տեղի ունենա:

Այդուհանդերձ, նկատելի է, որ մարզչական շտաբը պարզապես լավագույն տարբերակ է համարել երիտասարդ կազմի հետ փորձամրցումը՝ հեռու լրացուցիչ բանակցություններից ու գուցե նաեւ անպայման հաղթելու պարտավորությունից, ինչը անշուշտ կլիներ, եթե ազգային հավաքականը Թուրքմենստանի փոխարեն նման մեկ այլ թիմի հյուրընկալեր մարտի 21-ին: Երիտասարդականն էլ լավ առիթ կունենա ավելի փորձառուների հետ ուժերը չափելու, չնայած դեռ շատ ժամանակ կա մինչեւ նրանց առաջին պաշտոնական հանդիպումը Եվրոպայի առաջնության շրջանակներում:

Վերջիվերջո կարեւորն այն չէ, թե ում հետ ընկերական խաղ կանցկացնի ազգայինը մարտի 26-ից առաջ: Էականը հենց մարտի 26-ին կայանալիք խաղում հաղթանակի հասնելն է, հակառակ պարագայում խմբից դուրս գալու նպատակին հասնելու հարցում թիմը կկանգնի մեծ խնդիրների առաջ: 

Լուս.՝ footballcity.am 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter