HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ առաջնորդի կերպարը

Արամ Ստեփանյան

Բոլոր ժամանակներում հայերիս համար արդիական է եղել առաջնորդ ընտրելու խնդիրը, քանի որ մենք հավատում ենք, որ նրանից շատ բան է կախված: Եթե մարդիկ լավ կամ վատ են ապրում, ապա դա կապում են առաջնորդի գործի հետ: Եթե երկիրը պատրաստ է թշնամուն դիմակայելու կամ պատրաստ չէ դրան, դարձյալ նրա անունն է հոլովվում: Եթե արդարություն կա երկրում, ուրեմն ինքն է դրան հետևում: 

Հայ առաջնորդի կերպարը վերլուծելիս ես կուզենայի, որ մենք մեր ժամանակվա առաջնորդներին համեմատեինք Դավիթ Բեկի հետ:

Նա թողեց օտար, բայց ապահով և խոստումնալից ապագան Վրաստանում՝ վերադառնալով մշուշոտ ապագա ունեցող, կյանքի և ընտանիքի համար վտանգավոր միջավայր իր հայրենիքում: 

Այսօրվա առաջնորդները նախնտրում են ապագան չկապել դժվարության մեջ գտնվող հայրենիքի հետ, նրանք օտար բարեկեցիկ երկրում տուն ու տեղ են ստեղծում հետագայում հանգիստ կյանք վայելելու համար:

Դավիթ Բեկը զոհաբերեց ընտանիք, երեխաներ, թոռներ ունենալու, իր տոհմը հիմնելու հնարավորությունը, ընտրեց իր տաղանդը և ժամանակը հայրենիքին նվիրելու ճանապարհը: 

Այսօր իշխանությունը իր հայրենիքում պետական գանձարանից գողանալով՝ նյութական բարիքներ է ստեղծում իր ընտանիքի համար: Իշխանավորները պաշտոնը թողնելուց հետո հայրենիքին թողնում են նոր պարտքեր և աղքատություն:

Ուրիշին ծառայելու փոխարեն Դավիթ Բեկը որոշեց ծառայել իր ազգին: Առաջինի դեպքում ծառայությունը վարձատրվելու էր կյանքի հարմարավետ պայմաններով, երկրորդ դեպքում նրան կարող էին սպանել ցանկացած վայրում եւ հնարավոր է՝ գերեզման էլ չունենար:   

Այսօր իշխանավորը ապրում է լավ պայմաններում, նրա կյանքը և բիզնեսը պաշտպանվում է օրենքով և պետական մարմինների օգնությամբ: Իր երեխային կրթության է տալիս օտար երկրում՝ հետագայում այնտեղ աշխատանք գտնելու համար:

Դավիթ Բեկն իրեն ծառայելու փոխարեն ընտրեց իր ժողովրդին ծառայելու ուղին: Կարող էին չգնահատել, կարող էին մոռանալ, վերջապես կարող էր ձախողել, քանի որ ռիսկը շատ մեծ էր:  

Այսօր առաջնորդների համար սեփական կյանքը վտանգելը և ռիսկի դիմելը հայրենիքի համար մոդայիկ չեն: Առաջինը մտածում են միայն իրենց մասին:

Արդյունքը

Փառքի չձգտեց, բայց այնպիսի փառքի արժանացավ, որ արձանը դրեցին Կապանի կենտրոնում, անունն էլ գրեցին պատմության դասագրքերում: Մեր ժամանակվա հարուստները որքա՜ն կվճարեին այսպիսի փառքի հասնելու համար: Քանի դեռ հայ ժողովուրդը կա, նույնիսկ հազար տարի էլ անցնի, Դավիթ Բեկի մասին հայ երեխաները սովորելու են: Այսօր բացառիկ պատիվ է համարվում Դավիթ Բեկի հետ որևէ ազգակցական կապ ունենալը:

Ունեցվածքի չձգտեց եւ սկզբում, երբ վերադարձավ հայրենիք, և երբ արդեն գրեթե միապետ էր: Երբեք խոշոր կալվածատեր չդարձավ: Նպատակ չունենալով իր ձեռքում կենտրոնացնել տնտեսական իշխանությունը՝ դարձավ երկրում դրամի շրջանառության և արդարության վերահսկողը: Նա դրամ էր կտրում իր կերպարով, որի մյուս երեսին էլ պարսից Թահմազ շահն էր: Թահմազ շահը ճանաչում էր Դավիթ Բեկի իշխանությունը և Դավիթ Բեկի կողմից կտրված դրամը ճանաչում էր նաև Պարսկաստանը, քանի որ պարսից շահի պատկերն էր վրան: Այսքանից հետո կարիք չկա մեկնաբանել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Պարսկաստանի և Սյունիքի միջև, պարզապես հիշենք, թե որտեղ էր Սյունիքը մինչև Դավիթ Բեկի գալը, կամ ինչ վիճակում էր Հայաստանի մնացած մասն այդ ժամանակ:

Իրեն խոնարհեցրեց իր ժողովրդին ծառայելու համար և օգնելու, որ պահեն հավատքը (հայի քրիստոնյա մնալու հավերժ պայքարը): Մեր և օտար աղբյուրներում Դավիթ Բեկի պարտությունների մասին ընդամենը մի քանի դրվագ է նշված, որոնք չեն կարող համեմատվել նույն հակառակորդի նկատմամբ բազմաթիվ հաղթանակների հետ:

Երբ նոր եկավ Հայաստան, սկզբում կռվեց պարսիկների դեմ և հաստատեց իր իշխանությունը, հետո հաշտվեց պարսիկների հետ, վերցրեց նրանցից փող և զինվորներ ու կռվեց ու հաղթեց թուրքերին: Վաստակեց միջազգային ճանաչում և հարգանք բոլոր հարևանների կողմից. այն ժամանակվա քարտեզներում Սյունիքը նշված էր որպես առանձին միավոր այլ պետությունների կողքին: Այսպիսի հաջողությունը միջազգային ասպարեզում, այն էլ այդքան վատ ելակետային պայմաններ ունեցող երկրի (նույնիսկ ոչ թե երկրի, այլ նրա մի մարզի) համար և այդքան կարճ ժամանակում, դիվանագետների և առաջնորդների համար պրակտիկ ուղեցույց կարող է դառնալ: 

Նա հետևում էր Տիրոջ սահմանած արժեքներին, իսկ մարդկային աշխարհիկ արժեքները (փառքը և հարստությունը)` անտեսում, դրա համար բարձրացավ: Այսպիսի զորավարներ էլի ենք ունեցել, օրինակ՝ Վահան Մամիկոնյանը: Նրանք պատմության մեջ մտան իրենց զարմանալի և անհավատալի հաջողությունների շնորհիվ: Եվ Դավիթ Բեկի, և Վահան Մամիկոնյանի դեպքում հայերը կռվում էին թվով իրենց ուժերը տասնյակ և նույնիսկ հարյուրավոր անգամ գերազանցող բանակի (Հալիձորի, Ակոռիի ճակատամարտերը և այլն ) դեմ և էլի հաղթում: Նրանք հաջողում էին և դիվանագիտության մեջ, և ռազմի դաշտում: Սա հիշեցնում է աստվածաշնչյան առաջնորդներին Թագավորաց գրքից:  

Դավիթ Բեկը հավատքի պատերազմ էր վարում: Օրինակ՝ նա հավատափոխ եղած մելիքներից մեկին 12 օր անընդմեջ աղոթել տվեց եկեղեցում: Իսկ այսօր հավատքի պայքար չկա, հավատքը դարձել է սոսկ մշակույթի մի մաս: Հավատքի համար պայքար տանող էլ չկա, բայց հարստության համար՝ ինչքան ուզես, եւ դա արվում է մնայուն արժեքներ ոտնահարելով: 

Վահան Մամիկոնյանը բազմիցս ներեց հավատափոխ եղած Գդիհո իշխանին ու ապաշխարության կանչեց նրան՝ նրա դեմ կռվելով միայն այն ժամանակ, երբ լուրջ վտանգ էր սպառնում հայ զինվորներին: Օգտակար է հիշել Վահանի արտահայտությունը, որը բացահայտում է նրա կերպարը և հաջողությունների գաղտնիքը: Երբ ազնվականները ասացին, որ նա անմիտ քայլ էր գործում փոքրաթիվ գնդով մեծ բանակի դեմ կռվելով, վերջինս պատասխանեց. «Աստված մի արասցե, որ ես մարդու վրա հույս դնեմ, կամ մի բանով պարծենամ, բացի մեր տեր Քրիստոսի խաչից»  (ճիշտ սրա հակառակն այսօր ենք լսում, մոտավորապես այսպես. «Հույսդ դիր քեզ վրա և քո հզոր հովանավորների, հպարտ եղիր, Աստված հեռու է և քեզանով զբաղվելու ժամանակ էլ չունի»):

Իսկ պարսիկների մասին Ղազար Փարպեցին ասում է. «Շապուհի զորագնդերը չէին համարձակվում նայել նրանց (hայերին), որովհետև Աստված այնպես էր ձգել Վահան Մամիկոնյանի ահն ու սարսափը պարսից զորքի վրա, որ կարծում էին, թե սոսկ նայելով Մամիկոնյանին և նրա ընկերներին՝ անվնաս չեն ազատվի»: Դուք կասեք՝ դե Փարպեցին մերոնց գլուխն էր գովում, մի քիչ էլ հնարում: Իսկ ես կասեմ, որ կարդաք Աստվածաշնչի Թագավորաց գիրքը և կտեսնեք, որ այս պատմությունը մեկից մեկ համապատասխանում է աստվածաշնչյան թագավորների պատմությանը, որտեղ Տիրոջ խոսքը միանգամայն զգուշացնում է, որ առաջնորդի և նրա գործի ապագան կախված են առաջնորդի հավատարմությունից իր նկատմամբ: 

Վերջում պարզապես հիշեցնեմ, որ պարսիկները, ճար չունենալով, ճանաչեցին Վահանի իշխանությունը Հայաստանում՝ մերոնց կողմից դրված պայմաններով: Հաստատվեց խաղաղություն, մայրաքաղաք Դվինը սկսեց արագ զարգանալ, սկսեցին զարգանալ նաև մշակույթը և կրթությունը: Եթե շարունակեինք հավատարիմ մնալ Աստծուն, որտե՞ղ կլինեինք:

Վերադառնանք մեր ժամանակներին: Մեծահարուստների տունը, մեքենան, թիկնազորը, կերած-խմածը պետք է հասարակության մեջ նրանց դիրքը շեշտելու առարկա դառնան: Բայց նրանց փառք տվող են դառնում միայն իրենց ընկերները, գործընկերները և ծառաները, քանի որ իրենք հոգ են տանում միայն դրանց մասին՝ աշխատանք և ապահավություն ստեղծելով նեղ շրջապատի համար: Սակայն երբ Տիրոջը հարցնում են, թե ինչպես հասնել փառքի, նա պատասխանում է. «Ձեզանից ամենամեծը թող ամենախոնարհը լինի»: 

Դավիթ Բեկն իր կյանքի լավագույն տարիները, երբ պետք է վայելեր կյանքը և աշխատանքի պտուղները, խոնարհաբար ծառայեցրեց իր ժողովրդին ու հայրենիքին (այսօր մեր ղեկավարներից շատերը քրտնաջան աշխատում են Հայաստանում, որ հետո որտե՞ղ անցկացնեն հանգիստը և վայելեն հանգիստ կյանքը): Արդյունքում Դավիթ Բեկն արժանացավ այնպիսի փառքի իր ժողովրդի կողմից, որի մասին արդեն նշեցինք (այսօր մեր ղեկավարների հետևից ի՞նչ ենք լսում): Եվ դա չի փոխվում ժամանակի, իշխանությունների, մարդկանց և կուսակցությունների փոխվելու հետ: Դա արտահայտում է ամբողջ ժողովրդի դիրքորոշումը բոլոր ժամանակներում արժանի առաջնորդի նկատմամբ, որն էլ պայմանավորված էր ղեկավարի դիրքորոշմամբ ժողովրդի նկատմամբ: Համաձայնեք, որ մեր ժամանակի առաջնորդները փառքի ձգտելու համար սխալ ճանապարհով են գնում:  

Մենք արժանի ենք նրան, ինչ ունենք: Այսօր շատերը քննադատում են իշխանավորներին՝ ասելով, թե վերջիններս ագահ, փառամոլ և իշխանատենչ են, իրենք իրենց ավելի շատ են սիրում, իրենք իրենց են ավելի շատ ծառայում, քան ժողովրդին: Բայց եկեք նայենք ինքներս մեզ:

Մեզանից քանի՞սը կցանկանար իշխանության գալ փողի, ընտանիքի համար հարմարավետ կյանք ստեղծելու և փառքի համար: Երևի 10-ից 8-ը: 10-ից 8-ը քրիստոնեավայել չի ապրում, բա ինչո՞ւ պետք է Տերը օրհնի մեր երկիրը: Երբ մենք շատ փող ենք ունենում, ինչպե՞ս ենք վարվում:

Նայեք ձեր շուրջը և փորձեք գտնել համեստ ու խոնարհ հարուստներ, այդպիսիք գրեթե չկան: Եթե մենք պաշտում ենք փառքը, փողը և իշխանությունը, մենք դրանց ենք ծառայում և դրանք են մեզ իշխում, դրանք են մեր աստվածը (թեև առաջին պատվիրանն ասում է. «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս»):

Ուրեմն, այսօրվա իշխանություններից պահանջելու ոչինչ չունենք, նրանք մեր հավատամքի զավակներն են, որոնց ստացել ենք Աստծո որոշումով, ոչ թե ընտրությունների արդյունքում: Ինքը թույլ չի տա, որ այս վիճակը փոխվի, մինչև ինքներս չփոխվենք: Երբ փոխվեցինք, իր օրհնությամբ կունենանք աստվածավախ, քաջ, խելացի, օրհնված ղեկավար, օրհնված և բարգավաճ երկիր: Կարդացեք Աստվածաշնչի Թագավորաց գիրքը և կտեսնեք օրինակները:

Մի կողմից՝ աստվածավախ, մյուս կողմից` կռապաշտ հասարակություն: Առաջինի դեպքում` օրհնություն,  բարեկեցություն, միայն հաղթանակներ նույնիսկ բազմակի անգամ գերազանցող թշնամիների նկատմամբ, երջանիկ կյանք: Երկրորդ դեպքում` անեծք, աղքատություն, պարտություններ, գերեվարություն, ավերակներ: 

Վերջում կուզենայի Ղազար Փարպեցուց մի հատված մեջբերել Բյուզանդիային բաժին հասած Հայաստանի վերջին հայ թագավոր Արշակ III-ի մտորումների մասին. «Իսկ այժմ մեր և մեր պապերի երկայնամիտ ու քաղցր Աստծուն բարկացնելու պատճառով մատնվեցինք ստրկության, և անարգության հասած՝ անխնա բաժանվեցինք, այլև տեսանք, որ մեր հանգստության և բնակության գեղեցիկ երկիրը պարսից անաստված ու գոռոզ ազգն է ժառանգել»: Նորից նման է Աստվածաշնչյան մարգարեների խոսքերին Աստծուն մոռացած և դրա պատճառով բազմաթիվ փորձությունների մեջ ընկած և մի քանի անգամ ստրկության մատնված ընտրյալ ժողովրդի մասին:

Լուսանկարը՝ gharaxanyan.blogspot.com-ից

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ,Կապանի կենտրոնում գտնվող Դավիթ-Բեկի այս արձանը Հայաստանի ամենալավ ու ամենակուռ արձանն է: Աշխարհի ոչ մի քաղաքում ես չեմ տեսել մի արձան,որն ունենա այսքան էներգիա ու հույզ իր մեջ: Մի խոսքով՝ գլուխգործոց: Պատահական չէ,որ արձանը բացել է Վիլյամ Սարոյանը,որը հատուկ սրա համար ԱՄՆ-ից հասել էր Կապան: 1970-ականների վերջն էր. ես փոքր տղա էի.մորս հետ կանգնած էի Սարոյանին շատ մոտ: Մեծ սպիտակ շորը քաշեց ,արձանը բացվեց ու բոլորը (նաև ինքը) ուրախությամբ ծափահարեցին: Այդ պահին Սարոյանը նաև իմ մազերը շոյեց. ծանր ձեռք ուներ: Երևի դրանից է,որ ես էլ գրել սկսեցի ))):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ վերաբերում է Հայ առաջնորդի կերպարին. ընդհանուր համաձայն եմ: Միայն ՀԵՐԻՔ ինչքան լավ/հայ առաջնորդ լինելը կապեցիք այսպես կոչված «քրիստոնեական արժեքների» հետ: ՀԵՐԻՔ ինչքան ոչ-քրստոնյա Հայերին (այդ թվում ես) պիտակավորեցիք «կռապաշտ» ու «վատ»: Դավիթ-Բեկը ( ինչպես նաև Նժդեհը) եղել է հեթանոս.նրանք օգտագործել են ՎԱՀԱԳՆԻ ՍՈՒՐԸ,այլ ոչ մշուշոտ, հրեական, «աստվածաշնչային» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ: Հայը կռվել է ԻՐ ԱԶԳԻ համար,այլ ոչ (ՕՏԱՐ) հավատքի համար: Եվ վերջապես, ՇԱՏ կարևոր է վերջապես ԱԶՆԻՎ պատասխան տալ հետևյալ հարցին . որտե՞ղ էր այդ «տերը» Դեր-Զորի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter